Սերժ Սարգսյանի պատասխանն Ալիեւին. Ապրիլյան բեկում

1

Ադրբեջանում արտահերթ ընտրության վերաբերյալ Ալիեւի հրամանագրից հետո Հայաստանում շատերն առաջին հերթին ուշադրություն դարձրին հանգամանքին, որ Ադրբեջանի նախագահը հոկտեմբերին նախատեսված հերթական ընտրությունը փաստորեն տեղափոխում է ապրիլ, ինչը ժամանակային առումով համընկնում է Հայաստանում առանցքային իրադարձության հետ: 2018-ի ապրիլին Հայաստանն անցնում է խորհրդարանական լիարժեք կառավարման մոդելի, որտեղ թիվ մեկ պաշտոնյան լինելու է վարչապետը, իսկ Սերժ Սարգսյանը վայր է դնելու նախագահի մանդատը:

Բացի զուտ ժամանակագրական կապից, առայժմ չի նշմարվում Հայաստանի եւ Ադրբեջանի «ապրիլների» միջեւ որեւէ ուղիղ կապ: Գերակշռող է վարկածը, որ Ալիեւը իրադարձություններն առաջ է տալիս ներքին շարժառիթներով: Մյուս կողմից, կասկած չկա, որ ներսի խնդիրները, որեւէ պետության դեպքում, եւ առավել եւս ամբողջատիրական պետության, այսպես թե այնպես արտացոլվում են արտաքին ասպարեզում:Դա իհարկե չի նշանակում անմիջական կամ ուղիղ կապ Հայաստանի ապրիլի հետ, սակայն հետաքրքիր է, որ Ալիեւը փաստացի իր համար «ազատում» է 2018-ի աշունը: Համենայն դեպս տեսականում այդպես է: Գործնականում դա հիմք չէ միարժեք պնդելու, որ աշնանն Ալիեւը ծրագրում է արտաքին որեւէ քայլ եւ դրա համար է իրեն ազատում հերթական ընտրության աշնանային բեռից: Գուցե նա իսկապես փորձում է ընդամենը ներքին ընդդիմությանը դնել ցայտնոտի առաջ եւ հնարավորինս մեծ դիրքային առավելություն ունենալ նախագահի ընտրությանը:

Տեսականում դա կարող է ամրացնել Ալիեւի դիրքն արտաքին ասպարեզում, սակայն իրական քաղաքականության ռեժիմում խնդիրները թերեւս այլ տեղ են, եւ Ադրբեջանի նախագահը փորձում է լուծել ոչ թե արտաքին դաշտում ավելի ուժեղանալու, այլ ավելի չթուլանալու հարցեր:Ադրբեջանը փորձեց ձեռք բերել օպերատիվ-մարտավարական սպառազինություն, բելառուսական Պոլոնեզ հրթիռային համակարգի տեսքով, որը պետք է կոտրեր այդ առումով տարածաշրջանում Հայաստանի մենաշնորհը: Բաքվի մոտ դա կարծես թե չի ստացվել: Իսկ ռազմավարական զսպման իրավիճակը ամենեւին ֆրագմենտալ իրողություն չէ եւ միջոց է տարածաշրջանում նաեւ մարտավարական զսպման մեխանիզմներն ամրացնելու համար:Մարտավարական զսպման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների օրակարգում է կամ այսպես ասած Վիեննայի օրակարգում, որը վերհաստատվեց Ժնեւում:

Այդ օրակարգը փոխելու համար Ռուսաստանի հետ աշխատանքը Բաքվի մոտ չստացվեց: Վերջին շաբաթներին Մինսկի խմբի երկու համանախագահ երկրները՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն, նախագահների մակարդակով արեցին հայտարարություններ, որոնք ակնառու վկայեցին՝ Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն մտադիր չեն որեւէ տարածաշրջան զիջել Ռուսաստանին, քանի դեռ Մոսկվան չի համաձայնել խաղալ այն օրակարգով ու կանոններով, որ կսահմանի միջազգային անվտանգության առաջատար Եվրատլանտյան բեւեռը:Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան վերադառնում է աշխարհքաղաքական առաջատար դիրքեր, իսկ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ «նախեւառաջ Ամերիկան» իր կարգախոսը նշանակում է ոչ թե մեկուսացում, այլ հակառակը՝ պատասխանատվություն աշխարհի համար:Դրան զուգահեռ, Վաշինգտոնը հրապարակեց «Կրեմլի ցուցակը», որը իրականում բավական բազմաշերտ էր որպես քաղաքական քայլ, քան կարող է թվալ առաջին հայացքից: Սպիտակ տունը դրանով փաստացի օգնեց Պուտինին քաշել ՌԴ իսթեբլիշմենտի թելերը: Ամենեւին պատահական չէ, որ այդ օրերին Վաշինգտոն են այցելել ՌԴ հատուկ ծառայությունների առանցքային երեք դեմքերը, հետախուզության ղեկավարները:Դա նշանակում է, որ կարող է զգալի սահմանափակվել Կրեմլի վրա Ադրբեջանի ազդեցության հնարավորությունը, որ կատարվում էր հենց այդ իսթեբլիշմենտի տարբեր թեւերի միջոցով:

Այդ իրավիճակում Ալիեւի համար կարող է ժամանակի ընթացքում ավելի ու ավելի բարդ դառնալ ռազմավարական զսպման ռեժիմը մարտավարական զսպման մեխանիզմներով համալրելու Մինսկի համանախագահների օրակարգին դիմադրելը: Այդ իմաստով, ժամանակը չի աշխատում Ադրբեջանի նախագահի օգտին, եւ ըստ այդմ Ալիեւին պետք է ժամանակ շահել, ինչն էլ նա թերեւս փորձում է անել արտահերթ ընտրության միջոցով, քանի դեռ նա այդքան էլ բարդ բաներ չունի Ադրբեջանի հանրությանը բացատրելու:Այդ ֆոնին, հատկանշական է Հայաստանի ապրիլը եւ մասնավորապես Սերժ Սարգսյանի «հերթական» պաշտոնաթողության հանգամանքը:

Բանն այն է, որ հեռանալով իշխանությունից կառավարման մոդելի փոփոխությանը զուգահեռ՝ թեկուզ միայն դե յուրե հեռանալով, Սերժ Սարգսյանը գործնականում նպաստելու է Կովկասում մարտավարական զսպման միջավայրի ձեւավորմանը, որի մեխանիզմներից մեկն էլ լինելու է Հայաստանի բազմակենտրոն կառավարման համակարգը:Հակառակ, այսինքն վարչապետի պաշտոնում մնալու պարագայում Սերժ Սարգսյանը զրկելու է Հայաստանը մարտավարական ճկունության հնարավորությունից, իսկ դա գործնականում Կովկասի անվտանգության հարցում միջազգային մարտավարության առանցքային դետալներից մեկն է, որի խափանումը հավասարազոր կլինի տարածաշրջանային անվտանգության համակարգի խափանման: Դա շատ թանկ կարժենա թե Հայաստանին, թե Սերժ Սարգսյանին:




Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache