Լրահոս

Սերժ Սարգսյանը շփոթել է հեռուստաալիքը

 

Բրյուսել կատարած այցի ընթացքում Եվրանյուզ հեռուստաալիքին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է, թե Հայաստանն իր օրինակով ցույց է տալիս, որ հնարավոր է ԵՄ ու ԵՏՄ գործակցություն: Սերժ Սարգսյանի համար օրինակն ըստ երեւույթին այն է, որ լինելով ԵՏՄ անդամ, Հայաստանը պատրաստվում է ստորագրել ԵՄ հետ գործակցության շրջանակային համաձայնագիր: Ըստ Սերժ Սարգսյանի, այն քաղաքական մասով գրեթե նույնն է, ինչ Ասոցացման համաձայնագրի դեպքում, որը սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը «պատռեց» Սերժ Սարգսյանը:Ինչ վերաբերում է տնտեսական մասին, ապա Սերժ Սարգսյանը նշում է, թե պետք է արվեր այնպես, որ չխախտվեր Հայաստանի ԵՏՄ պարտավորությունը:Հատկանշական է, որ տնտեսական մասի ծավալի վերաբերյալ Սարգսյանը չի ասում համեմատական ոչինչ: Պարզ է, թե ինչու: Որովհետեւ տնտեսական մասը, ըստ փորձագետների, Ասոցացման համաձայնագրի բովանդակությունից պակաս է մոտ 80 տոկոսով:Պատճառն էլ շատ պարզ է՝ Հայաստանը ԵՏՄ անդամ է, այսինքն այլ մաքսային միության անդամ, եւ այստեղ խնդիրը միայն այդ միության առաջ Հայաստանի պարտավորությունը չէ:Խնդիրն այն է, որ այսպես կոչված «եւ-եւ»-ը փաստաթղթի տնտեսական բաղադրիչի առումով անիրականանալի է, եւ Սերժ Սարգսյանին Եվրամիությունն այդ մասին չափազանց պարզ ու հստակ բացատրել է դեռեւս 2013 թվականին:Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ հենց սկզբից, երբ բանակցում էին, Հայաստանը խոսում էր եւ-եւ-ի մասին, այսինքն թե Ասոցացման համաձայնագիր, թե ԵՏՄ անդամակցություն:Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին շփոթել է հեռուստաալիքները եւ համարել, որ հարցազրույց է տալիս հայկական որեւէ հեռուստաալիքի, ոչ թե Եվրանյուզին, եւ լսարանն էլ լինելու է հայկական-հանրապետական, ոչ թե եվրոպական: Կամ, Սարգսյանի հույսն այն է, որ Եվրանյուզին իր հարցազրույցը եվրոպական լսարան չի ունենալու:Բանն այն է, որ Եվրամիությունը չափազանց պարզ է բացատրել այդ «եւ-եւ»-ի անհնարինությունը, այն պարզ պատճառով, որ չի կարող պետությունը գտնվել մի մաքսային միությունում, բայց Ասոցացման գործընթաց իրականացնել Եվրամիության հետ: Պատճառն այստեղ ամենեւին այն չէ, որ Եվրամիությունը Հայաստանից պահանջում էր ընտրել կամ իրեն, կամ Ռուսաստանը, ինչպես Հայաստանի հանրությանը փորձում է ներկայացնել Երեւանը 2013-ի սեպտեմբերի 3-ից սկսած:Պատճառը շատ պարզ է, որ եթե Հայաստանը հանդիսանում է մի որեւէ միասնական տնտեսական, մաքսային տարածության անդամ՝ լինի դա եվրասիական, թե աֆրիկյան տարածություն ու մաքսային միություն, ապա Ասոցացման համաձայնագիրն ինքնաբերաբար սկսում է առնչվել ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ հենց այդ ամբողջ տնտեսական եւ մաքսային միասնական տարածությանը:

Այսինքն, այդ դեպքում, Հայաստանի միջոցով Եվրամիությանը փաստացի ասոցացվելու էին թե Բելառուսը, թե Ռուսաստանը, թե Ղազախստանը, թե Կիրգիզիան, որովհետեւ նրանք Հայաստանի հետ կազմում են միասնական տնտեսական տարածություն:Իսկ Եվրամիությունը ուզում էր Ասոցացվել Հայաստանի, ոչ թե ասենք Ղազախստանի կամ Ռուսաստանի հետ, ուզում էր Ասոցացման տնտեսական հնարավորություններն ընձեռել Հայաստանին, ոչ թե Ղազախստանին կամ Կիրգիզիային: Ահա այդ պարզ պատճառով Սերժ Սարգսյանին ասվում էր, որ ԵՏՄ անդամ դառնալու դեպքում իրավիճակը դառնում է կամ-կամ:Ընդ որում, այն, որ կամ-կամ-ը Եվրամիության շատ կոնկրետ իրավիճակի վերաբերյալ կոնկրետ դիրքորոշումն էր, վկայեց ԵՄ արձագանքը, երբ Հայաստանը ստորագրեց ԱՊՀ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը: Եվրամիությունը դրան արձագանքեց միանգամայն հանգիստ, հայտարարելով, որ դա որեւէ հակասության մեջ չէ Ասոցացման գործընթացի հետ: Բրյուսելը շատ հստակ էր եւ կոնկրետ՝ հակասություն կառաջանա, եթե Հայաստանը անդամակցի որեւէ մաքսային միության:Ըստ այդմ, Սերժ Սարգսյանը եվրոպական հեղինակավոր հեռուստաալիքի եթերում փաստացի զբաղված է տեղեկատվա-քարոզչական մանիպուլյացիայով, այդ թվում նաեւ ԵՏՄ-ԵՄ գործակցության հնարավոր լինելու մասին հայտարարությամբ, որովհետեւ այդ հնարավորությունը չունի որեւէ կոնկրետ, արդյունավետ օրինակ:Ինչ խոսք, կասկածից վեր է, որ Եվրասիական միության, մասնավորապես Ռուսաստանի համար Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կարող է դիտվել Եվրամիության հետ ԵՏՄ որոշակի շփում հաստատելու թեկուզ անուղղակի մեխանիզմ, այդպիսով փորձելով քայլ առաջ կատարել ԵՏՄ միջազգային լեգիտիմություն ապահովելու խնդրում: Հատկապես որ ԵՏՄ տնտեսական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կարծես թե որպես առաջնահերթ հանձնարարական ստացել է հենց դա՝ ապահովել լեգիտիմություն միջազգային կառույցներում, հատկապես եվրատլանտյան ուղղության վրա:Բայց դա որեւէ աղերս չունի ԵՄ-ԵՏՄ գործակցության հետ, առավել եւս գործակցության վկայության, քանի որ վկայություն կարող են համարվել շատ կոնկրետ գործընթացները, նախագծերը, նախաձեռնությունները: Այն դեպքում, երբ կոնկրետությունը մեղմ ասած խնդիր է հենց ԵՏՄ ներքին շրջանակում, որտեղ ավելի շատ են անդամների միջեւ հակասությունները, քան ներդաշնակ տնտեսական կյանքը:Հայաստանը ստեղծված իրավիճակում չունի անելիք, քան կամրջային տրամաբանությամբ հայտնի դրույթների կրկնությունը, թե կարող է ԵՏՄ-ն կապել Եվրոպայի հետ, Իրանի հետ, «ալամ աշխարհի» հետ: ԵՏՄ-ում Հայաստանի խոշոր հաշվով «անկապ» դրությունը գործնականում այլ անելիք չի էլ թողնում, քան անվերջ խոսել այդ կապերի մասին: Ի վերջո, ԵՏՄ-ն կապել է Հայաստանի ձեռքն ու ոտքը, բայց ոչ լեզուն:

Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing