Սերժ Սարգսյանի ցանկությունն ու Ռոբերտ Քոչարյանի օրինակը

0

Հավակնությամբ կամ ցանկությամբ երկրի վարչապետ կամ նախագահ չեն ընտրում, Lragir.am-ի հետ զրույցում ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, անդրադառնալով վարչապետի խնդրին եւ այդ պաշտոնում Սերժ Սարգսյանի հնարավոր առաջադրմանը:

Հայաստանում աներկբայորեն գերիշխող է կարծիքը, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնից հետո լինելու է վարչապետ ու հենց դրա համար էլ փոխել է Սահմանադրությունն ու կառավարման մոդելը, ու նաեւ դրա համար են մի շարք ՀՀԿ-ականներ հայտարարում նրա անփոխարինելիության մասին:Կլինի՞ Սերժ Սարգսյանը վարչապետ, թե ոչ: Զարմանալի է, թե ինչու՞ մինչ այժմ հայաստանյան բուքմեյքերական ընկերությունները խաղադրույք չեն սահմանում 2018-ի վարչապետի հարցի վերաբերյալ:

Թե՞ նրանք էլ համոզված են, որ Սերժ Սարգսյանի հարցը վճռված է, հետեւաբար չկա խաղադրույքի նպատակահարմարություն եւ իմաստ:Հայաստանում տեղի է ունենում համակարգային փոփոխություն, որը դիտարկվում է առավելապես Սերժ Սարգսյանի հետնախագահական ճակատագրի պրիզմայով: Անշուշտ, այդ փոփոխությունն իր վրա կրում է այդ ճակատագրի հետ կապված Սարգսյանի մտահոգությունը, բայց արդյոք միայն վարչապետ լինելու ցանկության կամ հավակնության պրիզմայով:Կասկած չկա, որ ոչ միայն Վահրամ Բաղդասարյանը, այլ համակարգը թերեւս ամբողջությամբ վստահ է, որ ցանկությունն ու հավակնությունը մեղմ ասած քիչ է, կարեւոր է հնարավորությունն ու նպատակահարմարությունը: Ի վերջո, բոլորի աչքի առաջ է եղել Ռոբերտ Քոչարյանի ցանկությունն ու հավակնությունը, սակայն միեւնույն ժամանակ անհաջողությունը Հայաստանում վարչապետի պաշտոնի միջոցով իշխանությունը պահելու փորձում:Իսկ այդ փորձն ակնառու էր:

Ռոբերտ Քոչարյանը նկատելիորեն ծրագրում էր Հայաստանում իրականացնել այն, ինչը Ռուսաստանում արվեց Պուտին-Մեդվեդեւ տարբերակով: Հայաստանում գործելու էր Քոչարյան-Օսկանյան տարբերակը, ինչի վառ վկայությունն արդեն 2006 թվականից արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի ծրագրային մի քանի ելույթն էին ներքին խնդիրների, երկրորդ սերնդի բարեփոխումների, «էլիտայի» համար դրանց ցավոտ լինելու մասին:Դրան զուգահեռ ԲՀԿ ստեղծումով կերտվում էր իշխող համակարգի նոր դեմքը, հանրային չափազանց բարձր լեգիտիմությամբ ու վարկանիշով:

Սակայն Ռոբերտ Քոչարյանի մոտ չստացվեց, Սերժ Սարգսյանը կարողացավ արագ հակազդել ու արգելակել դա, եւ Քոչարյանն ի վերջո ստիպված էր «կայսերական» բարձունքից իջնել եւ 2007 թվականի բացարձակ հաղթանակի կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել Մելիք-Ադամյանում:Ներկայիս մոդելի պարագայում վարչապետ լինելու Սերժ Սարգսյանի հնարավորությունը չի ավելանում ամենեւին: Իհարկե, նվազում է նախագահ-մրցակցի ֆունկցիան, երբ դրածո թեկնածուն կարող էր հանկարծ «ապստամբել»: Մյուս կողմից, սակայն, եթե կա «ապստամբության» վտանգ, ապա այն առկա է նաեւ ներկայիս համակարգում, քանի որ ակնառու է վարչապետի «գերիշխանության» բացակայությունը, կառավարման համակարգի բազմակենտրոնությունը, ապակենտրոնացումը: Ըստ այդմ, խորքային առումով ներկայիս համակարգն իր տրանսֆորմացիայով գործնականում չի ավելացնում Սերժ Սարգսյանի վարչապետ լինելու հնարավորությունը:

Տեղի է ունենում այլ բան՝ ներկայիս համակարգը ավելացնում է վարչապետ չլինելու դեպքում իշխանության թերեւս ամենաազդեցիկ դեմքը լինելու, իսկ ծայրահեղ դեպքում նաեւ վարչապետի կարգավիճակով իշխանության վերադառնալու հնարավորությունը:Բազմակենտրոնությունը, հակակշիռները, որ ձեւավորում է Սերժ Սարգսյանը, ապահովում են հենց այդ հեռանկարը:Հավակնու՞մ է նա վարչապետի պաշտոնին 2018-ի ապրիլին, ունի՞ այդպիսի ցանկություն, թե ոչ: Դա ասելն անհնար է, հազիվ թե Սարգսյանը որեւէ մեկին խոստովանած լինի դա: Միեւնույն ժամանակ, շատ հավանական է, որ նա մեծ դժկամությամբ կհամաձայնի թողնել այսպես ասած առաջին դեմքի կոմֆորտը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache