Լրահոս

Սերժ Սարգսյանի բացահայտումը

 

Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Կարեն Կարապետյանը չունի հրաժարական տալու պատճառ եւ նրա հետ իր հակադրությունն էլ մտացածին է, ասեկոսե, ՀՀԿ տարբեր անդամներ միմյանց հերթ չտալով հայտարարում են, թե վարչապետի հրաժարականի մասին տեղեկությունները չարակամների գործն է, որոնք չեն ցանկանում ներքին վիճակի կայունացում եւ կառավարության արդյունավետ աշխատանք:
Մինչ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀՀԿ-ականները լուռ էին, եւ որեւէ մեկը չէր փորձում «ընդդիմանալ» «չարակամներին», որոնք թիրախավորել էին Կարեն Կարապետյանին:
Այդ տրանսֆորմացիայի պատճառն այն չէ, որ Սերժ Սարգսյանը նրանց հրահանգել է այժմ անցնել վարչապետի «պաշտպանության»: Պարզապես, նրանք համոզված էին, որ հրաժարականի մասին «ասեկոսեները» եւ վարչապետին ուղղված այլ քաղաքական-քարոզչական հարվածները գալիս էին հենց Սերժ Սարգսյանից, առնվազն ունեին նրա հավանությունը: Այդ իսկ պատճառով էլ բոլորը լուռ էին, որովհետեւ այդ ամենը անկայունության փորձ եւ չարակամություն բնորոշելու դեպքում կարող էին հայտնվել նույն թիրախում:
Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ամեն ինչ փոխվեց եւ մեկը մյուսի հետեւից ՀՀԿ տարբեր ներկայացուցիչներ, օրինակ Սամվել Նիկոյան, Գագիկ Մելիքյան, Վահրամ Բաղդասարյան, եւ այլք, հայտարարում են, որ վարչապետին ուղղված հարվածը չարակամություն է, ասեկոսե, իրավիճակի կայունացման դեմ կատարվող քայլ:
Դժվար է ասել, «ներքին ձայնով» նրանք Սերժ Սարգսյանի՞ն են արձագանքում, թե՞ կամաց-կամաց սկսում են հավատարմության թույլ, բայց նկատելի երդում տալ Կարեն Կարապետյանին:
Բանն այն է, որ նրանք միանգամայն իրավացի էին իրենց ներքին ձայնի կամ բնազդի հարցում, երբ լռում էին վարչապետին ուղղված հարվածների պարագայում, վստահ, որ դրանք գոյություն ունեին առնվազն Սերժ Սարգսյանի հավանությունը ունենալու շնորհիվ, եթե անգամ նրա անձնական նախաձեռնությունը չէին:
Բանն այն է, որ այդ ամենը կատարվում էր բավականին նրբորեն համակարգված, նույնիսկ հայեցակարգված, անգամ գաղափարականացված: Իսկ այդպես Հայաստանում աշխատում է միայն Սերժ Սարգսյանը:
Սակայն հանկարծ Սարգսյանը անձամբ հայտարարում է հրաժարականի պատճառ չլինելու եւ հակասություն չունենալու մասին: Ի՞նչ է դա, Սարգսյանի մարտավարության կտրուկ փոփոխությու՞ն, թե՞ Կարեն Կարապետյանի կտրուկ հակազդում եւ հրապարակավ «նահանջի» պահանջ Սերժ Սարգսյանին:
Դա է թերեւս ՀՀԿ ներկայիս «գլուխկոտրուկը»:
Ի վերջո, հնարավոր է Սերժ Սարգսյանը մանեւրում է, այսպես ասած «վստահության շրջանակը» բացահայտելու համար, ինչպես կասեր հայտնի կատակերգության Ռոբերտ դե Նիրոյի (Հայաստանի քաղաքական հերոսների հետ որեւէ համընկնում կամ ասոցիացիա պատահական է) մարմնավորած հերոսը, որն ի դեպ հատուկ ծառայության նախկին աշխատակից էր:
Սերժ Սարգսյանը գուցե կտրուկ փոխում է մարտավարությունը ստուգելու համար, թե ովքեր են անմիջապես նետվում Կարեն Կարապետյանին «երդվելու»: Ընդ որում, Սարգսյանը մարտավարությունը գուցե փոխում է ոչ հենց դրա համար, այլ պարզապես ստիպված, բախվելով Կարեն Կարապետյանի դիմադրությանը:
Բայց, խնդիրն այն է, որ հանգուցալուծումը ամենեւին մոտ չէ, հետեւաբար իրավիճակի կտրուկ փոփոխությունը բացառված չէ, որից հետո արդեն պարզ կլինի Սերժ Սարգսյանի «վստահելիների» շրջանակը:
Իրավիճակի նրբությունն այն է, որ Կարեն Կարապետյանին այդպիսի շրջանակ պետք չէ, քանի որ նա ունի իր շրջանակը՝ ՀՀԿ-ից դուրս, ինչը լիուլի բավարար է անհրաժեշտ հարցերը լուծելու համար: Նրա խնդիրն ընդամենը Սերժ Սարգսյանի շրջանակը տրոհելը կամ նեղացնելն է:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing