good-banner
Լրահոս

Սերժ Սարգսյանը սկսում է ԱԱԾ-ից

 

arm147032312818

lragir.am — Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է արել ԱԱԾ պետի առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանին, նրա փոխարեն նշանակելով Կարապետ Դավթյանին: Թե ինչն է պաշտոնանկության պատճառը, չի նշվում, բայց խնդիրն ըստ ամենայնի Երեւանում հուլիսի 17-ին տեղի ունեցածն է, երբ Սասնա ծռեր ջոկատի մի քանի տասնյակ անդամ լուսադեմին գրավեց Երեւանի ՊՊԾ գունդը:
Արդյո՞ք կա կոնկրետ պաշտոնյայի պատասխանատվությունը այդ հարցում, այսինքն, Հրանտ Եպիսկոպոսյանը կոնկրետ պատասխանատու՞ է եղել այդ գրոհի մասին նախապես իրազեկ լինելու համար ու թերացե՞լ այդ գործում: Այն, որ նրա փոփոխությամբ հստակ արձանագրվում է ԱԱԾ պատասխանատվությունը, աներկբա է:
Միաժամանակ, հասկանալի է, թե ինչու՞ է պատասխանատվությունը կրում առաջին տեղակալը, եւ ոչ թե ԱԱԾ պետը: ԱԱԾ պետը նշանակվել է 2016 թվականի փետրվարի 12-ին: Դա անակնկալ նշանակում էր: Այդ կարեւոր պաշտոնին նշանակվեց խոշոր հաշվով երիտասարդ ու անփորձ Գեորգի Կուտոյանը, ով մինչ այդ Սերժ Սարգսյանի օգնականն էր: Կուտոյանը չուներ ԱԱԾ համակարգում աշխատանքի փորձ: Միաժամանակ, նա խոշոր հաշվով Հայաստանի իշխող համակարգում «չվարկաբեկված» ֆիգուր էր: Աներկբա էր, որ Կուտոյանի նշանակումը կատարվում է անձնական վստահության բաղադրիչի գերակայությամբ:
Միեւնույն ժամանակ, ԱԱԾ-ն այն համակարգն է, որտեղ թիմն առավել քան կարեւոր է: Հստակ է, որ նորանշանակ, համակարգի հետ առնչություն չունեցած Կուտոյանը ունենալու էր թիմի խնդիր: Եվ այդ իմաստով, նրա պաշտոնավարման առաջին ամիսներին առավել պատասխանատվություն ընկնելու էր նրա տեղակալների եւ վարչությունների պետերի վրա:
Այդ առումով, ԱԱԾ-ում ուշագրավ փոփոխությունները սկսվել են թերեւս մինչ հուլիսի 17-ը: Դրանից ընդամենը մի քանի շաբաթ առաջ Սերժ Սարգսյանը փոխեց ԱԱԾ գլխավոր հետախուզական վարչության ղեկավարին: Կապվա՞ծ էր արդյոք դա ինչ-ինչ տագնապների հետ, դժվար է ասել: Միաժամանակ դժվար է ասել՝ հետախուզության վարչության պետի փոփոխությունն ուշացա՞ծ էր ՊՊԾ գնդի վրա հնարավոր գրոհի մասին իրազեկվածության բացը լրացնելու համար, թե՞ այդ փոփոխությունը կատարեց հակառակ դեր:
Այդուհանդերձ, հուլիսի 31-ի հանգուցալուծումից հետո ԱԱԾ-ում փաստորեն կատարվում է ավելի ծավալուն եւ բարձրաստիճան փոփոխություն: Առաջին տեղակալը փաստացի երկրորդ պաշտոնյան է պետից հետո եւ այդ իմաստով կատարվող փոփոխությունը հույժ էական է: Միաժամանակ, հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանը թոշակի է ուղարկել նաեւ ԱԱԾ քննչական վարչության պետին, որը մամուլին հայտնի էր դարձել Նոր Մարաշի զինված խմբի գործի քննությամբ:
Այդպիսով, վերջին մեկ-երկու ամիսների ընթացքում փաստորեն կատարվում է ԱԱԾ համակարգի երեք առանցքային պաշտոնյայի փոփոխություն, իսկ դրանց միջեւ տեղի է ունենում հուլիսի 17-ը, որի հանգուցալուծման առաջին գծում փաստացի հենց ԱԱԾ համակարգն էր:
Այդ տեսանկյունից, չի բացառվում, որ փոփոխությունների գործընթացը իր առանձին դրվագների առանձին շարժառիթներով կամ առիթներով, պատճառներով հանդերձ, ընդհանուր առմամբ ենթադրում է նաեւ ԱԱԾ ղեկավար թիմի փոփոխություն, ինչը թերեւս պետք է տրամաբանական լիներ նոր եւ համակարգի համար «օտար» պետի նշանակումից հետո: Այդօրինակ ֆիգուրի նշանակումը պետք է ենթադրեր նաեւ նրա թիմի ձեւավորում, ժամանակի ընթացքում: Հուլիսի 17-ի միջադեպը գուցե արագացրեց այդ ձեւավորումը, նպաստելով նաեւ անհրաժեշտ փոփոխությունների առավել դիպուկ թիրախավորմանը:
Այդպիսով, ԱԱԾ-ում Սերժ Սարգսյանը փաստացի ձեւավորում է Գեորգի Կուտոյանի նոր թիմը: Հնարավո՞ր է ասել, որ նոր առաջին տեղակալի, քննչական վարչության նոր պետի, գլխավոր հետախուզության նոր պետի տեսքով արդեն ձեւավորված է Կուտոյանի թիմի հիմնական կորիզը: Միարժեք գնահատելն իհարկե բարդ է, բայց այն է, որ ԱԱԾ-ն գործնականում ենթարկվում է հիմնովին վերափոխման, նկատելի է անզեն աչքով:
Ի՞նչ արդյունք է ակնկալում դրանից Սերժ Սարգսյանը: Այլեւս զինված որեւէ միջադեպի բացառու՞մ, թե խնդիրն ավելի լայն է, եւ Սարգսյանը ԱԱԾ փաստացի նոր համակարգի ձեւավորմամբ փորձելու է էական քայլերի գնալ իշխանական համակարգի վերաձեւավորման հարցում, խորհրդարանի ընտրությանն ընդառաջ, նկատի ունենալով այն, որ Հայաստանի իշխող համակարգը ներկայումս մի շարք պատճառներով աչքի է ընկնում ներքին կոնֆլիկտների լայն եւ բազմազան ցանցով: Ի դեպ, այդ առումով ուշագրավ է, որ Սերժ Սարգսյանը դեռեւս փետրվարի 12-ի իր հայտնի ելույթում ուրվագծելով իշխանության վերադասավորման իր պատկերացումը, դրանից ժամեր առաջ ԱԱԾ պետին նշանակելիս այդ կառույցի առաջ դրել էր կոռուպցիայի դեմ պայքարը առավել աշխուժացնելու խնդիր:
Օգոստոսի 1-ին, փաստացի վերաշարադրելով իր պատկերացումները նոր իշխանության մասին, Սերժ Սարգսյանը առաջ քաշեց ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու գաղափարը: Ըստ ամենայնի, այդ գործընթացում Սերժ Սարգսյանը հենարան է տեսնում ԱԱԾ-ն:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am