Սերժ Սարգսյանը ստիպված կլինի՞ մեղադրել Քոչարյանին

1

Հայաստանում մոտենում է օրը, երբ Հանրապետական կուսակցությունը ստիպված է լինելու հայտնել վարչապետի թեկնածուի անունը: Փորձագետները հակված են կարծիքին, որ այդ թեկնածուն լինելու է նախագահական ժամկետն ապրիլին ավարտող Սերժ Սարգսյանը:2014 թվականի ապրիլին սահմանադրական փոփոխությունների մեկնարկն ազդարարող հանձնաժողովի նիստին Սերժ Սարգսյանը հատկանշական հայտարարություն է արել: Նա ասել է, որ սահմանադրական փոփոխությունների հաջողության դեպքում չի հավակնելու նախագահի ու վարչապետի պաշտոնին:«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար:

Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին», — ասել է Սարգսյանը:Հիմա վերլուծաբանները փորձում են կռահել, թե ինչ սոուսով է մատուցվելու Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում, եթե իրոք այդպիսի մտադրություն կա: Փորձագետները, ճիշտ է, չեն բացառում նաեւ այն, որ Սերժ Սարգսյանը կպահի խոստումը, եւ ՀՀԿ-ն լրիվ այլ մարդու կառաջադրի, օրինակ՝ նույն Վիգեն Սարգսյանին: Անգամ վարկած կա, որ Կարեն Կարապետյանին առաջարկվելու է շարունակել գլխավորել կառավարությունը:Ամեն  դեպքում, շատերը հակված են կարծիքին, որ Սերժ Սարգսյանը «կհնազանդվի» ՀՀԿ որոշմանը եւ վարչապետ կդառնա՝ դրժելով իր խոսքը:

Ինչպե՞ս է արդարացվելու այդ դրժումը: Այն ժամանակ այնպիսի պայմաններ առաջ քաշվե՞լ էին, որոնց դեպքում Սերժ Սարգսյանը չէր առաջադրվի որպես նախագահ կամ վարչապետի թեկնածու:Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այդ հայտարարությունն անելիս ասել էր նաեւ. «Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»: Դա գնահատվել էր որպես երկու նախկին նախագահներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու Ռոբերտ Քոչարյանին «համատեղ հեռանալու» առաջարկ: Այդ եզրակացությունն օրինաչափ էր, որովհետեւ այդ ժամանակ Հայաստանում միայն երկու մարդ կար, որոնք «երկու անգամից ավելի հավակնում էին իշխանության ղեկին մնալու»:ՀՀԿ-ն կարո՞ղ է հայտարարել, որ եթե Տեր-Պետրոսյանն ու Քոչարյանը չեն ընդունել Սերժ Սարգսյանի առաջարկը եւ շարունակել են հավակնել իշխանության, ապա Սարգսյանը պարտավոր չէ հետեւել իր հայտարարությանը:

2014 թվականից հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը մասնակցել է խորհրդարանական ընտրություններին եւ չնայած չի հաղթահարել նվազագույն շեմը, սակայն կարողացել է հանրային դիսկուրս մտցնել Ղարաբաղում կոմպրոմիսների արատավոր թեման:Ինչ վերաբերում է Քոչարյանին, նա ուղիղ չի հավակնել իշխանության, սակայն նրան հավատարիմ համարվող ուժերը 2 տարի կոշտ քաղաքական պայքար էին մղում Հայաստանում:

Բանը հասավ նրան, որ 2015 թվականի փետրվարին Սերժ Սարգսյանը «քաղաքականությունից հեռացրեց» Գագիկ Ծառուկյանին: Հետո Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն վերադառնալով բազմիցս խոստովանեց, որ բանը գնում էր արյունահեղության:Ընդ որում, այս գործընթացներին ներգրավված էր նաեւ Տեր-Պետրոսյանի քաղաքական ուժը:2016 թվականի հուլիսին Երեւանում տեղի ունեցավ Սասնա ծռերի զինված ընդվզումը, եւ նրանց աջակցած ուժերից մեկը Քոչարյանի զինակից Վարդան Օսկանյանի կուսակցությունն էր: Օսկանյանի կուսակցությունը նույնպես չկարողացավ 2017 թվականին խորհրդարան մտնել:

ՀՀԿ-ն Քոչարյանին կհիշեցնի՞ «արյունահեղության» ու Սասնա ծռերի մասին եւ կհայտարարի՞, որ այս ու մյուս գործողությունները Սերժ Սարգսյանի վրայից հանում են չառաջադրվելու պարտավորությունը: Դրա հե՞տ է կապված ՀՀԿ համաձայնությունը Ելքի հետ միասին մարտի 1-ի իրադարձությունների մասին հայտարարություն ընդունելու վերաբերյալ: Սամվել Նիկոյանի հայտարարությունը Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտության մասին պատահակա՞ն էր:Ամեն դեպքում, Սարգսյանն ու նրա թիմը պետք է շատ ծանրակշիռ պատճառներ գտնեն, որ հետ կանգնեն վարչապետ չառաջադրվելու մասին 2014 թվականին տված խոստումից:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache