Սերժ Սարգսյանը վճարել է. Ռոբերտ Քոչարյանը համաձայն չէ

164

lragir.am — Նախօրեին Ժողովուրդ օրաթերթը հրապարակել էր տեղեկություն, թե օգոստոսի սկզբին Արցախ այցելած Սերժ Սարգսյանն այնտեղ ունեցել է մի շարք հանդիպումներ եւ դրանց ընթացքում անկեղծացել, ասելով, թե այն պաշտոնյաները, որոնք հանցանք են գործել, պետք է պատասխան տան: Ըստ թերթի տեղեկության, Սարգսյանն այդ մասին ասել է նաեւ անգամ իր հարազատներին առնչվող գործերի կապակցությամբ, նշելով, թե ինքը տեղյակ չի եղել նրանց քայլերից:

Անշուշտ դժվար է պատկերացնել, որ Սերժ Սարգսյանը տեղյակ չէր կոռուպցիայի այն մասշտաբներից ու բնույթից, որ կա Հայաստանում եւ բացահայտվում է այժմ: Մյուս կողմից, իհարկե, ամենեւին էլ անհավանական չէ, որ զգալի մանրամասներից, զգալի դեպքերից նա կարող էր իրապես տեղյակ չլինել: Դա հնարավոր չէր լինի զուտ ֆիզիկապես, քանի որ Սարգսյանը պարտադրված էր զբաղվել նաեւ պետական նշանակության գործերով, այդ թվում արտաքին հարցերով:

Դա ամենեւին չի նշանակում, որ Սարգսյանն այդպիսով չունի համակարգի համար պատասխանատվություն: Բայց նաեւ դա էր իշխող նախորդ համակարգի առանձնահատկությունը՝ «ինստիտուցիոնալացված» կոռուպցիոն սխեմաներ, որոնք արդեն աշխատում էին իրենք իրենց, նաեւ իրենց վերահսկողական «մեխանիզմներով» հանդերձ:

Միեւնույն ժամանակ, այստեղ կա նաեւ մեկ այլ նրբերանգ, ինչի համար է նաեւ «ինստիտուցիոնալացվածության» գործոնը: Այն հանում է Առաջին դեմքի ուղղիղ պատասխանատվության եւ մասնակցության հարցը, թողնելով առավելապես «քաղաքական» պատասխանատվության խնդիրը: Ստացվում է յուրահատուկ իրավիճակ՝ մի կողմից բոլորը գիտեն, որ առանց Առաջին դեմքի չէր կարող լինել ոչինչ, բայց մյուս կողմից գործնականում անհնար է դառնում նրա ուղիղ ներգրավվածության, հովանավորության կամ թեկուզ իմացության հարցը լուծելը:

Սերժ Սարգսյանի մասին տեղեկատվությունը սակայն ունի նաեւ մեկ այլ ուշագրավ ասպեկտ: Երրորդ նախագահի գրասենյակը չի հերքել թերթում հայտնված ու Սարգսյանին վերագրվող «անկեղծացումը»: Իսկ որ Սարգսյանն այցելել էր Արցախ, գրասենյակը տեղեկացրել էր հենց այդ ժամանակ:

Սարգսյանի արցախյան «անկեղծության» մասին տեղեկությունը հրապարակվեց դրանից առաջ մեկ այլ թերթում այն տեղեկության հետ, թե Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի մոտ արդեն 4 ժամանոց հերթ է, իսկ Սարգսյանի ու Քոչարյանի միջեւ լարվածությունն էլ անցնում է, դրա ուղղությամբ էլ աշխատում է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

Բանն այն է, որ այդ տեղեկատվության ֆոնին Ռոբերտ Քոչարյանն ՆՏՎ-ի եթերում Սերժ Սարգսյանին էր մեղադրում թավշյա հեղափոխության պատճառ դառնալու համար: Սակայն մամուլում «լարվածության թուլացման» մասին հրապարակումից հետո Սերժ Սարգսյանի Արցախում «անկեղծանալու» մասին տեղեկությունը առավել հատկանշական է եւ թերեւս պատասխան էր դրան նախորդած հրապարակմանը:

Գործնականում, Ռոբերտ Քոչարյանի շուրջ զարգացումների ֆոնին Սերժ Սարգսյանի «անկեղծությունը» այլ բան չէ, քան Քոչարյանից տարածություն սահմանելու նախաձեռնություն, որն իր տողատակում նաեւ պարունակում է «զոհաբերության» համատեքստ:

Ընդ որում, Ռոբերտ Քոչարյանն իր այդ ներքին համոզումը չի էլ թաքցնում, ոչ միայն մեղադրելով Սերժ Սարգսյանին տեղի ունեցածի համար, այլ նաեւ հարց տալով, թե ինչի՞ համար են միայն իրեն մեղադրում: Առավել եւս, որ այդ ֆոնին հատկանշական հայտարարություն է անում ՀՔԾ պետը, ասելով, թե իրենք պարտավորված չեն հետեւել Սերժ Սարգսյանի տեղաշարժին:

Ընդհանուր առմամբ, այս իրավիճակը նաեւ բնական է, ներառյալ Ռոբերտ Քոչարյանի կասկածը: Միամիտ կլինի կարծել, թե Սերժ Սարգսյանն ապրիլի 23-ին հեռացել է առանց երաշխիքների եւ հետագա անվտանգության ու անձեռնմխելիության շուրջ պայմանավորվածության: Ի վերջո, դա միանգամայն բնականոն հանգամանք է այդօրինակ իրավիճակներում, որը թույլ է տալիս խուսափել ավելորդ ցնցումներից ու արյունից:

Այստեղ է նաեւ, որ առաջանում է Ռոբերտ Քոչարյանի անհանգստությունը, որովհետեւ նա դուրս է մնում երաշխիքներից, ինչում նրա կասկածը թերեւս համոզումի փոխվեց հուլիսի 26-ին մեղադրանքից եւ կալանքի վճռից հետո: Դրանից հետո Քոչարյանին չի մնում այլ բան, քան փորձել հնարավորինս նշանակալի դեր ստանձնել նոր իրավիճակում, այդ նորի «գինը» չվճարելու համար:

Ընդհանրապես, առանցքային հարցը թերեւս այստեղ է: Բանն այն է, որ ցանկացած հեղափոխական-ռեֆորմիստական անցում, հատկապես երբ կոռուպցիոն համատարած սխեմաներով կառավարվող պետականությունից պետք է անցում կատարվի օրինականության վրա հիմնված պետության, հիմնարար է դառնում այդ անցման համար վճարելու, գնի հարցը: Այդ գինը կամ պետք է մնա հանրության վրա, կամ նոր, կամ նախկին էլիտաների, եթե չկա իհարկե երրորդ հովանավոր: Հայաստանի դեպքում երրորդ հովանավոր կարծես թե չկա, մյուս կողմից նոր իշխանությունն ինքը չունի գինը վճարելու ռեսուրս, հանրության վրա թողնելն էլ կլինի բավական վտանգավոր, որովհետեւ հանրությունն էլ վճարելու ռեսուրս այլեւս չունի՝ քառորդ դարից ավելի վճարել է գոյություն ունեցած համակարգի համար:

Մնում է նախկին «էլիտան» եւ հարցը, թե ով պետք է վճարի գինը: Սերժ Սարգսյանը թերեւս համարում է, որ ինքն իրենն արդեն վճարել է՝ ապրիլի 23-ին, եւ լիուլի, անգամ հրաժարականի տեքստի ուշագրավ հաղորդագրությամբ: Ռոբերտ Քոչարյանը համաձայն չէ դրան:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache