Լրահոս

Սերժ Սարգսյանի մտերմի խնդիրը. շանտա՞ժ, թե՞ տապալում

 

Հայտարարություն է տարածել Թեղուտի հանքավայրի սեփականատեր Վալեքս ընկերությունը, որում նշվում է, որ հանքավայրում ներգրավված 1190 աշխատողներից կմնա միայն 300-ը, իսկ մնացածը փաստացի կհայտնվեն գործազուրկի կարգավիճակում: Վալեքսը հայտարարում է, որ նրանցից հատկապես բարձր որակավորում ունեցող 200-ին կտեղափոխեն ընկերության սեփականություն հանդիսացող այլ հանքավայրեր՝ աշխատանքի համար:

Վալեքսը Թեղուտի վերաբերյալ հայտարարություն էր տարածել օրերս, այն մասին, որ դադարեցնում է հանքավայրի աշխատանքը: Դրանում նշվում էր, որ ընկերությունն ունի տեխնիկա-տեխնոլոգիական, գիտական աջակցության կարիք՝  թե Հայաստանից, թե արտերկրից, իր առաջ դրված խնդիրները լուծելու եւ աշխատանքը արդյունավետ շարունակելու, արդյունավետությունը բարձրացնելու եւ վարկը վերադարձնելու համար:Թեղուտի խնդիրները սկսվեցին Դանիայից ստացված վատ տեղեկությամբ: Դանիայի կենսաթոշակային մասնավոր ֆոնդը նախորդ տարի հոկտեմբերին դադարեցրեց Թեղուտի ֆինանսավորումը, որի պատճառ դարձան դանիացի լրագրողների հրապարակումներն այն մասին, որ Թեղուտի շահագործումը տեղի է ունենում բնապահպանական կոպիտ խախտումներով:

Եվ ահա դրանից մի քանի ամիս անց Թեղուտի սեփականատերը հայտարարում է աշխատանքը դադարեցնելու մասին: Արդյոք պատճառը փողի, այլ ֆինանսավորողի բացակայությունն է, թե՞ կան այլ պատճառներ, տնտեսական կամ քաղաքական: Համենայն դեպս ուշագրավ է նաեւ հանգամանքը, որ Թեղուտի աշխատանքը դադարեցնելու մասին հայտարարվում է Հայաստանում իշխանության ձեւավորման, կառավարման մոդելի փոփոխության հանգուցային փուլին ընդառաջ:Փուլ, որն աչքի է ընկնում նաեւ Հայաստանում կապիտալի քարտեզի վերանայման գործընթացով, հաշվի առնելով իշխանության եւ խոշոր կապիտալի սերտաճումը: Ընդ որում, մամուլը Թեղուտի սեփականատեր Վալերի Մեջլումյանին դիտարկում է Սերժ Սարգսյանի մտերիմներից: Ըստ այդմ հարց է առաջանում, արդյոք խնդիր ունի Սերժ Սարգսյանի մտերիմը, թե՞ մամուլի այդ գնահատականները չափազանցություն են:

Համենայն դեպս, Թեղուտի մեկնարկը տրվում էր Սերժ Սարգսյանի ներկայությամբ:Իսկ արդյոք ներկայիս փուլում խոշոր ծրագրի դադարեցումը կարող է իր մեջ պարունակել շանտաժի կամ սաբոտաժի տարր: Միեւնույն ժամանակ, հայտնի է, որ Թեղուտի վարկավորումն իրականացվում էր ՎՏԲ բանկի միջոցով: Այդ բանկի հետ կապված կան մի շարք աղմկոտ պատմություններ, կապված թե դրա բաժնետերերի թվում ադրբեջանական բաժնեմասի, թե ռուսական պատժամիջոցների ենթարկված սուբյեկտների ցանկում գտնվելու հետ:Բոլոր դեպքերում, ուշագրավ է ներկայիս փուլում խոշոր հանքարդյունաբերական ծրագրի դադարեցումը: Այդ ծրագիրը բավական քննադատության էր արժանացել իր բնապահպանական խնդիրների պատճառով, այդուհանդերձ սկսեց իրագործվել:

Միեւնույն ժամանակ, վերջին շաբաթներին տեղեկություններ եղան նաեւ պոչամբարի հետ կապված խնդիրների մասին:Արդյոք այդ խնդիրները վերացնելու համար չէ, որ ընկերությունն ակնկալում է գիտական եւ տեխնոլոգիական աջակցություն:Հարց է նաեւ, թե արդյոք կլինի հանքի սեփականատիրոջ փոփոխություն կամ նոր բաժնետիրոջ ներգրավում: Դա կարող է լինել հայաստանյա՞ն, թե՞ արտերկրի որեւէ կազմակերպություն: Հարցերը շատ են, այդ թվում եւ այն, թե ի՞նչ պետք է լինի արդեն բացված հանքի եւ բնությանը պատճառված վնասի հետ: Հարցերի թվում է նաեւ այն, թե ինչ պետք է լինի այն մի քանի հարյուր աշխատողների հետ, որոնք փաստորեն մնում են գործազուրկ եւ մեծ հավանականություն կա, որ ելքը կդիտեն արտագաղթը:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing