Լրահոս

«Սերժ Սարգսյանը թող հետևի ձեր օրինակին». Գյումրեցի մտավորականները դուրս հանեցին Շիրակի մարզպետին

 

aravot.am – Մայրաքաղաքում կատարվող իրադարձությունները ոտքի են հանել նաև Գյումրիի մտահոգ քաղաքացիներին՝ ճանաչված դասախոսների, տնտեսագետների, փաստաբանների, դերասանների: Այսօր Թատերական հրապարակից նրանք ուղևորվեցին Շիրակի մարզպետարան՝ հանդիպելու Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանին ու նրա միջոցով ներկայացնելու իրենց պահանջները իշխանություններին: Շիրակի մարզպետը, լսելով, որ մտավորականները ուզում են հանդիպել իր հետ, իր անձնակազմի հետ միասին իջավ մարզպետարանի շենքի դիմաց:

Մինչ մարզպետի հետ հանդիպելը տնտեսագետ Կարեն Պետրոսյանը Շիրակի մարզպետարանի լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության պետին ասաց, որ իրենք երկու օր առաջ փոխանցել են 9 կետից բաղկացած իրենց պահանջները, սակայն կարծես դրանք տեղ չեն հասել: Հիշեցնենք, որ գյումրեցի ակտիվիստները կոչ էին արել իշխանություններին փնտրել արյունահեղությունը բացառող ելք, պահանջել էին անհապաղ ազատ արձակել ապօրինի բերման ենթարկված և ձերբակալված ՀՀ բոլոր քաղաքացիներին, դադարեցնել ՀՀ ոստիկանության ապօրինի գործողությունները և չչարաշահել «օրինական պահանջ», «հրավիրում ենք բաժին» և այլ նման արտահայտություններ, չխախտել օրենսդրության պահանջները:

ՀՀ քաղաքացիների նկատմամբ բռնի գործողություններ իրականացրած ոստիկաններին ենթարկել պատասխանատվության: «Ինչքան հասկացանք, մեր պահանջները նորմալ չեն ընկալվել, մանավանդ երեկվա զանգվածային ձերբակալությունները մեզ շատ անհանգստացնում են, ու անհանգստացնում է իշխանությունների տոտալ լռությունը, ուստի մենք եկել ենք պարոն մարզպետից տեղեկանալու՝ իշխանությունը ինչ դիրքորոշում ունի, որովհետև պաշտոնական հաղորդագրություն որևէ իշխանական կողմից՝ նախագահի, վարչապետի չի եղել, վարչապետը բրիֆինգային մոտեցում է ունեցել, հասկանանք մասսայական ձերբակալությունների պատճառները: Մենք այս ամենի շուրջ սպասում ենք պատասխաններ ստանալ, դրա համար ենք ուզում հանդիպել մարզպետին»:

Ակտիվիստները Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ զրույցում ասացին, որ իրենք դեմ են արյունահեղությանը, չեն ուզում, որ այս իրավիճակը հանգուցալուծվի ուժային ճանապարհով, հարցի լուծումը տեսնում են խաղաղ բանակցությամբ, քանի որ հայը հայի վրա կրակելու իրավունք չունի՝ առավել ևս որ երկու կողմերն էլ երկրի համար ծառայություն իրականացրած ու իրականացնող մարդիկ են: Շիրակի մարզպետն այսպես արձագանքեց. «Եթե մեկ հայ կա, որ պիտի ասի կողմ է արյունահեղությանը, ուրեմն հայ չէ: Բոլորիս ցանկություն է, որ ժամ առաջ ավարտվի այս ամբողջ պատմությունը, խաղաղ ճանապարհով այս խնդիրը կարգավորվի»:

Ակտիվիստներից մեկը՝ Գյումրու մանկավարժական ինստիտուտի դասախոս Արմեն Ներսիսյանն ասաց, որ իրենց պահանջները խախտելու դեպքում գյումրեցիները օրենքով սահմանված կարգով պատրաստ են քաղաքացիական անհանզանդությունների:

Տնտեսագետ Կարեն Պետրոսյանն էլ խնդրեց մարզպետին կենտրոնական իշխանություններից իմանալ, թե ի՞նչ դիրքորոշում ունեն երկրի ղեկավարները, ինչո՞ւ են լռում. ժողովուրդը տեղեկատվության կարիք ունի: «Ցանկացած երկրում, որ նման բան լինում է, երկրի առաջին դեմքը ժողովրդին ուղղված կոչով է հանդես գալիս, մենք ուզում ենք, որ ինքը կոչով հանդես գա, հիմա դուք եկաք այստեղ ձեր կոչով, մտածումներով հանդես եկաք, ձեր տեսակետներով կիսվեցիք, մենք շատ կուզենանք, որ ձեր օրինակին հետևի նաև երկրի ղեկավարը», -ասաց Կարեն Պետրոսյանը:

Շիրակի մարզպետը խոստացավ, որ նրանց պահանջները կփոխանցի երկրի կենտրոնական իշխանություններին: Ազգագրագետ Արտաշես Բոյաջյանն էլ շեշտեց, որ իրենց նպատակը ոչ թե կրակի վրա բենզին լցնելն է, այլ ջուր լցնելը: Մտավորականներն ու Շիրակի մարզպետը բաժանվեցին ձեռքսեղմումով: Մտավորականները մեկ անգամ շեշտեցին, որ հույս ունեն մարզպետը իր լուման կունենա երկրում խաղաղության հաստատմանը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing