Լրահոս

Սերժ Սարգսյանը ուղղակիորեն սպասարկում է Ադրբեջանի շահերը

 

սերժ սարգսյան

hayeli.am –  «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի հայտարարությունը

 

Վարչախումբն ընտրել է ամեն գնով իր իշխանությունը փրկելու ճանապարհը և, որպես իր անփառունակ կառավարման տրամաբանական ավարտ՝ մեզ տանում է դեպի ազգային աղետ:

Այս կործանարար հեռանկարն ակնհայտ դարձավ մայիսի 17-ին Սերժ Սարգսյանի տխրահռչակ հարցազրույցի ընթացքում: Նա հերքեց իր նախկին հայտարարությունները և ընդունեց տարածքային կորուստների իրական չափերը, որոնք համընկնում են օրեր առաջ կատարված հանրային բացահայտումներին:

Միևնույն ժամանակ՝ նա փորձեց իր մեկնաբանություններով քողարկել ռազմական տեսակետից ռազմավարական նշանակություն ունեցող՝ հյուսիսում Արցախի դարպասը բացող, իսկ հարավում՝ դեպի Մեղրի և Նախիջևան տանող ուղղություններով թշնամու առաջխաղացումը՝ ակամա բացահայտելով նաև իր արտաքին քաղաքականության մի շարք կարևոր «մտադրություններ»:

Զարգացնելով «Աղդամը մեր հայրենիքը չէ» անթույլատրելի թեզը, Սերժ Սարգսյանն առուծախի առարկա դարձրեց նաև նախկին ԼՂԻՄ – ի ամբողջ տարածքը՝ Մարտակերտի վարչական շրջանը հայտարարելով «բուֆերային» գոտի: Կարգավորման բանակցություններում նա այս «հիմքով» ըստ էության հրաժարվում է 1994 թվականի եռակողմ հրադադարի համաձայնագրով հաստատված դիրքերը վերականգնելու պահանջից և համաձայնում է այս անգամ արդեն առանց Արցախի մասնակցության նոր պայմաններով հրադադար հաստատելուն:

Մայիսի 17-ին Սերժ Սարգսյանը փաստացի պնդեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հստակ սահմաններ չունեցող տարածք է: Նման պնդումը ոչ միայն անարգում է ԼՂՀ սահմանադրությունը, այլև առհասարակ մերժում է ԼՂՀ -ի սուվերենության իրավունքը: Իսկ դա արդեն ոչ թե ԼՂՀ -ի անկախությունը չճանաչելու պարզ դրսևորում է, այլև շատ ավելի լուրջ հետևանքներ ունեցող հաստատում, ըստ որի ԼՂՀ -ն ընդամենը ճանաչվում է որպես անորոշ ձև ու բովանդակություն ունեցող և սուվերենության անարժան քաղաքական միավոր:

1994 թվականի զինադադարի համաձայնագրով հաստատված դիրքերը վերականգնելուց հրաժարվելով, Սերժ Սարգսյանը փաստորեն հրաժարվում է նաև Հայաստանի կողմից Արցախի բնակչության անվտանգության երաշխավորի պարտականություններից և ուղղակիորեն սպասարկում է Ադրբեջանի շահերը՝ թույլ տալով նրան խուսափելու Արցախի դեմ իրականացված ագրեսիայի համար միջազգային պատասխանատվությունից։

Փորձելով քողարկել արտաքին քաղաքականության բնագավառում և անվտանգության ապահովման ոլորտում առկա համակարգային տապալումը, Սերժ Սարգսյանը որդեգրել է ակնհայտ պարտվողական գործելաոճ և փաստացի օգնում է թշնամի պետության գործողություններին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության:

Սերժ Սարգսյանի այդ արարքը պետական դավաճանություն է, ուստի ենթադրում է նրա հրաժարականի և քրեական պատասխանատվության գործընթաց:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing