Լրահոս

Սերժ Սարգսյանը սկսեց. Սամվել Կարապետյանի որոշումը

 

arm147818567762

lragir.am — Սերժ Սարգսյանը փաստացի կայացրեց քաղաքական որոշում, որով իրեն անմիջականորեն մերձ մարդկանց` մանկության ընկերոջ ու եղբոր հետ կապվող նորաստեղ, բայց գերշահութաբեր բիզնեսները փաստացի «ազգայնացրեց», դրանց շահույթը ուղղելով պետական եւ համայնքային բյուջե: Սարգսյանը նախօրեին տվեց այդպիսի հանձնարարություն: Խոսքը վերաբերում է արագաչափերի, տեսախցիկների եւ կարմիր գծերի` վճարովի ավտոկայանատեղիների խնդրին:
Այլ կերպ ասած, Սերժ Սարգսյանը փաստորեն «սկսեց իրենից»: Մյուս կողմից էլ «իրենից սկսեց» վարչապետ Կարեն Կարապետյանը, որի հայտնի հայտարարությունից հետո` գազի գնի նվազման վերաբերյալ, նրա «հարազատ» Գազպրոմ Արմենիան ՀԾԿ ներկայացրեց գազի գնի նվազման հայտ:
«Իրենից սկսելու» գործոնը Հայաստանի իշխող համակարգի պայմաններում ունի առանցքային նշանակություն, «հավատամքի» նշանակություն: Իրենից սկսելու մասին էր հայտարարում նաեւ Հովիկ Աբրահամյանը, բայց այդ հայտարարությունը չվերածվեց գործնական քայլի, ինչը բերեց նրա հանդեպ համակարգի թերահավատության: Ի դեպ, այդ թերահավատության մասին ափսոսանքով ակնարկում էր Աբրահամյանն իր հրաժեշտի ելույթում, թեեւ խնդիրը ոչ թե նրան չհավատացած համակարգն էր, այլ այն, որ Աբրահամյանը հայտարարել, սակայն չէր արել «հավատամքի» ակտը` գործնականում չէր սկսել իրենից:
Դժվար է ասել, արդյոք դա կախված էր նաեւ նրանից, որ Աբրահամյանին անհրաժեշտ օժանդակություն չէր ցուցաբերել Սերժ Սարգսյանը, այսինքն Սարգսյանն էլ իրենից չէր սկսել, որ Աբրահամյանը շարունակեր: Համենայն դեպս, Կարեն Կարապետյանի դեպքում նկատելի է նրա եւ Սերժ Սարգսյանի ներդաշնակությունը «իրենից սկսելու» հարցում: Դա իհարկե փաստարկ է համակարգի դեմ, գուցե ոչ վճռորոշ կամ լիարժեք, բայց փաստարկ: Իսկ այդ փաստարկը կարեւոր է, քանի որ Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում հաջողելու շանս չունի, եթե չի գնում համակարգային սահմանափակումների, ընդ որում խորքային սահմանափակումների: Եվ դրան գնալու համար, ու այդ հարցում էլ նրան աջակցելու համար Կարապետյանին ու Սերժ Սարգսյանին պետք է իրենցից սկսելու գործնական փաստարկը:
Այդ հարցում կա բավական կոնկրետ մի հանգամանք, կապված Հայաստանի համակարգի համար առանցքային ֆիգուրի հետ, որի անունը հատկապես շոշափվում էր Կարեն Կարապետյանի նշանակման համատեքստում: Խոսքը Կարապետյանի բիզնես գործընկեր եւ մտերիմ համարվող Սամվել Կարապետյանի մասին է, ըստ Ֆորբսի` ներկայում ամենահարուստ հայի:
Հայաստանի ներիշխանական համակարգային վերադասավորումների եւ փոփոխությունների հանդեպ ռուսաստանահայ միլիարդատիրոջ վերաբերմունքը անկասկած ունենալու է առանցքային նշանակություն, թե Կարեն Կարապետյանի կառավարության գործունեության արդյունավետության զուտ ռեսուրսային հենքի առումով, թե այդ կառավարության հանդեպ իշխող օլիգարխիկ համակարգի վերաբերմունքի, քանի որ այդ համակարգի համար Սամվել Կարապետյանն իսկապես ազդեցիկ եւ հեղինակավոր ֆիգուր է, մի շարք գործոնների շնորհիվ:
Այս իմաստով, տեղի ունեցող գործընթացներում Սամվել Կարապետյանը եղբոր՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի միջոցով հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ: Նա հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե պատրաստվում է Հայաստանում առաջիկայում կատարել հարյուրավոր միլիոն դոլարների ներդրում, միաժամանակ հայտարարելով, թե այդ տեղեկությունների նպատակը արհեստական սպասումներ առաջացնելն է:
Դա իսկապես աննախադեպ արձագանք էր, որը վկայում էր իշխանական համակարգում տեղի ունեցող էական գործընթացների մասին: Բացառված չէ, որ Կարեն Կարապետյանին նշանակելով վարչապետի պաշտոնին, Սերժ Սարգսյանը հույս է ունեցել, որ Սամվել Կարապետյանի հետ նրա մտերմության գործոնը թույլ կտա ակնկալել նրա աջակցությունը խոշոր ներդրումների տեսքով, ինչն էլ կբարելավի Հայաստանի տնտեսական վիճակը, տալով նաեւ քաղաքական վիճակի բարելավման էֆեկտ:
Կարապետյանը սակայն երեւի թե կուլ չի տվել այդ խայծը: Դժվար է ասել, մերժել է այն միարժե՞ք, թե պայմանով, որ կտանի ձեռքը գրպանը հանուն Կարեն Կարապետյանին աջակցելու, բայց այն դեպքում, երբ առաջինը ձեռքը իր գրպանը տանի Սերժ Սարգսյանն ու «սկսի իրենից»:
Թե՞ հույսը կտրելով Կարեն Կարապետյանից, Սերժ Սարգսյանն այլ ելք չուներ, քան սկսել մանկության ընկերոջից ու եղբորից, այլապես ժամանակից շուտ կարող է տապալվել Կարեն Կարապետյանի վարչապետությունը:
Համենայն դեպս, ստեղծված իրավիճակում ուշագրավ է, թե այժմ ինչ որոշում կկայացնի Սամվել Կարապետյանը, որի դիրքորոշումն անկասկած շարունակում է առանցքային մնալ ներիշխանական վերադասավորումների եւ փոփոխությունների համատեքստում, դրանց հավանական վեկտորի իմաստով: Նրա վրա կազդի՞ Սերժ Սարգսյանի քայլը, թե՞ Կարապետյանն այն չի համարի բավարար եւ համոզիչ:
Ի դեպ, հատկանշական է մեկ այլ ուշագրավ հանգամանք: Կարեն Կարապետյանը սեպտեմբերի 22-ին եղել է Կիսելյովի Երեւանում բացված Գրիբոյեդով ակումբի հյուրը, որի մասին ակումբի տնօրեն Օլգա Տրետյակովան տեղեկությունը հրապարակել էր հոկտեմբերի 31-ին:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am