Սերժ Սարգսյանի անզգույշ օրինակը. Վաղը կարող է պետք գալ

0

lragir.am — Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը օրինակ չորրորդ անգամ է զբաղեցնում կանցլերի պաշտոնը, դա նշանակում է, որ Գերմանիայում լճացու՞մ է, Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է վարչապետի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը: Այդպես նա պատասխանել է հարցին, որն առնչվում է նրա նախագահական երկու ժամկետից հետո վարչապետական կարգավիճակով փաստացի երրորդ ժամկետին: Ավելին, Սերժ Սարգսյանը խորհրդարանում հայտարարել էր, թե ինչու՞ երրորդ եւ ոչ թե չորրորդ, չէ՞ որ նախագահ լինելուց առաջ էլ եղել է վարչապետ:

 Այդ հարցն իհարկե ունի պարզ պատասխան եւ զարմանալի է, որ առկա է Սերժ Սարգսյանի մոտ. երրորդ, որովհետեւ նրա առաջին վարչապետությունը եղել է կիսանախագահական համակարգում, որտեղ Առաջին դեմքն ու թիվ մեկ պաշտոնյան նախագահն էր, այսինքն Ռոբերտ Քոչարյանը:
Թե՞ Սերժ Սարգսյանը դրանով ակնարկում էր, որ գործնականում 2007 թվականից ինքն է պետության իշխանությունը, դե ֆակտո առաջին դեմքը եւ Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը վայր է դրել այն պահից, երբ Սերժ Սարգսյանն է դարձել վարչապետ: Թեեւ, այդ առումով իրավիճակն իհարկե շատ հետաքրքիր էր, երբ 2007 թվականի մայիսին խորհրդարանի ընտրությունից հետո Ռոբերտ Քոչարյանն այցելել էր ՀՀԿ գրասենյակ, Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին հաղթանակի կապակցությամբ շնորհավորելու համար: Մի բան, որն այնքան էլ բնորոշ չէր Քոչարյանի կեցվածքին:
Այնպես որ, Սարգսյանը գուցե իրավացի է, որ դե ֆակտո չորրորդ ժամկետի մասին է խոսքը:
Ու թերեւս հենց դա է պատճառը, որ Սարգսյանի ներկայիս վարչապետության «փաստարկային» բազան, բացի քաղաքագիտական հղումներից, համալրվել է նաեւ Անգելա Մերկելի օրինակով, որը չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Գերմանիայի կանցլեր:
Հղում անելով Եվրամիության առաջատարի եւ աշխարհի ամենազարգացած տնտեսություններից մեկի օրինակին, Սերժ Սարգսյանը հարցնում է՝ մի՞թե կարող ենք ասել, որ Գերմանիայում լճացում է:
Լճացում է Գերմանիայում, թե ոչ, լավագույնս կասեն գերմանացիները, որոնք ընտրել են Մերկելի կուսակցությանը ոչ այն «ռեյտինգային ընտրակարգով», ինչպես Հայաստանում Սերժ Սարգսյանի կուսակցությունը: Բայց անգամ Գերմանիայում չլինելով կարելի է տեսնել, թե ինչպիսին է իրավիճակը այդ երկրում: Այդ պետությունը Եվրամիության առաջատար պետությունն է, ու Մերկելի չորրորդ ժամկետը այդ դիրքը պահպանելու համար է:
Ինչի՞ համար է, ի՞նչը, ո՞ր դիրքը պահպանելու համար է Սերժ Սարգսյանի չորրորդ ժամկետը: Այդ հարցը մի կողմից ունի բազմաթիվ անմխիթար պատասխաններ, մյուս կողմից թերեւս հռետորական է:
Մերկելը գուցե երբեք չիմանա էլ, որ Սարգսյանն իրեն է օրինակ բերում եւ համեմատվում, բայց բոլոր դեպքերում նրա հանդեպ դա ազնիվ չէ: Ազնիվ չէ նաեւ Հայաստանի հանրության հանդեպ, բայց հանրության հանդեպ անազնվությունը եւ անհամարժեքությունը Հայաստանի իշխանության համար վարքագիծ է, նորմ: Իսկ ահա Մերկելի հանդեպ պետք է զգույշ լինել: Ի վերջո, օրինակ ապրիլյան քառօրյայից հետո ստացվել էր այնպես, որ օտարերկրյա ղեկավարներից հենց նա էր Սարգսյանի կողքին կանգնած առաջինը՝ ապրիլի 6-ին, Բեռլին կատարած այցի ընթացքում: Վաղը կարող է դարձյալ լինել Մերկելի կարիքը, իսկ անհարկի օրինակները կարող են վնասել:


Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache