Լրահոս

Սերժ Սարգսյանի հրահանգը գեներալ Մանվելին

 

arm146391967047

lragir.am-ը գրում է. ԵԿՄ վարչության մամուլի պատասխանատու Վարդան Վարդանյանը հայտարարել է, որ Մանվել Գրիգորյանը մեծ ավանդ է ունեցել քառօրյա պատերազմում, որն առանց նրա չէր դադարի: Փաստորեն, նրա ասածից ստացվում է, որ գեներալը եւս պատկանում է այն շրջանակին, որոնք պատերազմը դադարեցրել են այն պայմաններում, երբ հայկական զինուժը պատրաստ էր վերականգնել 800 հա տարածքային կորուստը:
Այսինքն, գեներալ Մանվելն այդ նպատակո՞վ է ուղարկվել Արցախ:
Գեներալ Մանվելի ներկայությունը բավական սկանդալային ստացվեց, Ստեփանակերտի հյուրանոցներից ու ռեստորաններից մինչեւ հարավային ճակատի շլագբաումներն ու տարատեսակ միջադեպերը, օրինակ սպայական «գորոդոկում»: Ճիշտ է, բանակը արագ կարգավորեց երկրապահների մարտական հերթապահությունն ու կեցության պայմանները, բայց այդ ընթացքում բավական լարվածություն էր առաջացել բանակի ու բնակչության շրջանում, ընդ որում, նաեւ մտահոգություններ:
Եվ ահա, նրա մամուլի խոսնակն ասում է, որ նա մեծ ավանդ է ունեցել քառօրյա պատերազմի դադարեցման գործում: Այդ «դադարեցումը» արդեն լուրջ խմորումների ու զրույցների թեմա է դարձել Հայաստանում ու Արցախում, հանրությանն այդպես էլ չեն ասում, թե ինչի համար են գնացել զինադադարի, ինչու են զինադադարի արդյունքում հակառակորդի վերահսկողության տակ անցած տարածքները հռչակվում «անկարեւոր»:
Դա՞ էր գեներալ Մանվելի «առաքելությունը»:
«Իմ կարծիքով, գեներալ Մանվել Գրիգորյանը գերագույն հրամանատարի հետ խորհրդակցելուց հետո կորոշի, կքննարկեն իր՝ առաջնագծում մնալու անհրաժեշտությունը, որից հետո պարզ կդառնա, թե երբ է վերադառնալու», ասել է ԵԿՄ խոսնակը, պատասխանելով հարցին, թե երբ է վերադառնալու Մանվել Գրիգորյանը: Նա ավելացրել է, որ քանի դեռ խաղաղության մեծ պայմանագիրը չի կնքվել, ԵԿՄ-ն միշտ լինելու է սահմանին:
Հայտնի է, թե հայկական դիվանագիտությունն ինչ է հասկանում խաղաղության մեծ պայմանագրի տակ: Դա մադրիդյան սկզբունքներն են՝ տարածքներ ինչ որ անորոշ կարգավիճակի դիմաց: Այդ մասին բոլորովին վերջերս հայտարարեց ԱԳ նախարար Նալբանդյանը:
Մանվել Գրիգորյանն ու ԵԿՄ-ն իհարկե կարեւոր առաքելություն ունեն կատարելու, ինչպես ասել է Սեյրան Օհանյանը: Սակայն, այդ կարեւոր առաքելությունը կարելի էր կազմակերպել այլ կերպ՝ սահման մեկներ ոչ թե հասարակական կազմակերպությունը, այլ զինկոմիսարիատների միջոցով զորակոչեին երկրապահներին, ինչի մասին խոսում են իրենք՝ երկրապահները:
Եթե նպատակը ժողովրդական մեծ համախմբում ցուցադրելն էր առաջին հերթին հակառակորդին, ապա միեւնույն է, դրանից իրավիճակը չի փոխվում: Ժամանակները փոխվել են, ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը՝ փոխվել են նաեւ ռազմական գործողությունների վարման տեխնոլոգիաներն ու միջոցները: Հայկական կողմի ոչնչացրած տանկերի քանակը դրա ապացույցն է: Ընդ որում, խնդիրը ոչ միայն 80-ականների զենքն է, այլեւ 80-ականների մտածողությունը, իրանց սպառած առասպելներն ու պատկերացումները:
Այս ամենը վաղուց անցյալում է, եւ ռազմա-քաղաքական ղեկավարությունից պահանջվում է համարժեքություն նոր իրողություններին: Ապրիլյան պատերազմում դրսեւորվեց հայ զինվորի ու սպայի անօրինակ քաջությունն ու ոգին, որն առաջին պայմանն է: Մնացյալ ամեն ինչում ռազմա-քաղաքական ղեկավարությունը հետ է մնացել նոր իրողություններից:
Ժամանակն է այս ամենը թողնել անցյալում եւ կատարել համարժեք քայլեր՝ զինվորի ոգուն ու քաջությանը հարիր: Եթե այդ քայլերը չեն արվում, ապա գեներալ Մանվելի ներկայությունը ոչ թե բանակի, այլ ռազմա-քաղաքական ղեկավարության թիկունքը պահելու համար է, ընդամենը:
Առաջին պատերազմի փորձառու հրամանատարները նշում են, որ իրավիճակում բեկում է առաջացել՝ հակառակորդը հաղթահարել է վախը հայկական կողմի հանդեպ, մի բան, որը նրան զսպող գլխավոր գործոնն է եղել: 2014 թ. Ադրբեջանին հուժկու հարվածներ հասցնելուց հետո հայկական բանակի վրա ուժեղացավ արտաքին ճնշումը: Դրա շահառուն Ռուսաստանն էր, որին ոչ մի կերպ չէր հաջողվում կազմակերպել ադրբեջանական բանակը եւ հասնել իր ծրագրի իրագործմանը:
Ռուսաստանը շարունակեց զինել Ադրբեջանին եւ համապատասխան մասնագետներ ու հետախուզական անհրաժեշտ տեղեկություններ տրամադրեց նրան, պատրաստելով ապրիլյան պատերազմին, զուգահեռ Հայաստանին զենք չմատակարարելով:
Այս ընթացքում ադրբեջանական կողմը մի քանի հաջողված դիվերսիաներ կազմակերպեց, որոնք մնացին անպատասխան: Դա այն ճակատագրական պահն էր, որից հետո Ադրբեջանն իրեն լիովին պատրաստ զգաց լայնածավալ հարձակման համար:
Այդ հարձակումը կասեցվեց ծանր գնով, որի պատճառների մասին շատ է խոսվել, եւ գլխավոր պատճառն էլ ռազմա-քաղաքական ղեկավարության անվճռական պահվածքն էր թե դրան նախորդող ժամանակաշրջանում, թե պատերազմի օրերին: Հայաստանը չունի նյութական այնքան ռեսուրս, որքան Ադրբեջանը, բայց ուներ հնարավորություն ադրբեջանական ամեն մի դիվերսիայի դիմաց հուժկու հարվածներ հասցնելու, այդ թվում՝ նոր տարածքներ ու բնակավայրեր գրավելով: Այդ մասին հայտարարում էին հենց ռազմա-քաղաքական պատասխանատուները: Միայն դա կզսպեր Ադրբեջանին: Սակայն Բաքուն համոզվեց, որ իր ռազմավարական գործընկերը՝ Ռուսաստանը, լիովին վերահսկում է իրավիճակը եւ թույլ չի տա հայկական կողմին հարվածներ հասցնել, հայկական կողմն էլ կենթարկվի դրան: Դա էլ տեղի էր ունենում, եւ զինադադարն էլ տեղի ունեցավ այդ կերպ:
Այնպես որ, Ադրբեջանի վախը հաղթահարված է, եւ ավանդական մեթոդներն արդեն սպառված են: Կա միայն մեկ իրողություն՝ հայ զինվորն ու սպան աշխարհում ամենալավ կռվողներն են, եւ պետք չէ կապել նրանց ձեռքերը, նրանց պահել վանդակում: Նրանք ընդունակ են լուծել ցանկացած խնդիր, այդ թվում աշխարհքաղաքական: Եթե ռազմա-քաղաքական ղեկավարությունը նրանց չի վստահում, նշանակում է՝ կա այլ իրավիճակ, որի համար պետք են իրենց դարն ապրած «ֆելդմարշալները»:
Գեներալ Մանվելին պետք է անհապաղ հետ կանչել, նրա անհրաժեշտությունն առաջնագծում չկա: Դա կլինի նաեւ մարդասիրական քայլ: Առաջնագծում անհրաժեշտություն կա վճռականության ու ինքնիշխան քայլերի:


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am