Լրահոս

Սերժ Սարգսյանը խայտառակ պարտություն կրեց եւ հիմա ստուգում է «հազարանոցներին»

 

 

 

 

Lragir.am-ի զրուցակիցն է գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը
Պարոն Համբարյան, խորհրդարանական ընտրություններում առաջադրված կուսակցությունների ու դաշինքների թիվն այս անգամ մեծ է, ի՞նչ ընտրապայքար ենք տեսնում այսօր:
Ինչպես և սպասվում էր, բոլոր կուսակցություններն ու դաշինքներն այս օրերին ներկայացնում են իրենց ծրագրերը, փորձում են քիչ թե շատ հասարակությանը տեղյակ պահել, թե ինչ նպատակներ ունեն իշխանության հասնելու դեպքում: Ես չեմ կարող ասել, թե մեր ընտրողն ինչպես կքվեարկի, բայց որքանով ես նկատում եմ՝ այս կարճ ժամանակահատվածում, ինչ սկսվել է քարոզարշավը, պայքար է գնում հիմնականում ընտրողին գնելու առումով: Ես չեմ տեսնում, որ որևէ քաղաքական ուժ փորձի ծրագրային դրույթներով գրավել ընտրողին: Առավելապես դա վերաբերում է գործող իշխանություններին: Գործող իշխանությունների թեկնածուները տեղում հիմնականում զբաղված են ընտրակաշառքի միջոցով ձայն գնելու քաղաքականությամբ: Իհարկե, կան կուսկցություններ, որոնք հայտարարում են, որ իրենք հիմնականում պայքարելու են գաղափարախոսության հիման վրա, բայց ցավոք սրտի, մեր հասարակությունն այն աստիճանի է դեգրադացված, որ որևէ սպասելիք չկա, որ ընտրողը թեկուզ ընտրակաշառք վերցնելուց հետո կգնա ու իր ձայնը կտա այն կուսակցությանը և այն թեկնածուին, որին ինքը ուզում է:
Գյումրին բազմիցս ապացուցել է, որ գյումրեցուն գնել հնարավոր չէ, բայց դա միայն Գյումրին է, և Գյումրիով հարց չի լուծվում: Շատ մարզերում, հիմնականում գյուղական վայրերում, ենթարկվելով գյուղապետերին կամ տեղի հեղինակություններին, մարդիկ գնում և իրենց ձայնը տալիս են այն թեկնածուին, որն իր ձայնը գնում է 10 հազար դրամով, իսկ եթե դա բաժանենք հինգ տարիների վրա, ամսական ստացվում է 5 դրամ 50 լումա, կամ էլ գնում ու ձայն են տալիս այն մարդուն, ում համար իրեն խնդրել է այդ հեղինակությունը:
Ռեյտինգային ընտրակարգը կարծես խառնաշփոթ է առաջացրել, միմյանց դեմ են դուրս եկել հատկապես ՀՀԿ-ական թեկնածուները, մենք անգամ բախումների ականատես եղանք: Ի՞նչ է կատարվում այս նոր ընտրակարգով:
Ռեյտինագային կամ վարկանիշային ընտրակարգը գլոբալ մեծամասնական համակարգ է: Այստեղ բացարձակ համամասնական համակարգի մասին խոսք լինել չի կարող: Մեզ իշխանամետ ուժերը, ինչ-որ քաղաքական գործիչներ փորձում են համոզել, որ դու ընտրում ես կուսակցությանը: Դա բարցարձակ դեմագոգիա է: Հայաստանում դեռևս չի ավարտվել կուսակցական շինարարությունը, և մենք չունենք այնպիսի կուսակցություններ, որոնք հասարակության առաջ հանդես կգան իրենց ծրագրերով, գաղափարախոսությամբ: Հասարակության 99 տոկոսը չի կարող մատնանշել, թե ինչ տարբերություն կա ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի, Կոմունիստական կուսակցության և ՀՀԿ-ի միջև: Այսինքն՝ մենք Հայաստանում թևակոխում ենք պառլամենտարիզմ այն դեպքում, երբ կուսակցական շինարարությունը դեռ չի ավարտվել: Սա իր մեծ խնդիրները կառաջացնի: Մեզ մոտ մարդիկ ոչ թե ընտրում են կուսակցությանը և այդ կուսակցության մեջ գտնվողին, այլ մարդուն և մեխանիկորեն այդ մարդու թիկունքում կանգնած կուսակցությանը:
Ինչ վերաբերում հարցին, թե ռեյտինգային ընտրակարգի հետ կապված նոր միջադեպեր կլինեն նույն կուսակցության և տարբերի ուժերի անդամների միջև, թե ոչ, ապա պետք է ասել՝ իհարկե, սպասելի է: Ես վաղուց էի դա կանխատեսել, Սերժ Սարգսյանն էլ շատ լավ գիտեր, շատ լավ կռահում էր, որ այս վիճակը պետք է լիներ: Բայց նրա համար բացարձակ միևնույն է, թե, օրինակ, Շիրակի մարզում նույն ՀՀԿ թեկնածուները քարոզարաշվի ընթացքում և ընդհանրապես ինչ հարաբերությունների մեջ են գտնվելու: Դա ՀՀԿ ղեկավարին բացարձակ չի հետաքրքրում: Նրան հետաքրքրում է երկու բան՝ նախ, ՀՀԿ-ի համար ձայն բերելը: Հենց սրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ միայն Շիրակի մարզում ՀՀԿ-ական 13 թեկնածու է առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով: Դա այն դեպքում, երբ Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, որ լավագույն դեպքում, ֆանտաստիկայի ժանրի դեպքում նրանցից 3-ը կարող են անցնել, իսկ իրենց սպասումներով՝ 2-ը: Ինչո՞ւ են մնացած 10 կամ 11 մարդիկ իրենց թեկնածությունը դրել: Նրանց նույնիսկ հումորով ասում են՝ հազարանոցներ: Այսինքն՝ բոլորի վրա մինիմալ 1000 ձայն է դրված: Եթե այդ մարդիկ 1000 ձայնն ապահովեն, ուրեմն կպահպանեն իրենց աշխատատեղերը, եթե ոչ՝ կկրճատվեն: Այսինքն՝ Սերժ Սարգսյանն այսքան մարդու ներքաշելով գործընթացի մեջ, հույս ունի ապահովել համապատասխան քանակությամբ ձայներ:
Երկրորդ, Սերժ Սարգսյանը բավական ժամանակ ներողամիտ է եղել մարզային ՀՀԿ-ական էլիտայի նկատմամբ, որը բազմիցս նրան խաբել է: Օրինակը բերեմ նույն Շիրակի մարզով: Բոլորս հիշում ենք, որ 2013 թվականի Սերժ Սարգսյանը եկավ մարզ ու ասաց՝ ինչքան ուզեմ, էնքան կխփեմ: Գյումրիում խայտառակ պարտություն կրեց` 22 տոկոս ձայն ստացավ: Ոչ թե Սերժ Սարգսյանն է մեղավոր այդ խոսքերի համար, այլ այն անձինք, ովքեր Գյումրիում նրա համար աշխատելով՝ խոստացել էին Սերժ Սարգսյանին, որ ինքը խնդիր չունի: Դե ինքն էլ նման ամպագոռգոռ հայտարարություն արեց: Որպեսզի նման ֆորս-մաժորային իրավիճակներ չստացվեն, Սերժ Սարգսյանը բոլորին պարտադրեց ներքաշվել այս քաղաքական գործընթացի մեջ: Միևնույն ժամանակ, ինքը ստուգում է, թե իրականում իրեն ժամանակին ձայներ խոստացած մարդիկ կարո՞ղ են ձայներ բերել: Այսինքն՝ ինքը փաստացի իր ձեռքի տակ արդեն տվյալներ կունենա: Նախկինում ինքը չէր կարողանում ապացուցել, բոլորն ասում էին՝ մենք ապահովել ենք, կողքինը չի ապահովել: Հիմա կոնկրետ ինքն այդ տվյալները կունենա:
Շիրակում ՀՀԿ թեկնածուների միջև ընտարապայքարը թե՞ժ է:
Ի սկզբանե էր սուր, որովհետև նույն ՀՀԿ վարկանիշային ցուցակի էլիտան հասավ նրան, որ խաղից դուրս հանեց Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն, որը ևս ցանկություն ուներ ներգրավվել քաղաքական այս գործընթացների մեջ: Բացի այդ, սուր է, քանի որ միայն թեկնածուներից 4-ը՝ Մարտուն Գրիգորյան, Արման Սահակյան, Մուշեղ Պետոյան, Սուքիաս Ավետիսյան, գործող պատգամավորներ են: Էլ չեմ ասում, որ մեկն էլ բավական հարգված անձ է՝ նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը: Այսինքն՝ գոնե 13 թեկնածուներից այս 5-ը շատ լավ գիտեն, որ լավագույն դեպքում իրենցից 3-ը պետք է անցնեն, իրենց կանխատեսումով՝ 2-ը: Այսինքն՝ խոշոր խաղացող 5-ից մինիմում 2-ը խաղից դուրս են մնում: Ինքնըստինքյան նրանք բոլորն ամեն ինչ անելու են, որպեսզի խաղից դուրս մնացողն իրենք չլինեն:
Ասինքն՝ առաջիկայում բախումներ հնարավո՞ր են:
Ես չեմ կարծում, որ բախումներ կլինեն, ավելի շատ կլինի կոմպրոմատային պայքար: Հույս ունենանք, որ այդ ամենը չի բերի կոնկրետ բախումների: Ես նաև հույս ունեմ, որ այլ կուսակցությունների և ՀՀԿ-ական թեկնածուների միջև ֆորս-մաժորային իրավիճակներ տեղի չեն ունենա, և Գյումրիում այս քարոզարշավը, որը, որքան էլ զարմանալի է, շատ հանգիստ սկսվեց, իր հունով կընթանա:
Իսկ գյումրեցին հետաքրքրվա՞ծ է ընտրական գործընթացներով:
Մարդիկ ընդհանուր առմամբ շատ անտարբեր են: Գյումրին այսօր համարվում է Հայաստանի ամենաաղքատ քաղաքը, ամենամեծ քանակությամբ գործազուրկները Գյումրիում են, քաղաքում կան մեծ սոցիալական խնդիրներ: Գյումրիի ընտրողների ռեեստրում այսօր 120 հազար ընտրող կա, այն դեպքում, երբ լավագույն դեպքում ընտրություններին մասնակցում է 46 հազար մարդ: ՏԻՄ վերջին ընտրություններին այդքան մարդ է մասնակցել: Եվ գյումրեցին ոչ մի սպասելիք չունի: Իշխանությանն այլընտրանք էլ չի տեսնում: Նույն ընդդիմությունը շատ թույլ է Գյումրիում, խարիզմատիկ դեմքեր գրեթե չկան առաջադրված:

 

 

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing