Լրահոս

Սերժ Սարգսյանի արդյունավետ որոշումը

 

arm146910911046

lragir.am – Մայիսին, վերադառնալով ապրիլյան պատերազմին հաջորդած Ալիեւի հետ առաջին հանդիպումից, որ տեղի էր ունեցել Վիեննայում, Սերժ Սարգսյանը օդանավում բացատրում էր մի քանի լրագրողների, որ պատերազմից հետո չի դիմել ժողովրդին, որովհետեւ չի տեսել դրա կարիքը: Ես լավ եմ ճանաչում մեր ժողովրդին, ասում էր Սերժ Սարգսյանն ու ավելացնում, թե ճանաչելով էլ վստահ է եղել, որ դեռեւս չկար ժողովրդին դիմելու անհրաժեշտություն:
Սարգսյանն իրավացի էր՝ ապրիլյան պատերազմին նրա դիմումը ժողովրդին կարող էր միայն խանգարել զինվորի ու սպայի շուրջ հասարակության այն համախմբմանը, որ տեղի էր ունենում Սերժ Սարգսյանին ու իշխանությանը չնկատելով, չնկատելու շնորհիվ:
Այդ ժամանակ հասարակությանը չդիմելը Սերժ Սարգսյանի կայացրած արդյունավետ որոշումն էր: Դիմելով, նա կարող էր իշխանությունը խցկել զինվոր-սպայի ու հասարակության արանքը, դարձնելով այդ համախմբման անջրպետ, արգելակ, ինչը կարող էր Հայաստանի ու Արցախի համար ճակատագրական հետեւանք ունենալ:
Ապրիլի պատերազմին Հայաստանի հասարակությունը բարեբախտաբար չէր սպասում Սերժ Սարգսյանի խոսքին, այդ խոսքը նրան հետաքրքիր չէր: Հասարակությունը գիտեր իր անելիքն ու արեց՝ կանգնեց զինվորի ու սպայի կողքին, որոնց, ինչպես պարզվեց, իր անարդյունավետ կառավարմամբ պարզապես լքել էր իշխանությունը:
Ապրիլյան պատերազմից հետո իշխանությունը ոչ թե խոսելու, այլ գործելու կարիք ուներ: Սերժ Սարգսյանն էլ պետք է ոչ թե հասարակության, այլ իր իշխանության ներկայացուցիչների հետ խոսեր, այդպես շարունակելու անթույլատրելիության մասին: Բայց նա դա էլ չէր կարող, որովհետեւ որքան ժողովրդին է ճանաչում, կրկնակի ավելի ճանաչում է իշխանությանը, ինչը Սարգսյանի միաժամանակ թե ուժն է, թե թուլությունը:
Ավելի շուտ, դրանով նա ուժեղ է միայն այդպիսի իշխանության մեջ, որին շատ լավ ճանաչում է: Բայց նա ուժ չունի այդ իշխանության դեմ: Հենց դա է ցուգցվանգը, որը նա հույս ունի հաղթահարել խորհրդարանական կառավարման մոդելի անցնելով:
Այդպիսով, Սերժ Սարգսյանը լավ ճանաչում է ժողովրդին, լավ ճանաչում է իշխանությանը, ու հայտնվում է նրանց միջեւ: Իսկ հասարակությունն ու իշխանությունն էլ հրաժարվում են ճանաչել միմյանց եւ ճանաչում են միայն Սերժ Սարգսյանին: Դրա համար էլ նրա լռությունը ստեղծում է որոշակի օդում կախված վիճակ:
Ինչ կկատարվի, եթե Սերժ Սարգսյանը դուրս բերվի հասարակության ու իշխող համակարգի «արանքից»: Կա՞ն դրա վերաբերյալ պատկերացումներ, հարաբերության մեխանիզմների, կանոնների, բովանդակության վերաբերյալ տարբերակներ:
Հանրությունը համարում է, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ նախագահ չէ, մյուս կողմից այդ նույն հանրությունը սպասում է նրա խոսքին: Որովհետեւ Հայաստանի հանրությունը վարժեցվել է իր գործողությունները, պատկերացումները կառուցել հենց Սերժ Սարգսյանից մղվելով:
Օրինակ, այդ իսկ պատճառով Հայաստանում ստեղծվել է լարված զինված դիմակայության իրավիճակ, որում արդեն 5 օր է գրեթե ոչ ոք չի համարձակվում խոսել այն մասին, թե ինչ պատկերացումներ կան հետագա քայլերի վերաբերյալ, համակարգի տարբեր սեգմենտների հանդեպ վերաբերմունքի վերաբերյալ, որոնք ուժի եւ կապիտալի կրողներ են, որով էլ փաստացի տեղի է ունեցել Հայաստանի իշխանության ուզուրպացիան եւ պահվել այդ վիճակը տարիներ շարունակ՝ մոտ երկու տասնամյակ:
Դա խնդիր է, որի վերաբերյալ անորոշությունը ոչ թե հայաստանյան լայն ճգնաժամի հանգուցալուծման, այլ փակուղու խորացման նախադրյալ է, թեկուզ ամենաազնիվ մղումների պարագայում անգամ՝ եթե Սերժ Սարգսյանը դուրս է բերվում հանրության եւ իշխանության արանքից, եւ նրանք՝ իշխանությունն ու հասարակությունը կանգնում են միմյանց դեմ արդեն առանց ավանդական «պրովայդերի»:
Ի՞նչ պետք է ասի Սերժ Սարգսյանը, կամ իշխանությունից որեւէ մեկը: Եվ ի՞նչ պետք է անի հասարակությունն այդ խոսքից հետո՝ նոր հիմքով եւ ավելի սուր քննադատության ծաղրի, հայհոյանքի ենթարկի Սարգսյանին: Այդ հիմքե՞րն են պակասում, այսինքն հանրությունն ունի «մոտիվացիո՞ն» սնուցման կարիք: Միայն իշխանությու՞նն է «մոտիվացնում» հասարակությանը:
Այլապես, ինչու՞ սպասել ոչ լեգիտիմ իշխանության խոսքին, սպասել որ ի՞նչ: Առավել եւս, որ, ինչպես ցույց է տվել Մարտի 1-ի փորձը, իշխանության խոսքը հանդիսանում է արդեն բռնության նախապատրաստման վերջին փուլը՝ երբ արդեն առաջանում է այդ բռնությունը փաթեթավորելու անհրաժեշտություն:
Հայաստանի հասարակության ներկայիս խնդիրը սեփական խոսքի ձեւակերպումն է: Առարկայական, ըստ խնդրի էության, առանց հասարակական-քաղաքական քնարականության ձեւակերպված խնդիրը, խոսքը, տեքստը իշխանությունն է: Ով ձեւակերպեց այդ տեքստը, նա է իշխանությունը:
Դրա հետեւանքով է Հայաստանում անիշխանություն, ընդ որում արդեն մի քանի տարի: Փաստացի, վերջին անգամ Հայաստանում ձեւակերպված իշխանություն եղել է 2008 թվականի փետրվարին:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am