Լրահոս

Սերժ Սարգսյանը սուրը կախել է յուրայինների գլխին

 

arm148639120091

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ի պատասխան լրագրողների հարցին, թե ՀՀԿ-ն չունի՞ վախ ռեյտինգային քվեարկության համակարգից, որի պարագայում ՀՀԿ տարբեր օդիոզ դեմքեր նույն ընտրատարածքում մրցակցելու են միմյանց հետ, ասել է, թե քաղաքականության մեջ մտնելիս պետք է մի կողմ դնել վախը:
Վախի պարագան Հայաստանի քաղաքականության, հատկապես իշխանության պարագայում իհարկե հարաբերական է: Մի կողմից՝ իշխանությունը թվում է անվախ, մյուս կողմից` նրա գործողությունները հենց վախով էլ թելադրվում են՝ կորցնելու վախով: Հակառակ պարագայում ՀՀԿ-ականների մի հսկա մասը չէր լինի քաղաքականության մեջ եւ կվայելեր իր գույքի եւ եկամուտների հայտարարագրում ներառվածը: Բայց հենց դա կորցնելու վախն էլ ստիպում է լինել այսպես ասած քաղաքականության մեջ եւ «անվախ» գնալ պետության ու հանրության շահի դեմ:
Բայց ռեյտինգային համակարգից իշխանությունն ամենայն հավանականությամբ իսկապես վախ չունի: Ի վերջո, այդ համակարգը հենց իշխանությունն էլ ներդրել է, հետեւաբար հազիվ թե դիմեր մի կանոնի, որից վախենում է: Ավելին, վախն ըստ երեւույթին ուղեկցելու է նրանց, ովքեր կմասնակցեն այդ համակարգով ընտրությանը, կառաջադրվեն ՀՀԿ անունից:
Բանն այն է, որ ռեյտինգային համակարգը ՀՀԿ քրեա-օլիգարխիկ շրջանակների «զսպաշապիկն» է, նրանց գլխին կախված դամոկլեսյան սուրը, որ պահել է Սերժ Սարգսյանը:
Առաջին հայացքից թվում է, որ տարբեր օդիոզ կերպարներ, որ հանդես են գալիս մեկ ուժի անունից, առաջադրվելու են միմյանց դեմ, մրցակցելու, պայքարելու են միմյանց դեմ: Ռեյտինգային համակարգի տրամաբանությունը հուշում է հենց դա, առավել եւս, որ արդյունքից է կախված լինելու տվյալ անձի տեղը ցուցակում եւ հետեւաբար նաեւ խորհրդարանում հայտնվելը:
Բայց, Հայաստանի իշխող համակարգն ունի իր առանձնահատկություններն ու իրողությունները: Դրանցից մեկն այն է, որ համակարգում վաղուց շատ հստակ հայտնի է, թե այս կամ այն անձը, օդիոզ այս կամ այն կերպարը ինչպիսի «ընտրական» ռեսուրս ունի եւ որքան է նրա տնօրինած ձայների թիվը, սահմանը: Օրինակ, շատ հստակ գիտեն, որ իքս հեղինակությունը տնօրինում է մինչեւ 10 հազար պայմանական ձայն: Հստակ գիտեն նաեւ այդ ձայների աշխարհագրությունը: Ավելին, զարմանալի թող չթվա, բայց կարող են գիտենալ նույնիսկ բոլորին անուն առ անուն, գիտենալ, թե օրինակ Էջմիածին քաղաքի իքս փողոցի որ տներում են ձայնը տալու Մանվել Գրիգորյանին, իսկ որում՝ Սեյրան Սարոյանին: Գուցե գիտեն նույնիսկ ընտանիքներում ձայների բաշխվածությունը:
Սա իհարկե իշխանության ամենակարողության, ամենուր առկա աչքի ու ականջի «դավադրության տեսությունը» չէ, այլ ընդամենը իշխող համակարգի հետեւողական, մանրազնին աշխատանքը: Իհարկե, այդ աշխատանքն իրականացվում է իշխանության լծակները չարաշահելով, բայց դա արդեն այլ՝ ոչ պակաս հայտնի, բայց այլ պատմություն է: Փաստն այն է, որ անցնող ընտրական գործընթացները իշխանական համակարգի, բուրգի գագաթի համար ոչ թե պատմություն են կամ հուշ, այլ ամեն հաջորդ ընտրության համար հույժ կարեւոր «դիդակտիկ» նյութ, որի վրա կառուցվում է վերարտադրության ամեն մի հաջորդ գործընթաց:
2017 թվականի ընտրությանը իշխանությունն ունի անհրաժեշտ ծավալի ձայն ապահովելու մի շարք բարդություններ՝ թե տեխնիկական, թե տնտեսական, թե քաղաքական: Միաժամանակ, այդ ամենին զուգահեռ, Սերժ Սարգսյանի եւ ընդհանրապես իշխանության համար կա մի խնդիր՝ նախագահի ժամկետի սպառման խնդիրը: Թեեւ Սերժ Սարգսյանը Սահմանադրության փոփոխությամբ գործնականում վերացրել է հաջորդ նախագահի խնդիրը, էապես նվազեցրել համակարգի համար դրա կարեւորությունը, այդուհանդերձ այն, որ մեկ տարի անց Հայաստանում չի լինելու նախագահի իշխանությունը, համակարգում առաջ է բերում հոգեբանական նոր իրավիճակ, որն էլ գումարվելով ռեսուրսային սղության թելադրած բարդ հարաբերություններին ու վախերին, առաջ է բերում անկայունության մեծ ռիսկ:
Ռիսկը առավել մեծանում է՝ ելնելով այն հանգամանքից, որ ՀՀԿ տարբեր օդիոզ դեմքեր առաջնորդվում են ոչ թե ինտելեկտով, մտավոր ելակետերով, այլ բնազդներով: Իսկ դրանց վրա խաղալու հնարավորությունը բավական մեծ է, եւ ամենափոքրի նրբերանգն անգամ կարող է առաջացնել կտրուկ փոփոխություն եւ անակնկալ, մեկ գիշերում տեղի ունեցող իշխանափոխությունների տեսքով, քանի որ Սերժ Սարգսյանը մեկ տարի անց այլեւս նախագահ չէ:
Ու քանի որ Սերժ Սարգսյանը մեկ տարի անց այլեւս նախագահ չէ, իսկ թե ինչ է՝ դեռեւս պարզ չէ անգամ նրա համար, նա գործնականում ինքնապահովագրվում է, նաեւ իշխանությունը հնարավոր ցնցումային եւ սաբոտաժային ռիսկերից ապահովագրում է ռեյտինգային համակարգով: Ու քանի որ իշխանությունը նախորդ ընտրությունների ամփոփագրերից ներկայում գրեթե մաթեմատիկական ճշգրտությամբ գիտե, թե իր այս կամ այն օդիոզ դեմքը որքան ձայն է տնօրինում՝ ինչ սահմանով, ռեյտինգային համակարգով փաստորեն վերահսկելու է այդ ռեսուրսը, «աներեւույթ կարգավորիչ» ձեռքով կառավարելու է այն:
Իսկ ՀՀԿ այն օդիոզ կերպարը, որը կապահովի ավելի քիչ ձայն, քան կա գրված նրա անվան դիմաց նախորդ ընտրությունների «վարկային պատմությունից», ստիպված կլինի պատասխանել, թե ինչու՞ չի ապահովել ընտրական «մինիմումը», ուր կամ ում են գնացել այդ ձայները: Ի վերջո, Սերժ Սարգսյանը դեռ մեկ տարի լինելու է նախագահ, տնօրինելով այն լծակները, որոնք պատասխան կպահանջեն «ռեյտինգային» ցուցանիշների համար:
Ռեյտինգային ընտրակարգում գործելու է ըստ ամենայնի հենց այդ տրամաբանությունը, եւ ՀՀԿ տարբեր օդիոզ դեմքեր առաջադրվելով նույն ընտրատարածքում, ոչ թե միմյանցից են ձայն փախցնելու, այլ նախապես մշակված եւ իրազեկված խաղի կանոնի համաձայն ընդամենը պատասխանատու են լինելու իրենց տնօրինած ձայների համար, որպեսզի չլինի ձայների «արտահոսք»:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing