Սերժ Սարգսյանի մտրակն ու աղի բլիթը

0

lragir.am — ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հունվարի 25-ին ՀՀԿ գործկոմի նիստից հետո ասել է, որ չեն քննարկել կառավարության եւ վարչապետի հարց: Շարմազանովը ասել է, որ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրինագծերը չեն մշակվում այս կամ այն անձի համար, այլ արվում են պետական համակարգի արդյունավետության համար:

Ապրիլից հետո Սերժ Սարգսյանի ճակատագրի եւ նոր վարչապետի հարցը շարունակում է մնալ անորոշ, թեեւ աճում են պնդումները, թե վարչապետը Սերժ Սարգսյանն է՝ էլ ուրիշ ո՞վ: Ինքը Սերժ Սարգսյանը լռում է: Ֆրանսիա կատարած նրա այցը, ուր հանդիպեց Մակրոնին եւ ելույթ ունեցավ ԵԽԽվ-ում, գնահատվեց հենց այդ դիտանկյունից, իբրեւ վարչապետության ուղղությամբ կատարված եւս մի հաստատուն քայլ: Ինքը Սերժ Սարգսյանը չի շոշափել այդ թեման, միայն ասել է, որ ապրիլից ավելի է արագանալու Հայաստանի ժողովրդավարացման ընթացքը:

Թե ում ոտքն է լինելու արագացնող գազին, Սերժ Սարգսյանը չի ասել:Հետաքրքիր է, որ Եվրոպա կատարած եւ «հաղթական» բնորոշված այցից հետո ՀՀԿ գործկոմի նիստում Սերժ Սարգսյանը չի գնացել խաղաքարտերը գոնե մի քիչ բացելու: Հետաքրքիր է նաեւ, որ վարչապետի մասին հարցին ի պատասխան, ՀՀԿ խոսնակը՝ նիստից հետո, չի փորձել կրկնել Սերժ Սարգսյանի անփոխարինելի առաջնորդության մասին տեսակետը: Մինչդեռ ՀՀԿ ներկայացուցիչները, հատկապես այսպես ասած նոր սերնդի կամ երիտասարդ թեւի, առիթը բաց չեն թողնում այդ մասին իրենց կարծիքը հնչեցնելու համար: Այդ տեսանկյունից է ուշագրավ, որ Էդուարդ Շարմազանովը «բաց է թողել» առիթը:

Մյուս կողմից, դա գուցե ոչ թե նշան է, որ ինչ որ բան այն չէ, այլ հակառակը՝ այդ թեւի որոշակի խուճապն անցել է, կա վստահություն, որ Սերժ Սարգսյանը չի գնում, իրենց մենակ չի թողնում, հետեւաբար նաեւ չկա անփոխարինելիության մասին ամեն առիթով պնդելու անհրաժեշտություն:Բացառված չէ, որ Սարգսյանն ինքն է ասել, թե պետք չէ անընդհատ խոսել այդ մասին: Հնարավոր է նաեւ, որ Սարգսյանն այդ կապակցությամբ խնդրահարույց ազդակներ է ստացել հենց Եվրոպայում: Տարբերակներն անշուշտ կարող են շատ լինել, ենթադրության հիմքերը՝ բազմազան, քանի դեռ Սերժ Սարգսյանն անորոշ է պահում ապագան:

Այդ տեսանկյունից, ՀՀԿ նախօրեի նիստը ունի բավական մեծ խորհրդանշականություն: Այն գրեթե Սուրբ Սարգսի տոնին նախորդած գիշերվա նիստ է: Սուրբ Սարգսի տոնը հունվարի 27-ին է: Դրան նախորդող գիշերը աղի բլիթ են ուտում, երազում սպասելով հարսնացուին կամ փեսացուին:

ՀՀԿ գործկոմի նիստը այդ տեսանկյունից ստանում է հավելյալ ինտրիգ, գրեթե նախորդելով Սուրբ Սարգսի տոնին: Ապագա վարչապետը կուսակցությանը կարող է ներկայանալ երազում, սպիտակ ձիուն նստած: Հնարավոր է այդ պատճառով է Սերժ Սարգսյանը երկարաձգել ինտրիգը, հաշվի առնելով այն ակնածանքը եւ խոնարհումը, որ նա իր նախագահության տասնամյակի ընթացքում ցուցաբերել է Հայ Առաքելական եկեղեցու եւ դրա տոնացույցի հանդեպ:

Ընդ որում, էլ ավելի ուշագրավ է այն, որ դրանից առաջ Սարգսյանը նախագահի աշխատավայրում ընդունել էր ոստիկանապետ Վովա Գասպարյանին: Ըստ այդմ, Ֆրանսիա այցից հետո Սերժ Սարգսյանը կարծես թե ցուցադրում է մտրակի եւ աղի բլիթի քաղաքականություն:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache