Սերժ Սարգսյանի եղբոր «Փյունիկ» հիմնադրամի հասցեն Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է

285

Պարզվում է՝ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի ղեկավարած «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը հաշվառված է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում:

Այստեղից, սակայն վստահեցրին, որ հիմնադրամը եկեղեցու տարածքում չի գործում: Նույնը պնդեց նաեւ տեղեկատուում որպես հիմնադրամինը նշված հեռախոսահամարով մեզ պատասխանած անձը: Ասաց, որ ներկայանալ ու պաշտոնապես մեկնաբանություն տալ իրավասու չէ, որովհետեւ հիմնադրամում գրանցված աշխատող չէ: Այդուհանդերձ, ավելացրեց. «Դա հիմնադրամի իրավաբանական հասցեն է: Եկեղեցու տարածք է, հիմնադրամն այնտեղ ո՞նց կարող է գործել»:

Նրա խոսքով, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը գործունեության հասցե չունի: «Մասնավոր մարդիկ իրենց գործունեությունը վարում են, ոնց որ ասած, անձնական տարածքներից: Այստեղ մասնավոր մարդու գրասենյակ է, որի համարը տրված է, ու մենք կապը իրենց հետ պահում ենք, տեղյակ ենք պահում, որ ենթադրենք այսպիսի հարց է, մարդիկ դիմել են այս հարցով: Այդ ինֆորմացիան փոխանցում ենք, որովհետեւ իրենք օֆիցիալ գրասենյակ չունեն»,- հայտարարեց մեր զանգին պատասխանած տղամարդը:

Նկատենք, սակայն, որ «Փյունիկի» հրապարակված հաշվետվություններում, որպես հիմնադրամի գտնվելու վայր, նշվում է հենց եկեղեցին:

Այդ հաշվետվություններից նաեւ տեղեկանում ենք, որ Սերժ Սարգսյանի եղբոր հիմնադրամի համար կարեւոր ֆինանսական աղբյուրներից են Երեւանի քաղաքապետարանն ու «Երեւան» հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը քաղաքապետ Տարոն Մարգարյանն է:

Հիշեցնենք, որ «Երեւան» հիմնադրամի կասկածելի գործունեությունը հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) ուշադրության կենտրոնում: ԱԱԾ աշխատակիցները երեկ մի քանի ժամ գտնվել են քաղաքապետարանի վարչական շենքում տեղակայված «Երեւան» հիմնադրամում եւ այնտեղից առգրավել պարկերով փաստաթղթեր: Սրա մուտքերի բավական մեծ մասը նույնպես Երեւանի համայնքային բյուջեից է:

«Փյունիկ» հիմնադրամի 2018 թվականին հրապարակված հաշվետվությունից տեղեկանում ենք, որ Երեւանի քաղաքապետարանը 2017 թվականին հատկացրել է մոտ 162 միլիոն դրամ՝ «Սիզամարգերի ստեղծում եւ ծաղկապատում» ծրագրի համար, 65 միլիոն դրամ՝ «Սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական եւ հիշատակի օրերին աջակցություն» ծրագրի: Մոտավորապես 20 միլիոն դրամ էլ հատկացվել է «Ջրային կառույցների շահագործում եւ պահպանում» ծրագրի իրագործման նպատակով: Քաղաքապետարանից տրամադրված միջոցներն, այսպիսով, ընդհանուր առմամբ կազմել են 275  միլիոն դրամ:

«Փյունիկ» հիմնադրամը հաշվետու տարում մոտ 214 միլիոն դրամ ստացել է տարբեր կազմակերպություններից ու անհատներից, որոնց անունները չեն նշվում: Այդ միջոցներով իրագործվելիք ծրագրի անվանումն է «Օժանդակել ՀՀ կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների կատարելագործման, զարգացմանն ու նորագույն սարքավորումներով վերազինմանը, ազգաբնակչության սոցիալապես անապահով խավի, մանկատների, ծերանոցների, նախադպրոցական հաստատությունների բնականոն գործունեության կազմակերպմանը»:

Նույն տարում «Փյունիկ» հիմնադրամին 1.5 միլիոն դրամ փոխանցել է «Երեւան» հիմնադրամը՝ դարձյալ «Սիզամարգերի ստեղծում եւ ծաղկապատում» ծրագիր իրագործելու համար:

2016 թվականին վերաբերող եւ 2017 թվականին հրապարակված հաշվետվությունից էլ տեղեկանում ենք, որ տվյալ տարում «Երեւան» հիմնադրամից «Փյունիկին» փոխանցված գումարը շատ ավելի մեծ է: 155 միլիոն 995 հազար դրամ հատկացվել է «Սիզամարգերի ստեղծում եւ ծաղկապատում» ծրագրի համար, 400 միլիոն՝ «Բակային տարածքների եւ խաղահրապարակների հիմնանորոգում ու պահպանում» ծրագրի համար:

«Սոցիալապես անապահով ընտանիքներին տոնական եւ հիշատակի օրերին աջակցություն» ծրագիր իրականացնելու նպատակով 2016-ին էլ, ինչպես 2017-ին, «Փյունիկ» հիմնադրամին Երեւանի քաղաքապետարանը հատկացրել է 65 միլիոն դրամ: Եվս 15 միլիոն՝ «Արտադպրոցական կազմակերպությունների համար անհրաժեշտ գույքի ձեռքբերում» ծրագրի:

Այլ կազմակերպություններից եւ անհատներից ստացված գումարը 2016-ին կազմել է 1 միլիարդ 172 միլիոն դրամի չափ: Իրականացվելիք ծրագրի անվանումը նույնն է, ինչ 2017-ին՝ «Օժանդակել ՀՀ կրթական, մշակութային, առողջապահական հաստատությունների կատարելագործման, զարգացմանն ու նորագույն սարքավորումներով վերազինմանը, ազգաբնակչության սոցիալապես անապահով խավի, մանկատների, ծերանոցների, նախադպրոցական հաստատությունների բնականոն գործունեության կազմակերպմանը»:

Այսպիսով, Երեւանի քաղաքապետարանը ֆինանսական հատկացումներ է անում Տարոն Մարգարյանի գլխավորած «Երեւան» հիմնադրամին, քաղաքապետարանն ու «Երեւան» հիմնադրամը աղբյուր են Սերժ Սարգսյանի եղբոր «Փյունիկ» հիմնադրամի համար: Իսկ թե հարկատուների հաշվին գոյացած միջոցներն այդպես հիմնադրամից հիմնադրամ շրջագայելով հատկապես ինչի վրա են ծախսում, մեծ մասամբ մնում է անհայտ՝ թաքնվելով ընդհանուր ձեւակերպումների տակ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache