Լրահոս

Սերժ Սարգսյանի հետաքրքիր նշանը

 

Հայաստանում խորհրդարանի ընտրությունից հետո հնչած դիտարկումներում զգալի տեղ էր զբաղեցնում այն, թե աննախադեպ էր հետընտրական ցնցումների բացակայությունը: Իհարկե այստեղ բացատրություն է ոչ միայն «անաղմուկ» ընտրության տեխնոլոգիան, այլ նաև այն, որ խորհրդարանի ընտրությունները Հայաստանի համար գործնականում միշտ էլ հետընտրական առումով չեն եղել ցնցումային: Հետընտրական իրականության մասով առավել աչքի ընկնող է մեկ այլ բան, ինչը գուցե իսկապես աննախադեպ է: Արդեն մոտ մեկ ամիս է, ինչ տեղի է ունեցել քվեարկությունն ու հայտարարվել է արդյունքը, սակայն դեռևս պարզ չէ խորհրդարանի անվանական կազմն ու մեծամասնությունը, ընդ որում՝ թե իշխանական, թե ընդդիմադիր, դեռևս չի ներկայացրել հանրությանը, թե ովքեր են վերցնում մանդատները:

Ահա այդ առումով մենք ունենք իսկապես բացառիկ մի հետընտրական շրջան: Մյուս կողմից, այս հանգամանքը պայմանավորված է թերևս ոչ այնքան ընտրության այսպես ասած բնույթով և որակով, որքան մեկ այլ ոչ ընտրական հանգամանքով: Խոսքը 2018 թվականի ապրիլի մասին է, երբ ավարտվելու է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը և նա թողնելու է նախագահի պաշտոնը: Դրանից հետո պետք է ձևավորվի նոր կառավարություն և Հայաստանն այլևս անցնելու է խորհրդարանական լիարժեք կառավարման մոդելի: Կասկած չկա, որ ներկայիս հետընտրական զարգացումների առանցքում հենց այդ խնդրի հանգուցալուծումն է, Սերժ Սարգսյանի նախագահի պաշտոնը թողնելու և նոր վարչապետի խնդիրը: Ահա այդ հանգամանքն էլ բերել է աննախադեպ երկար ձգվող հետընտրական մանդատային անորոշության: Մնալո՞ւ է Սերժ Սարգսյանը, գնալո՞ւէ, կամ ինչպե՞ս է մնալու և ինչպես է գնալու: Այդ հարցերը դառնում են ավելի ու ավելի առանցքային՝ իհարկե ոչ թե պետական և հանրային շահի անմիջական սպասարկման, այլ դրանից հետո գործնականում միայն անուղղակի առնչություն ունեցող ներքաղաքական զարգացումների համատեքստում:

Այդ տեսանկյունից հանրությունը փորձում է քննարկել տարբեր վարկածներ և սցենարներ: Դրանց համատեքստում օրերս տեղի ունեցավ մի բան, որը բավականին ուշագրավ էր, թեև դուրս մնաց փորձագիտական և լրագրողական հանրության հայացքից: Խոսքն «ազգ-բանակ» համաժողովում Սերժ Սարգսյանի ելույթի մասին էր: Համաժողովը կազմակերպել էր պաշտպանության նախարարությունը: Ինչպես հայտնի է, «ազգ-բանակ» հայեցակարգը պաշտպանության համեմատաբար նոր նախարար Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունն է, որ նա առաջ քաշեց հենց նշանակվելուց հետո՝ 2016-ի աշնանը: Վիգեն Սարգսյանը գլխավորեց ՀՀԿ համամասնական ցուցակը, թեև, եթե վարչապետ Կարեն Կարապետյանը բավարարեր սահմանադրական պահանջին՝ չորս տարվա մշտական բնակության վերաբերյալ, ապա ամենայն հավանականությամբ ցուցակը կգլխավորեր հենց նա: Առավել ևս, որ հենց Կարեն Կարապետյանն էր գլխավորում քարոզարշավը: Սակայն բավականին նկատելի է, որ 2018-ի վարչապետի պաշտոնի համար Վիգեն Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը մրցակիցներ են և էականն այն չէ, թե ով է գլխավորել ցուցակը, այլ այն, թե ով է լինելու ի վերջո վարչապետ: Ընդ որում, չպետք է բացառել որևէ այլ տարբերակ:

Այդուհանդերձ, ակնառու է, որ «ազգ-բանակ» հայեցակարգը լինելու է Վիգեն Սարգսյանի խաղաքարտերից մեկը, և նա ընտրությունից հետո փաստորեն ձեռնամուխ է լինում դրա գործնական խաղարկմանը: Այդ առումով, պաշտպանության նախարարության կազմակերպած համաժողովում Սերժ Սարգսյանի բացման կամ ողջույնի ելույթը իսկապես դիտարժան է բավական հետաքրքիր մի նրբերանգի տեսանկյունից: Այդ ելույթը, այսպես ասած, ապածրագրային էր, ավելի շուտ գրական-գեղարվեստական, զգայական: Մինչդեռ, «ազգ-բանակ» թեմայով համաժողովը թերևս պահանջում էր լիովին հակառակը: Ինչն, օրինակ, առկա էր Վիգեն Սարգսյանի ելույթում՝ կոնկրետ առաջարկի, ծրագրայնության իմաստով:

Սերժ Սարգսյանի ելույթը խոհափիլիսոփայական էր, այսպես ասած՝ «պատրիարքային», բայց ոչ ծրագրային, որը հարիր կլիներ կառավարման հավակնությանը: Ընդ որում, ծրագրայնության բացակայությունն աչքի էր խփում ոչ միայն Վիգեն Սարգսյանի ելույթի և նախաձեռնության, կոնկրետ առաջարկների ֆոնին՝ ինչպիսին են դրանք, այլ քննարկման հարց է, այլ նաև Սերժ Սարգսյանի մարտի 25-ի արցախյան ելույթի ֆոնին, երբ նա խոսում էր անվտանգության և իր դերակատարության մասին: «Ազգ-բանակ» համաժողովը հիանալի հնարավորություն էր՝ զարգացնել մարտի 25-ի ելույթը, արդեն ավելի ազատ հետընտրական մթնոլորտում: Սակայն Սերժ Սարգսյանը, ծրագրային և կոնկրետ զարգացման փոխարեն, շեղվեց դեպի գրական-գեղարվեստական բովանդակությունը, խոհափիլիսոփայականությունը, կարծես թե ծրագրայինի համար փորձելով այսպես ասած չստվերել պաշտպանության նախարարի հայտը, առաջ թողնել նրան: Հիմք է արդյոք դա անել Սերժ Սարգսյանի հետագա ծրագրերի և 2018-ի խնդրի վերաբերյալ որոշակի հետևություն, թե ոչ: Դա նշա՞ն էր, որ Սերժ Սարգսյանն աստիճանաբար պատրաստվում է թողնել կառավարման ղեկը: Անկասկած, դեռևս կհոսեն շատ ջրեր, սակայն ուշագրավ էր թե պաշտպանության նախարարի, թե նաև հենց իր մարտի 25-ի ելույթի հանդեպ Սերժ Սարգսյանի համաժողովային ելույթի բավական կտրուկ բովանդակային կոնտրաստը:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

1in.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing