Լրահոս

Սերժ Սարգսյանի հիպոտեկը

 

Հայաստանի պետական պարտքը հատում է 6 միլիարդ դոլարը: Համենայն դեպս 2016 թվականին այն արդեն կազմել է 5,9 միլիարդ դոլար: Արտաքին պարտքը հատկապես արագ աճել է վերջին մի քանի տարիների ընթացքում, քանի որ Հայաստանի կառավարությունները չեն կարողացել ապահովել պետության տնտեսական քաղաքականության ավելի կենսունակ միջոց: Նրանք պարտք են վերցրել, անընդհատ, ընդամենը գոյություն պահպանելու համար:
Պետական պարտքը վտանգավոր երեւույթ է դառնում հենց այդ պարագայում, երբ այն ոչ թե զարգացման, այլ գոյատեւման միջոց է: Այլապես պարտք ունեն բոլոր պետությունները, անգամ ամենազարգացած: Խնդիրն այն է, թե ինչի է ծառայում այդ պարտքը:
Հայաստանում պարտքը ծառայել է ընդամենն իբրեւ տնտեսության «թմրանյութ», «անզգայացնող» միջոց: Իշխանությունը տնտեսությանը ներարկել է այն, իսկ դրա ներքո զբաղված է եղել ներիշխանական հարցեր լուծելով՝ տնտեսության իրական զարգացման հեռանկարի մասին մտածելու փոխարեն:
Ընդ որում, դեռեւս պարզ չէ, թե արդյոք Հայաստանն այժմ ունի պարտքից բացի այլ գործիք, որը թույլ կտա կառավարել տնտեսությունն ու բերել այն համակարգային աճի վիճակի: Հայտարարություններ, որ անում է ներկայիս կառավարությունը, վարչապետը, նախարարները, անում էին նաեւ նախորդ կառավարությունների ղեկավարներն ու նախարարները: Հովիկ Աբրահամյանն օրինակ հորդորում էր նախարարներին չլռել տնտեսական աճի մասին եւ գնալ ու հանրությանը ներկայացնել այն: Տիգրան Սարգսյանն ընդհանրապես խոսում էր այն մասին, որ Հայաստանը խաղաղ հանգրվան է լինելու համաշխարհային փոթորկից փրկվելու տեղ փնտրող կապիտալի համար: Հիմա Սարգսյանը խաղաղ հանգրվանել է Հայաստանից հեռու՝ Մոսկվայում:
Ընդ որում, Սերժ Սարգսյանն ինքն է թերեւս ցույց տալիս, որ կառավարության խոսքերը առ այսօր չունեն արժեք: Որովհետեւ Սերժ Սարգսյանը խոսում է 2040 թվականի ինչ որ տնտեսական ցուցանիշների մասին: Այն, որ իշխանությունը պետք է պլանավորի ցուցանիշներ թե 2040-ի, թե 2050-ի ու գուցե 3000-ի համար, աներկբա է: Բայց հանրությանը պետք է ներկայացվեն ցուցանիշներ, խոստումներ ու նշաձողեր ընտրական, ոչ թե տիեզերական ցիկլերի կտրվածքով:
Եթե Սերժ Սարգսյանն անցնում է «տիեզերական» ցիկլերով խոստումների, դա նշանակում է, որ նա չի տեսնում ընտրական ցիկլերով խոստման իրատեսական հեռանկար: Իսկ պետական պարտքն ավելացնելը նրա համար անձնական վտանգ չէ, բայց անձնական իշխանության խնդիր կարող է լինել չիրականացված խոստումների ծավալն ավելացնելը: Հետեւաբար, նա խոսում է 2040-ի մասին:
Իրականում դա ակնարկ չէ, որ պատրաստվում է լինել կամ լինելու է կառավարման ղեկավար մինչեւ այդ թվական: Եթե Սարգսյանն իրապես ունենար այդպիսի համոզվածություն, ապա բացարձակապես չէր խոսի այդ մասին: Հակառակը, նա հնարավորինս կթաքցներ դա:
Իրականում Սարգսյանը գծագրել է չեղած, անիրատեսական հավակնություն, ավելի մոտ ժամկետի անիրատեսականն իրականանալի դարձնելու ակնկալիքով: Այդ իսկ պատճառով 2018-ը նա ավելի անորոշ է պահում, քան 2040-ը: Որովհետեւ նրա խնդիրը 2018-ն է, ոչ թե 2040-ը:
Իսկ դա նշանակում է, որ Հայաստանը շարունակելու է լինել պարտքի հույսին: Եթե արդեն վերցրածը լրիվ չի սպառվել, առաջիկայում քիչ կվերցնեն, եւ պետությունը կգոյատեւի արդեն վերցրածով, մինչեւ Սարգսյանը կլուծի իշխանության խնդիրն ու կրկին ձեռնամուխ կլինի նոր պարտք վերցնելու:
Դա իհարկե վատագույն սցենարն է, որովհետեւ Սերժ Սարգսյանը տեսականում ունի պետության շահը գոնե նախագահության տասնամյակի վերջում ոչ թե միջոց, այլ նպատակ դիտարկելու հնարավորություն եւ անձնական իշխանությունն այդ նպատակին զոհաբերելու իմաստնություն: Սարգսյանն իշխանությունը տասը տարի պահել է պարտքով, բայց պարտքը վճարել է պետությունը: Պետությունն այլեւս չունի Սերժ Սարգսյանի իշխանության «հիպոտեկը» վճարելու հնարավորություն:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing