Լրահոս

Սերժ Սարգսյանի կրկնակի մերժումը. Նա հեռացավ Հայաստանից

 

Երեւանի քաղաքապետի ընտրությանը մատնահետք արձանագրող սարքը հերթական անգամ չի ճանաչել Սերժ Սարգսյանի մատները: Տպավորություն է եղել, թե նա նույնիսկ բարկացել է դրանից: Սերժ Սարգսյանն անկասկած ունի բարկության առիթ: Նույն պատմությունը կրկնվել էր մեկուկես ամիս առաջ, խորհրդարանի ընտրությանը: Այն ժամանակ Սարգսյանը հանգիստ էր վերաբերել տեղի ունեցածին, անկասկած նկատի ունենալով, որ տեխնոլոգիան նոր է, կիրառվում է առաջին անգամ:
Ավելին, այդ տեխնոլոգիան լինելու էր «անաղմուկ ընտրության» նրա հանձնառության ու ծրագրի կարեւոր բաղադրիչներից մեկը, որ իրագործվում էր միջազգային հանրության աջակցությամբ: «Անաղմուկ ընտրությունը» լինելու է Սերժ Սարգսյանի համար հենց այդ հանրության մոտ 2018-ի իր քաղաքական ծրագրերն առաջ մղելու կարեւոր գործոններից մեկը, եւ նա իհարկե իրեն բնորոշ սառնասրտությամբ հաշվարկեց, որ արժե «աղմկել» մատնահետք չճանաչելու փոքր խնդրի համար, քանի որ կարեւոր է ավելի մեծ ու խոշոր խաղադրույքը:
Բայց, անցել է մեկուկես ամիս, եւ նոր տեխնոլոգիան կրկին չի ճանաչում Սերժ Սարգսյանին: Արդեն կա մտահոգության տեղ, քանի որ այդ հանգամանքը կարծես թե դառնում է օրինաչափություն, այն էլ խորհրդանշական օրինաչափություն:
Նոր տեխնոլոգիան խորհրդանշում է ապագան, եւ փաստացի ստացվում է, որ ապագան չի ճանաչում Սերժ Սարգսյանին, նույնիսկ առաջին անգամից մեկուկես ամիս անց: Եվ եթե կա անգամ զուտ տեխնիկական սպասարկման խնդիր, ապա ստացվում է, որ մեկուկես ամիս անց էլ խնիրը վերացված չէ:
Մինչդեռ, դատելով Հայաստանում իշխանության բնույթից եւ համակարգային կարգապահության առանձնահատկությունից, պատասխանատուները պետք է ամեն ինչ արած լինեին, որպեսզի չկրկնվեր առաջին դեպքն ու Սերժ Սարգսյանը չհայտնվեր մերժվածի վիճակում: Փաստորեն, պատասխանատուները դա չեն արել, չեն ապահովել սարքի եւ Սերժ Սարգսյանի անխափան շփումը: Այսինքն, անտեսել են Սարգսյանին: Այլ կերպ ասած, ստացվում է, որ ոչ միայն ապագան խորհրդանշող տեխնոլոգիական համակարգը չի ճանաչել Սարգսյանին, այլ նաեւ անցյալն ու ներկան խորհրդանշող Հայաստանի իշխող համակարգը:
Աստծուն ու գիտությանը խորապես հավատացող մարդու համար, իսկ Սերժ Սարգսյանն աստվածավախ եւ առաջադեմ գործիչ է, ապագայի հետ մեկուկես ամիս անց կրկնվող չստացված «առերեսումը» իսկապես վատ նախանշան է քաղաքական ծրագրերի հեռանկարի տեսանկյունից:
Ի դեպ, խորհրդանշական է, որ քվեարկությունից հետո Սերժ Սարգսյանը հեռացավ Հայաստանից: Իհարկե պաշտոնական այցով, մեկնելով Քաթարի հանրապետություն:
Նավթային այդ տերությունը փորձում է զարգանալ չափազանց արագ, ձգտելով նավթադոլարները ներդնել նորագույն տեխնոլոգիաներում: Ըստ երեւույթին, Սերժ Սարգսյանը Քաթարում կփորձի յուրացնել արեւելյան մտածողության եւ նոր տեխնոլոգիաների համադրման ներդաշնակ բանաձեւը: Սարգսյանը կանգնած է այդ բարդագույն խնդրի առաջ, որովհետեւ Հայաստանը հասել է այդ սահմանային կետին:
Սարգսյանը կփորձի լուծումը գտնել «եւ-եւ»-ի տիրույթում, ինչպես միշտ: Բայց ըստ ամենայնի անխուսափելի է լինելու «կամ-կամը»: Սարգսյանը կամ կզիջի Հայաստանի ապագային, կամ իր ապագային կզոհաբերի Հայաստանը:

 


Կիսվիր ընկերներիդ հետ


Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing