Սերժ Սարգսյանը վերացրեց վարչապետի պաշտոնը

0

Անվտանգության խորհրդի վերջին նիստերից մեկում Սերժ Սարգսյանը տվեց սահմանադրական փոփոխություններով պայմանավորված առանցքային օրինագծերի քննարկումների շարքը, որոնք պետք է ապահովեն նոր Սահմանադրությամբ նախատեսված կառավարման խորհրդարանական մոդելին անցումը:
Ազգային ժողով են ներկայացվել մի շարք օրինագծեր, մասնավորապես պաշտպանության ու անվտանգության ոլորտների վերաբերյալ:
Այս հանգամանքն էական է նրանով, որ դրանք ըստ էության «լրացնում» են նոր Սահմանադրությամբ Անվտանգության խորհրդի նոր դերն ու կարգավիճակը, որը ներկայիս խորհրդակցական մարմնից վերածվելու է որոշումներ կայացնող մարմնի՝ անվտանգության խնդիրներից բխող հարցերում:
Ընդ որում, անվտանգությունն այստեղ լայն հասկացություն է՝ ենթադրում է բոլոր ոլորտները եւ չի սահմանափակվում միայն պաշտպանության ու արտաքին քաղաքականության հարցերով: Օրինակ, Անվտանգության խորհրդի վերջին նիստում քննարկվել է տեղեկատվական անվտանգության ու կոռուպցիայի խնդիրը: Անվտանգության տիրույթում են լինելու նաեւ սոցիալ-տնտեսական, մշակութային եւ այլ ոլորտները:
Փաստացի, լայն լիազորություններով, ընդհուպ որոշումների կայացումը, Անվտանգության խորհուրդը դառնում է իշխանության բեւեռ: Սահմանադրական օրենքների փաթեթի ընդունումից արդեն պարզ կդառնան մի շարք հարցեր, մասնավորապես կապված այն հանգամանքի հետ, թե ինչ բնույթ ու հետեւանքներ են ունենալու այդ որոշումները, դրանք պարտադի՞ր են լինելու գործադիր իշխանության համար, թե ոչ:
Այստեղից էլ պարզ է դառնալու Անվտանգության խորհրդի նոր դերն ու գործառույթը, եւ հնարավոր է՝ այն դառնա իշխանության իրական թիվ մեկ մարմինը, առավել եւս, որ այդ խորհրդի անդամ են լինելու պետության բարձրագույն ու առանցքային պաշտոնյաները:
Նոր Սահմանադրությամբ երկրի առաջին դեմք է դառնում վարչապետը: Սակայն եթե Սահմանադրական օրենքները ենթարկվեն Անվտանգության խորհրդի իրավասությունների վերը նշված տրամաբանությանը, ապա առաջին դեմք վարչապետը կառավարման նոր մոդելի պայմաններում չի ունենալու ավելի լիազորություններ, քան ներկայում: Արդեն ԱԺ ներկայացված օրենքում բազմաթիվ առանցքային խնդիրներ ներկայիս նախագահի ինստիտուտից փոխանցվում են ԱԽ-ին:
Այս իրավիճակը հնարավոր է, նկատի առնելով հայկական իշխանական համակարգի բնույթը եւ ներիշխանական վերադասավորումների տրամաբանությունը: Փոխելով կառավարման կարգն ու ապակենտրոնացնելով իշխանությունը, Սերժ Սարգսյանն ըստ էության կառուցում է նոր իշխանական «ուղղահայաց», ի դեմս Անվտանգության խորհրդի, որն ունենալու է իրական իշխանություն առանց «գործադիր պատասխանատվության»:
Կասկած չկա, որ Սահմանադրական այդ օրենքները Ազգային ժողովը կընդունի: ՀՀԿ-ն տեւական ժամանակ հայտարարում է, որ ով էլ լինի վարչապետ՝ երկրի ղեկավար է լինելու Սերժ Սարգսյանը, ավելին՝ նա հռչակվել է համազգային լիդեր: Կասկած չկա, որ կողմ են քվեարկելու նաեւ ՀՅԴ-ն ու Ծառուկյան դաշինքը:
Սերժ Սարգսյանն ԱԽ-ի միջոցով լուծում է թե ապագա իրական առաջին դեմքի, թե վարչապետ չդառնալու գլխացավանքի հարցը:
Սերժ Սարգսյանը վերացրեց նախագահի ինստիտուտը, ներկայում էլ «վերացնում է» վարչապետի պաշտոնը որպես առաջին դեմք, այդպիսով վերադառնալով իր բնական վիճակին՝ գորշ կարդինալին, որից էլ սկսել էր իր քաղաքական վերելքը Հայաստանում: Այդպիսով, իրականացնելով ՀՀԿ-ի թեզը՝ ով էլ լինի վարչապետ՝ երկրի ղեկավարը լինելու է Սերժ Սարգսյանը:
Ո՞վ կզբաղեցնի անվտանգության խորհրդի ղեկավարի՝ երկրի փաստացի առաջին պոստը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache