Լրահոս

Սերժ Սարգսյանի հարվածը վարչապետին ու նախարարին

 

arm147886405941

lragir.am— Զոհված եւ վիրավորված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցման վերաբերյալ օրինագիծը կամ այսպես ասած արդեն 1000 դրամի հարց ձեւակերպումով հայտնի պատմությունը հանրային շրջանակներում հավաքում է զգալի թափ: Առկա է իշխանության նախաձեռնության հանդեպ մեծ ընդդիմախոսություն եւ քննադատություն:

Իշխանությունը ծրագրում է աշխատող յուրաքանչյուր քաղաքացուց հատուկ հիմնադրամի համար գանձել ամսական 1000 դրամ, նաեւ սահմանել պետական ծառայությունների հավելավճար` կրկին այդ նպատակի համար:Օրինագծի մասին հանրությունը տեղեկացավ պաշտպանության նոր նախարար Վիգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի զրույցից: Հետո հարցը ներկայացվեց կառավարության նիստում: Հերթը հասնելու է ԱԺ քննարկմանը: Իշխանությունը ծրագրում է օրենքն ընդունել մինչեւ հունվարի 28-ը` մինչեւ հայկական զինուժի կազմավորման 25-րդ տարեդարձի օրը:Այն, որ խնդիրը չափազանց կարեւոր է, թերեւս անվիճելի է բոլորի համար:

Այն, որ այդ խնդրի լուծման գործում հանրային մասնակցությունը անհրաժեշտ եւ կարեւոր է թե ֆինանսատնտեսական, թե արժեհամակարգային, բարոյական տեսանկյունից, նույնպես աներկբա է: Պատերազմող հասարակությունը պետք է ստանձնի իր անվտանգության համար կյանքը վտանգող մարդկանց եւ նրանց ընտանիքների հանդեպ ուղղակի պատասխանատվություն:Միեւնույն ժամանակ, ռազմավարական այդ խնդիրները գոյություն ունեն կոնկրետ իրականության ֆոնին, որը մեղմ ասած բավական խնդրահարույց է, քանի որ ապրիլի պատերազմը ի ցույց դրեց, թե որքան վտանգավոր անպատասխանատվություն է տիրում իշխանության համակարգում: Ավելին, թեեւ այդ պատերազմից հետո հայտարարվում է դասեր քաղելու, մի շարք անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու, բացը լրացնելու մասին, որոնք հաստատում են նաեւ մի շարք վստահելի աղբյուրներ, այդուհանդերձ ակնհայտ է, որ պատասխանատվության խնդիրը ապրիլից հետո շարունակում է լինել բաց, ապրիլի առաջացրած հարցերի` կարեւոր հարցերի մի շարք պատասխաններ իշխանությունը չի տվել ու չի տալիս: Խոսքը ռազմական, պետական գաղտնիություն, անվտանգության նուրբ հարցեր ենթադրող պատասխանների մասին չէ:Խոսքը տարրական հաշվետվողականության եւ պատասխանատվության մասին է:

Օրինակ, ապրիլից հետո ՊՆ համակարգից հեռացվել են մի շարք պաշտոնյաներ, ընդհուպ մի քանի ամիս անց նաեւ գլխավոր շտաբի պետն ու նախարարը: Այդ հեռացումների կապակցությամբ մամուլում հնչել են տարատեսակ ենթադրություններ ու վարկածներ, բայց իշխանությունը որեւէ մակարդակում հանրությանը հստակ չի ներկայացրել, թե ինչու են հեռացվել այդ մարդիկ, որն է եղել նրանց պատասխանատվությունը, ինչն են ձախողել նրանք:Ապրիլից հետո իշխանությունը որեւէ կերպ չի դիմել հանրությանը, չի նստել «դեմ դիմաց» խոսելու, հանրությունից ներողություն չի խնդրել տարածքային թեկուզ փոքր կորստի, մարդկային թանկ կորուստների համար, պաշտպանական գծում բացթողումների համար, շնորհակալություն չի հայտնել հանրությանը զինված ուժերի կողքին անմիջապես կանգնելու եւ պատերազմի վտանգավոր ընթացքը կասեցնելու, բեկելու համար:

Ահա այդ իրավիճակում, երբ ի լրումն այդ ամենի կա հանրության համար աղաղակող կուռուպցիան` համակարգային կոռուպցիան, որի գոյությունն անգամ իշխանությունն անկարող է մերժել, իշխանությունը հանդես է գալիս չափազանց կարեւոր նախաձեռնությամբ:Քաղաքականության մեջ անգամ խելք չունեցողը կհասկանար, որ այդ նախաձեռնությունը առկա իրավիճակում արժանանալու է հանրային հակասական արձագանքի:Քաղաքականության մեջ անգամ խելք չունեցողը կհասկանա, որ խնդիրը տվյալ պարագայում ամենեւին 1000 դրամի ժլատությունը չէ: Խնդիրը նույնիսկ իշխանության հանդեպ անվստահությունն էլ չէ: Խնդիրը նաեւ այն չէ, որ իշխանությունը կարող է ներկայացնել հիմնադրամի կառավարման խիստ, աննախադեպ թափանցիկ համակարգ:

Բուն խնդիրն այն է, որ իշխանությունը բախվել է իր իսկ երկար տարիների քաղաքականության հետեւանքին՝ հանրային, պետական արժեհամակարգային դաշտի անապատացմանը, սկզբունքների փոշիացմանն ու լղոզմանը, պետական եւ հանրային արժեքային հենասյուներ ձեւավորելու, սկզբունքային միջնապատեր կառուցելու փոխարեն ընդամենը կենացա-պաթոսային հայրենասիրության ծղոտներ շարելու հետեւանքին:Իշխանությունը ներկայում բախվել է խոշոր հաշվով իր իսկ կուրացրած հանրության արձագանքին, այլ կերպ ասած` հանրությանը դիտավորությամբ իր իսկ հասցրած վնասի հետեւանքին:Բայց իշխանության պահվածքը վկայում է, որ չի գիտակցում իր իսկ արածի չափն ու վտանգը: Դա է վկայում այն, որ հանրության շրջանում առաջացրած արդարացի, հիմնավոր դիտողությունների հանդեպ իշխանությունը փորձում է կրկին ծածանել կենացա-պաթոսային հասկացությունների ծակծկված ցանցը, ապավինելով դրա տեղեկատվական նոր կարկատաններին:Կամ էլ այդ ամենը գիտակցվում է շատ հստակ, պարզապես գերակայությունն ու առաջնահերթությունը շարունակում է մնալ կուսակցա-կլանայինը, թայֆայականը, իշխանականը:Այլապես, Սերժ Սարգսյանը կխնայեր իր իսկ նշանակած վարչապետին ու պաշտպանության նախարարին, նրանց շուրջ գեներացված փոփոխությունների հանրային սպասման քիչ թե շատ բարենպաստ մթնոլորտը, որը եւս ինչ որ առումով անսպասելի եւ հանրային մեծահոգության ու պետականապաշտության ներքին մղման դրսեւորում էր, ի տարբերություն «էլիտայի»:Կխնայեր, եւ մինչ այդօրինակ նախաձեռնությամբ հանդես գալը` այն էլ դնելով դա պաշտպանության նախարարի ռազմա-քաղաքական իմաստով փխրուն ուսերին, կդիմեր հանրությանը, կհայտներ իր ներողությունն ու շնորհակալությունը, կներկայացներ «էլիտայի» կոնկրետ պատասխանատվության հստակ եւ կատարվող քայլերը ու կխնդրեր հասարակությանը խորհել զինված ուժերի աջակցության համահասարակական կամ համազգային համակարգի ձեւավորման մոդելի շուրջ:Թե ինչու՞ Սարգսյանը որոշեց այդպես վարվել իր նշանակած վարչապետի եւ պաշտպանության նախարարի հետ, որոնց նշանակումը փաստացի փոփոխության խորհրդանիշ էր հռչակել, այլ խոսակցության նյութ է: Թերեւս այն բանի համար, որ վարչապետը չմտածի, թե փոփոխության խորհրդանիշից կարող է դառնալ իշխանության խորհրդանիշ:

 

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing