Լրահոս

Սերժ Սարգսյանի գաղտնի ուղերձը. ՀՀԿ վերջի սկիզբը

 

Հանրության շրջանում բավական աղմուկ է առաջացրել ՀՀԿ նախընտրական տեսահոլովակը: Աղմուկի եւ ուշադրության պատճառն այն չէ, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հոլովակում հարվածային գործիք է նվագում: Եթե նրա վարչապետ նշանակվելուց կարճ ժամանակ անց համացանցում հայտնված մեկ այլ տեսանյութ չլիներ, որը կրկին վարչապետի նվագելն էր պատկերում, ապա գուցե նախընտրական հոլովակն այդ առումով անակնկալ լիներ: Բայց, հանրությունն արդեն իսկ «վարժված» է վարչապետի երաժշտական կարողություններին:
Աղմուկն ավելի շատ կապված էր այն հանգամանքի հետ, որ նախընտրական երգը կատարում է Ռեինկարնացիա խումբը, որը Հայաստանում բավական հայտնի, համակրելի, ուրույն ոճ ունեցող խումբ է: Այդ առումով հանրային տարբեր շրջանակներ տարակուսել էին, որ հենց Ռեինկարնացիա է կատարում ոչ սիրված եւ ոչ համակրելի իշխող կուսակցության նախընտրական երգը:
Այդուհանդերձ, հենց դրանով էլ երեւի թե հետաքրքիր է հոլովակի հանգամանքը: ՀՀԿ նախընտրական արշավները, կամ իշխանության նախընտրական արշավներն աչքի են ընկել հայկական շոու բիզնես կոչվող երեւույթի տարբեր ներկայացուցիչների ներգրավմամբ, որոնք տարիների ընթացքում գործնականում նույնականացվել են հենց այդ իշխանության հետ, իսկ որոշ ներկայացուցիչներ հայտնվել անգամ իշխանության պատգամավորական խմբակցությունում:
Այդ իմաստով հատկանշական է, որ 2017 թվականի ընտրությանը ՀՀԿ-ն այսպես ասած «նախընտրական առաջնագիծ» է բերում Ռեինկարնացիա խմբին, բավական խորհրդանշական անվանումով: Ռեինկարնացիան հոգու «վերաբնակեցնումն» է մահից հետո՝ այլ մարմնում կամ մարմիններում, որի միջոցով հոգին վերածնվում է նորից ու նորից:
Այդ իմաստով, նախընտրական հոլովակը փաստացի ՀՀԿ քողարկված ուղերձն ու հայտարարությունն է կուսակցության քաղաքական մահվան մասին: Իսկ հաշվի առնելով այն, որ կուսակցության ամեն ինչը, այդ թվում նախընտրական մարտավարությունը որոշվում է Սերժ Սարգսյանի նեղ շրջանակում, ապա ակնհայտ է դառնում Ռեինկարնացիայի ընտրության հարցում Սերժ Սարգսյանի ուղերձն այն մասին, որ ներկայում ՀՀԿ օրակարգում «մահից հետո հոգու» ճակատագրի խնդիրն է գլխավոր հարցը:
Այլ կերպ ասած, նախընտրական հոլովակի ուղերձով Սերժ Սարգսյանը հայտնում է ՀՀԿ քաղաքական մահվան մասին, ակնհայտ դարձնելով, որ ներկայում փնտրում է, թե ինչպիսի մարմնում պետք է տեղավորի իր իր քաղաքական իշխանության «ոգին»: 2006 թվականից Սերժ Սարգսյանն իր իշխանության «հոգին» տեղավորեց ՀՀԿ մարմնում: Անցել է տասնամյակ, ակնառու է, որ ՀՀԿ մարմինն այլեւս չափազանց տկար է եւ գործնականում «կլինիկական մահ» ապրող՝ իշխանության «հոգու» հուսալի ապաստան լինելու համար:
Ընդ որում, ամենեւին պատահական չէ, որ ներկայում ՀՀԿ-ից դժգոհում են նաեւ այն թեւերը, որոնք հավակնում են իշխանության, որոնց համար Հայաստանի իշխանության համակարգում առանցքային դերակատար լինելն այս կամ այն պատճառով կարեւորագույն խնդիր է: Այդ համատեքստում է նաեւ բավական ուշադրության արժանացած այն հայտարարությունը, որի հեղինակն էր ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը, որը օրերս հայտարարեց, թե ՀՀԿ-ական լինելը կխանգարի իրեն:
Իսկ Սամվել Կարապետյանը, որի եղբայրն է Կարեն Կարապետյանը, վարչապետ Կարեն Կարապետյանի հետ կազմում են իշխանության հավակնորդ նշանակալի մի տանդեմ, եւ այդ առումով պատգամավոր Կարեն Կարապետյանի հայտարարությունը՝ ՀՀԿ-ի իրեն խանգարելու մասին, արտացոլում է հենց օրակարգի գլխավոր հարցը՝ «իշխանության հոգին» փնտրում է նոր մարմին:
Այդ համատեքստում է նաեւ այն, որ ի վերջո ՀՀԿ մարմնից իր «իշխանական հոգին» դուրս բերեց նաեւ Հովիկ Աբրահամյանը, թեեւ իհարկե այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Աբրահամյանի «հոգին հանեց»
Խոշոր հաշվով, իշխող համակարգում այդ խնդիրն է լինելու Հայաստանում իշխանության երրորդ տասնամյակի առանցքային հարցը, շարժիչն ու շարժառիթային հիմքը, պայմանավորելով առաջիկա տասնամյակի ներիշխանական զարգացումները: Իշխանություն երեւույթի համար մի շարք պատճառներով ներկայում հիմնարար հարց է դարձել ՀՀԿ «մարմնից» ազատվելը: Այդ իմաստով, ստեղծվում է բավական հետաքրքիր իրավիճակ՝ ՀՀԿ մարմինը խանգարում է արդեն թե իշխանությանը, թե հանրությանը: Իհարկե, հանրությանը խանգարում է ոչ միայն մարմինը, այլ նաեւ հոգին:
Բայց, առնվազն մարմնի հարցում երրորդ տասնամյակին ընդառաջ ձեւավորվում է յուրօրինակ «չգրված» «ազգային համաձայնություն»: Հավանաբար հենց դա է նաեւ «ազգային համաձայնության» մասին Սերժ Սարգսյանի օգոստոսի 1-ի ելույթի խորքային տողատակը:
Գործնականում, Հայաստանի իշխանության խորքային վերաձեւավորման մեկնարկող երրորդ տասնամյակը հանդիսանալու է այդ խնդրի հանգուցալուծման տասնամյակ: Հանգուցալուծումը թվում է անխուսափելի, եւ եթե նաեւ հանրությունը գտնվի իրավիճակին համարժեք, ապա ՀՀԿ-ն ըստ ամենայնի առավելագույնը թեւակոխում է իր իշխանական կյանքի վերջին՝ առավելագույնը տասնամյակ, ընդ որում «կլինիկական մահվան» ռեժիմում:
Ամբողջ հարցն այն է, թե հանգուցալուծումը կլինի իշխանությա՞ն, թե հանրության սցենարով:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing