Լրահոս

Սերժ Սարգսյանի հերթական անակնկալը

 

 

138352ce05e666ca269e3a3e4a1e8e94

1in.am– Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրաժարականից հետո իրարամերժ տեղեկություններ են հրապարակվում նոր գլխավոր դատախազի թեկնածության շուրջ, որին Սերժ Սարգսյանը պետք է ներկայացնի ԱԺ, իսկ ԱԺ-ն էլ փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրի 6 տարով կամ չընտրի: Ի դեպ, այս առումով հետաքրքրական է, թե ինչպես սկանդալային ստացվեց նախկին գլխավոր դատախազի, այսինքն՝ Գևորգ Կոստանյանի ընտրությունը: Նրան դեմ էր քվեարկել ընդամենը 3 պատգամավոր, այն դեպքում, երբ, այսպես ասած, ընդդիմադիր պատգամավորների թիվը ԱԺ-ում նույնիսկ երեք տասնյակից ավելի էր, եթե հաշվի առնենք ընդդիմության քողի տակ հանդես եկող և ոչիշխանական բևեռը գլխավորող ԲՀԿ-ին: Նույնիսկ միայն ՀԱԿ խմբակցությունն ուներ 7 պատգամավոր:

Սկանդալը բռնկվեց հենց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի քայլից, որը նկարահանել էր իր քվեաթերթիկը՝ ցույց տալով, որ ինքը դեմ է քվեարկել: Հետո ընդդիմադիրներից շատերը նրան հակադարձելու համար մեղադրում էին սադրանքի և իշխանության պատվերով աղմուկ բարձրացնելու համար, այդ ժամանակ «քաղաքագիտական վերլուծության» արդյունքում ձևավորված ընդդիմությանը վարկաբեկելու համար:

Կլինե՞ն նման պատմություններ նոր գլխավոր դատախազի ընտրության հարցում թե ոչ՝ ցույց կտա ժամանակը: Սակայն դեռ պարզ չէ նույնիսկ, թե ով է լինելու նոր դատախազի թեկնածուն:

Սա իհարկե բնորոշ է Սերժ Սարգսյանին, հատկապես այժմ, երբ նա շատ մոտեցել է իշխանության վերաձևավորման եզրագծին: Չունենալով կայուն իշխանական հենարան՝ Սերժ Սարգսյանը զգալիորեն գաղտնի է պահում իր կադրային որոշումները՝ այդպիսով անակնկալ մատուցելով ոչ միայն հասարակությանը, այլև անակնկալի բերելով հենց իշխանությանը: Նման վառ օրինակ էր ԱԱԾ պետի նշանակումը: Սերժ Սարգսյանը կարևոր այդ համակարգում պետ նշանակեց բոլորի համար անսպասելի թեկնածուի՝ իր օգնական Գեորգի Կուտոյանին, որը ընդհանրապես «խորթ» էր այդ համակարգին: Սակայն ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանը առաջնորդվում էր իր համար վստահելիության չափանիշով: Դատախազությունն էլ հանդիսանում է կարևոր օղակ՝ այն իմաստով, որ Սերժ Սարգսյանի համար այսօր իրավապահ համակարգն է քիչ թե շատ կայուն հենարանը իշխանության մեջ, նաև նոր իշխանություն ձևավորելու քիչ թե շատ արդյունավետ ու կենսունակ գործիքը:

Այս առումով, եթե զուտ զվարճանքի համար հետաքրքիր է հարցը, թե կկրկնվի՞ արդյոք Կոստանյանի քվեարկության տեսարանը, ապա ներքին զարգացումների տրամաբանության տեսանկյունից հետաքրքրական է, թե արդյոք Սերժ Սարգսյանը նոր գլխավոր դատախազի հարցում կգործի՞ նույն ոճով, ինչպես օրինակ ԱԱԾ նոր պետի նշանակման հարցում: Կլինի լիովին նոր մա՞րդ, որը միաժամանակ լիովին վստահելի է Սարգսյանի համար, թե՞ նոր գլխավոր դատախազը այդուհանդերձ կլինի համակարգից, ինչը, այսպես թե այնպես, առաջ է բերելու Սարգսյանի համար վստահելիության որոշակի պակաս աստիճան, քանի որ գործող համակարգի մեջ եղած անձը անկասկած նվազագույն որևէ աստիճանով միահյուսված է լինելու տարբեր շերտավորումների՝ դրանից բխող որոշակի հետևանքներով:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing