Սերժ Սարգսյանի պահանջած տունը իր տարածքով, շինություններով 2 մլն դոլար արժի

106

Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների տան հաշվեկշռային արժեքը կազմում է 907 մլն 817 հազար ՀՀ դրամ: Սա համարժեք է 2 միլիոն դոլարի: Այս մասին փոխանցեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից՝ ի պատասխան ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին ուղղված «Հայկական ժամանակ»-ի գրավոր հարցման: Հիշեցնենք, այս տունը ցանկանում է իրենով անել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

ԱԱԾ ընդունելությունների տան ընդհանուր հողատարածքը կազմում է 25 հազար 519 քառակուսի մետր, իսկ շենք-շինությունների ընդհանուր մակերեսը 3 հազար 128 քառակուսի մետր է: Տարածքում, ընդհանուր առմամբ կա 7 շենք-շինություն՝ հյուրընկալությունների տունը, կաթսայատունը, էլեկտրական ենթակայանը, պահեստը, պահակատունը, հանդերձարան եւ հատուկ վաշտի կացարան:

Ընդունելությունների տան պահպանման եւ սպասարկման համար մեկ տարվա կտրվածքով հատկացվում է 27 մլն 299 հազար ՀՀ դրամ: ԱԱԾ ընդունելությունների տան կոմունալ ծախսերը տարեկան միջին հաշվարկով կազմում են 11 մլն 600 հազար ՀՀ դրամ:

Ի դեպ, նշենք, որ այս շինությունները եւ հողատարածքը Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցվել են ՀՀ կառավարության 1997 թվականի մարտի 6-ի №74 որոշման համաձայն (նախկինում այն պատկանել է տեղեկատվության նախարարությանը):

ՀԺ-ն արդեն գրել է, որ կառավարությունը մերժել է Սերժ Սարգսյանի այս ցանկությունը, քանի որ այն համարվում է հատուկ նշանակության շինություն եւ օգտագործվում է պետության կարիքների համար:

Սերժ Սարգսյանը շարունակում է բնակվել «Կոնդի առանձնատների» ՊՈԱԿ-ի՝ կառավարական դաչաների, իր նախկին ծառայողական շքեղ առանձնատանը:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache