Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի չստացված զուգահեռը

0

1in.am — Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի եվրոպական այցերը, որ ժամանակացուցային առումով գրեթե զուգահեռ էին, բովանդակային կամ քաղաքական նշանային առումով այդքան էլ զուգահեռ չեղան: Սերժ Սարգսյանի Ֆրանսիա՝ Փարիզ ու Ստրասբուրգ կատարած այցերը բավականաչափ քննարկվեցին, ու դրանց, այսպես ասած, ճանապարհային քարտեզը բավականին դիտարկվեց ոչ միայն զուտ տեղեկատվա-լրահոսային, այլ նաև քաղաքական վերլուծության ու մեկնաբանության իմաստով:

Այլ էր բանը Կարեն Կարապետյանի՝ Դավոս այցի դեպքում, որը նրա փաստորեն առաջին եվրոպական այցն էր վարչապետության գրեթե մեկուկես տարիների ընթացքում: Կարապետյանի այցը, սակայն, մնաց գերազանցապես տեղեկատվա-լրահոսային տիրույթում: Մյուս կողմից՝ դրա պատճառն այն էր, որ Դավոս կատարած նրա այցելությունը ստացվեց իրապես աշխատանքային, ինչպես ձևաչափը:

Բանն այն է, որ վարչապետի հանդիպումների ամենաբարձր մակարդակը թերևս հնարավոր է համարել ՌԴ փոխվարչապետի հետ հանդիպումը, այն էլ, այսպես ասած, նրա տարածքում: Իհարկե, զուտ ֆորմալ առումով հանդիպում եղել է նաև պաշտոնով ավելի բարձր՝ Նիդեռլանդների վարչապետի հետ, և զուտ տնտեսական քաշի առումով Նիդեռլանդները անկասկած շատ ավելի ծանր քաշային է, քան Ռուսաստանը, բայց տվյալ դեպքում խոսքը քաղաքական բովանդակության և տողատակի մասին է:

Այդ իմաստով որոշակի քաղաքական նրբերանգ հնարավոր է նկատել Իրաքյան Քուրդիստանի, նաև Լիբանանի վարչապետերի հետ Կարեն Կարապետյանի հանդիպումներում, այն էլ՝ հաշվի առնելով մերձավորարևելյան ներկայիս իրավիճակը և մասնավորապես նաև այդ երկու սուբյեկտների շուրջ հետաքրքիր զարգացումները: Սակայն եթե այդ առումով էլ նկատենք քաղաքական նրբերանգը կամ դրա հնարավոր առկայությունը, ապա նախ՝ հարց է, թե որքանով է այն եղել շոշափելի պլանում, և բացի այդ՝ դա ըստ էության ստացվում է ավելի շուտ ոչ թե եվրոպական, այլ, այսպես ասած, մերձավորարևելյան այց՝ դե ֆակտո:

Կարեն Կարապետյանի դավոսյան օրակարգում կամ ճանապարհային քարտեզում Եվրոպան ներկայացված էր ընդամենը մի մասով միայն, այն էլ՝ ամենևին ոչ տպավորիչ քաղաքական համատեքստով: Այդպիսով, Սարգսյան-Կարապետյան եվրոպական զուգահեռ չստացվեց, միևնույն ժամանակ նկատելի էր, որ Կարապետյանը Դավոսում էլ չուներ «եվրոպական օրակարգ», ու դա 2018-ի ապրիլից երկուսուկես ամիս առաջ:

Սա անշուշտ ամենևին աներկբա ցուցիչ չէ վարչապետության խնդրում այս կամ այն հանգուցալուծման մասով, գործոնները լինելու են բազմաթիվ, և խոշոր հաշվով ներսում իրերի դասավորությունն ու դրությունն է թերևս որոշակի վերաբերմունք ձևավորելու արտաքին դերակատարների մոտ: Իսկ այստեղ, իհարկե, Կարեն Կարապետյանի «խաղադրույքը» առավելապես ռուսաստանահայ և ռուսական կապիտալն է, ու պատահական չէ, որ Դավոս մեկնելուց առաջ նա «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցով դիմեց հենց այդ կապիտալին, իսկ Դավոսում էլ քաղաքական մակարդակով կամ ներուժով ամենաբարձր մակարդակի հանդիպումը ՌԴ փոխվարչապետ Դվորկովիչի հետ էր՝ ռուսական կապիտալը Մեղրու տնտեսական գոտի բերելու համար:

Արժե՞ր հասնել Դավոս ռուսական կապիտալը Մեղրի տանելու համար:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache