Սերժ Սարգսյանի պլան Բ-ն. Վերջին կնիքը

0

Հունվարի 4-ին ՊՆ Մոնթե Մելքոնյան Դիլիջանի վարժարանի շենքում մեկնարկել են պաշտպանության նախարարության եւ ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարության մասնակցությամբ բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի ամփոփիչ քննարկումները, ինչպես հայտնել է ՊՆ պաշտոնական հաղորդագրությունը: Ըստ հաղորդագրության, քննարկումներ կլինեն նաեւ փորձագիտական շրջանակների հետ, որից հետո փաստաթուղթը ամփոփված եւ լրամշակված կներկայացվի Սերժ Սարգսյանին՝ Գերագույն գլխավոր հրամանատարին, ինչպես նշվում է հաղորդագրությունում:

Դա նշանակում է, որ փաստաթուղթը Սերժ Սարգսյանի սեղանին կհայտնվի մինչեւ 2018-ի ապրիլ, որովհետեւ ապրիլից հետո Գերագույն գլխավոր հրամանատար, որպես այդպիսին, Հայաստանը չի ունենալու, եթե չկա հայտարարված պատերազմ:Հանգամանքը, որ բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը ներկայացվելու է Գերագույն գլխավոր հրամանատարին, թերեւս հուշում է, որ խնդիրն այն է, որպեսզի Սարգսյանն առաջին դեմքի պաշտնում հասցնի հատատել այդ ծրագիրը: Այդպիսով, կարծես թե նշմարվում է, որ ապրիլից հետո Առաջին դեմքը Սարգսյանը չի լինելու, բայց հեռանալուց առաջ նա փաստորեն հաստատելու է ոչ միայն բանակի, այլ նաեւ պետության համար կարեւորագույն մի փաստաթուղթ եւ ծրագիր, որը կընդգրկի թե ներքին, թե արտաքին քաղաքականության ոլորտները, դառնալով յուրօրինակ ծրագրային ուղենիշ ամբողջ պետական քաղաքականության համար:

Այդպիսով, նախագահի պաշտոնը թողնելուց առաջ Սերժ Սարգսյանը կգծի յոթնամյա մի հուն, որից շեղվելը կլինի բավական բարդ, նաեւ այն իմաստով, որ ապրիլից հետո Հայաստանում ամբողջությամբ ձեւավորվում է բազակենտրոն եւ բազմաբեւեռ կառավարման համակարգ, որի առաջնորդը լինելու ավելի մեծ հնարավորություն ունի ՀՀԿ նախագահը, քան պետության վարչապետը:Բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի մասին Սերժ Սարգսյանը հայտարարեց մոտ երկու ամիս առաջ: Ընդ որում, ուշագրավ է, որ այդ հայտարարությունը հնչեց Հայաստան Լեհաստանի արտաքին գործերի նախարարի այցից հետո: Վիտոլդ Վաշչիկովսկին Երեւանում արեց մի քանի հատկանշական հայտարարություն որպես ԵՄ ու ՆԱՏՕ ներկայացուցիչ: Վաշչիկովսկին հայտարարեց նաեւ, որ ՆԱՏՕ-ի 2018-ի գարնանային Վեհաժողովից առաջ դաշինքը փորձում է 360 աստիճանի վրա ճշգրտել իրավիճակն ու մարտահրավերները եւ այդ կապակցությամբ ցանկանում են լսել նաեւ Հայաստանի կարծիքը անվտանգության խնդիրների մասով:Լեհաստանի նախարարի այցը կարեւոր էր նաեւ իբրեւ Հայաստան-ԵՄ համաձայնագրի նախաշեմ, եւ նրա այցն անկասկած շատ բաներ հստակեցրեց նաեւ այդ մասով:

Պատահակա՞ն էր արդյոք, որ Սերժ Սարգսյանը հենց դրանից մի քանի օր անց հայտարարեց, որ հանձնարարել է մշակել բանակի արդիականացման յոթնամյա ծրագիր: Արդյոք ՆԱՏՕ ներկայացուցչի կարգավիճակում Լեհաստանի արտաքին գործերի նախարարը Սարգսյանին հայտնել է որոշակի համաձայնություններ, որոնք էլ դարձել են արդիականացման յոթնամյա ծրագրի բարձրաձայնման հիմք:Բանն այն է, որ, եթե Հայաստանի համար անվտանգության ոլորտի քաղաքական եւ ռազմա-տեխնիկական գլխավոր գործընկերը Ռուսաստանն է՝ անկախ այդ գործընկերության խութային բնույթից, ապա բանակի արդիականացման յոթնամյա ծրագրի գլխավոր գործընկերը չի կարող այլ սուբյեկտ լինել, քան ՆԱՏՕ-ն, քանի որ հենց Հյուսիսատլանտյան դաշինքն է արձանագրել զինված ուժերի համապարփակ կառավարման գործում բարձր էֆեկտիվության եւ որակական ցուցանիշների անվիճելի առաջատարություն, որը կառուցվում է տնտեսական եւ ռազմական համակարգերի զարգացածության եւ կրողունակության փոխլրացման, ոչ թե մեկը մյուսի հաշվին ապահովելու տրամաբանությամբ:Իսկ Հայաստանին անհրաժեշտ է հենց այդ տրամաբանությունը՝ զինուժ, որն ուժեղ է տնտեսության համակարգային ուժի եւ էֆեկտիվության շնորհիվ, եւ որը միեւնույն ժամանակ կարող է իր հերթին ուժի աղբյուր եւ էֆեկտ լինել տնտեսության համար:Հռչակելով արդիականացման յոթնամյա ծրագիրը, Սարգսյանը հայտարարեց, որ դրա իրականացման պատասխանատուն լինելու են ինքն ու պաշտպանության նախարարը:

Այդ հայտարարությունը, ի դեպ, հիմք տվեց ընկալումների, որ Սարգսյանն ակնարկում է վարչապետության մասին: Սակայն այն, որ ծրագրի հաստատումը  փաստացի ենթադրվում է մինչեւ ապրիլ, կարող է տալ նաեւ հակառակ եզրակացության հիմք՝ Սարգսյանը բանակի արդիականացման յոթնամյա ծրագրով փաստացի ապահովում է իշխանությունն այսպես ասած հեռակառավարելու եւս մի կոճակ կամ միջոց, այն էլ փաստացի ծրագրային, որն ընդգրկելու է նաեւ արտաքին հարաբերություններ:Միեւնույն ժամանակ, բացառված չէ նաեւ, որ Սարգսյանը կփորձի այդ փաստաթուղթն իր համար դարձնել հաղթաթուղթ վարչապետության հարցում արտաքին աջակցություն ունենալու համար, քանի որ որոշում կայացնելիս Սարգսյանն անկասկած չի կարող հաշվի չառնել այդ գործոնը: Այդ դեպքում Սերժ Սարգսյանի նախագահական այսպես ասած վերջին խոշոր կնիքը կարող է ինքնաբերաբար դառնալ առաջին վարչապետականը: Բայց դա թերեւս ավելի շուտ իբրեւ պլան Բ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache