Լրահոս

Սերժ Սարգսյանը տանուլ է տալիս. «Սադրանքը» բացահայտեց ՀՀԿ խուճապը

 

Խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկումը փաստացի վերածվեց ՀՀԿ-ԵԼՔ հեռակա կամ անուղղակի երկխոսության: Ծրագրի քննարկում, որպես այդպիսին՝ բովանդակային առումով, գործնականում չկա: ԵԼՔ դաշինքը կենտրոնացավ 2018 թվականի վարչապետի խնդրի վրա, թե Կարեն Կարապետյանին ուղղված հարցերի, թե դաշինքի առաջնորդների ելույթների մասով: 2018 թվականի խնդիրը առնվազն հանրային հարթակում Կարեն Կարապետյանի «թույլ տեղն» է, եւ ԵԼՔ-ը հասկանալիորեն փորձեց որսալ այն եւ դրանով գնալ առաջ:
Միաժամանակ, ԵԼՔ-ն այդպիսով բացահայտեց իր թույլ տեղը՝ իշխանության հետ բովանդակային բանավեճի մեջ մտնելու անկարողությունը, կամ ընդհանրապես իշխանական օրակարգից դուրս օրակարգ կամ մթնոլորտ ձեւավորելու անկարողությունը, կամ գուցե անպատրաստակամությունը:
Համենայն դեպս, կառավարության ծրագրի քննարկմանը ԵԼՔ դաշինքը տուրք տվեց ներիշխանական ինտրիգին: Թե ինչ է շահում դրանից դաշինքը, այդքան էլ պարզ չէ: Փոխարենը պարզ է դրանից ունեցած Սերժ Սարգսյանի կամ այսպես ասած իշխանության «հին ոգու» շահը: Դա ակներեւ դարձավ նաեւ ՀՀԿ-ականների արձագանքի բովանդակությունից, որից տպավորություն ստացվեց, որ ԵԼՔ-ը հարցեր էր բարձրացնում, որպեսզի ՀՀԿ-ականները շարունակեն դրանք իրենց պատասխանով:
Այդ պատասխանների գերակշռող մասի առանցքում այն էր, որ կարեւոր չէ, թե ով է լինելու վարչապետ 2018 կամ 2040 թվականին, քանի որ առաջնորդը միեւնույն է լինելու է Սերժ Սարգսյանը:
Ի՞նչ հարց ունի ԵԼՔ-ն այս կապակցությամբ, դեռեւս պարզ չէ: Բայց, ՀՀԿ-ԵԼՔ անուղղակի կամ հեռակա երկխոսությունը ՀՀԿ համար առնվազն ստացվեց: Ոքանո՞վ, դեռեւս պարզ չէ, որովհետեւ չի բացառվում նաեւ, որ ԵԼՔ-ը իր հարցերով, «երկխոսության» հնարամիտ «սադրանքով» բացահայտեց Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ խուճապը:
Բանն այն է, որ ՀՀԿ պնդումները, թե ով էլ լինի վարչապետ՝ առաջնորդը լինելու է Սերժ Սարգսյանը, որքան խոսում են Կարեն Կարապետյանի այսպես ասած «լուսանցքում» մնալու մասին, նույնքան էլ, իսկ գուցե ավելի, հուշում են Սերժ Սարգսյանի «լուսանցքային» վիճակի մասին:
Սարգսյանի մոտ չի ստացվում ըստ իր ծրագրի լուծել 2018 թվականի վարչապետի հարցը, եւ այդ իսկ պատճառով ՀՀԿ-ին իջեցված է 2018-ի վերաբերյալ հարցի պատասխանի տարածվող տարբերակը՝ կապ չունի, թե ով է լինելու վարչապետ, քանի որ առաջնորդը եւ մեծամասնությունը լինելու են Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն: Այդ պնդումները եզակի չեն, դրանք շարունակվող են, տարածվող, ինչը թողնում է տպավորություն, որ վարչապետի նշանակման հարցում Սարգսյանը տանուլ է տալիս, եւ մնում է փոխհատուցել այդ հանգամանքը նրանով, որ միեւնույն է մեծամասնությունն է իր ձեռքին եւ լինելու է մինչեւ 2040 թվականը:
Բայց դա ավելի շատ հոգեբանական փոխհատուցման տարբերակ է, որովհետեւ եթե Սերժ Սարգսյանը չկարողացավ հասնել կամ իր վարչապետությանը, կամ հենց իր թեկնածու վարչապետի նշանակմանը,- իսկ Կարեն Կարապետյանը նրա թեկնածուն էր 2016-ին եւ 2017-ին, բայց 2018-ի նրա թեկնածուն չէ,- ապա չի կարող պահել թե մեծամասնությունը, թե առաջնորդությունը ոչ միայն մինչեւ 2040, այլ նույնիսկ մինչեւ 2022:
Իշխանության մեջ վարչապետի, կամ որեւէ այլ ազդեցիկ կարգավիճակով մնալը Սերժ Սարգսյանի համար սկզբունքային խնդիր է, քանի որ միայն ՀՀԿ նախագահի պաշտոնում իշխանության վրա ազդեցությունը երկար պահելը չի ստացվի: Կամ դրա համար նա 2018-ին պետք է ձեւավորի ամբողջությամբ դրածոների կառավարություն, բայց որի դեպքում անգամ հեռակա ազդեցությունը կրելու է ժամանակավոր բնույթ, քանի որ դրածոները, զգալով իշխանության համը՝ սկսելու են դե յուրե իշխանությունից դե ֆակտո դառնալու գործընթացը:
Ավելին, Սերժ Սարգսյանի համար այդ տարբերակը կարող է լինել նույնիսկ ամենավտանգավորը: Ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ օձը տաքացնողին է կծում: Դրածոների դե յուրե իշխանությունը դե ֆակտո իշխանության է վերածվում միայն «արքայադավության» շնորհիվ: Հայաստանը վերջին քառորդ դարում անցել է այդ «պատմության այդ քառուղիով», եւ Սերժ Սարգսյանը եղել է դրա անմիջական մասնակից վկաներից:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing