Լրահոս

Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի պայմանավորվածությունը. ինչու՞ նա դուրս չի գնում

 

Օրերս հրապարակվեց սոցհարցում, որն արձանագրել էր վարչապետ Կարեն Կարապետյանի վարկանիշի տասը տոկոս նվազում: Նախընտրական 80 տոկոսից Կարապետյանի վարկանիշը այժմ կազմում է 70 տոկոս, ըստ Գելլափ Ինթերնեյշնլի հայաստանյան գործընկեր կազմակերպություններից մեկի: Ի դեպ, նույն կազմակերպություններ էր Կարապետյանին «տվել» 80 տոկոսից ավելի նախընտրական վարկանիշը:
Որ Կարապետյանի վարկանիշը նվազելու էր ընտրությունից հետո, կասկած չկա: Կամ ընտրողների մի մասը սպասում է շատ արագ փոփոխություն եւ ոգեւորված ձայն տալիս, հետո հիասթափվում, կամ պարզապես նախընտրական վարկանիշներն են քարոզչական նկատառումներով ուռճացվում, իսկ հետո վերադարձվում իրականություն:
Իրակա՞ն է Կարապետյանի 70 տոկոսը, թե ոչ, դա էլ հարց է: Որովհետեւ, եթե 70 տոկոսը իրական է, ապա դա ահռելի վարկանիշ է, այն էլ Հայաստանի պարագայում: Բայց, եթե նվազումը շարունակի այդպես, կամ ավելի արագանա, ինչը կախված է իհարկե տնտեսական վիճակից, ապա մեծ է հավանականությունը, որ մինչեւ 2018-ի ապրիլ Կարեն Կարապետյանի վարկանիշից կմնա կեսից էլ պակաս:
Դա իհարկե կարեւոր դեր կունենա 2018-ի հարցում, սակայն Կարեն Կարապետյանին իր վարկանիշի դինամիկան թերեւս քիչ է հետաքրքրում, քանի որ 2018-ի բուն հանգուցալուծման հարցում նա ակնհայտորեն շեշտը դնում է Սերժ Սարգսյանի հետ որոշակի պայմանավորվածության վրա: Ի՞նչ է այդ պայմանավորվածությունը, նա մնու՞մ է վարչապետ, հետագայում նաեւ կուսակցական հիերարխիայում դիրքերը ավելացնելու որոշակի համաձայնություններով, թե՞ վարչապետ մնում է, բայց կուսակցության մասով Սերժ Սարգսյանը նրա առաջ չունի որեւէ պարտավորություն: Կամ պարտավորություն չունի նաեւ վարչապետ մնալու մասով:
Կարեն Կարապետյանն անկասկած լավ է գիտակցում, որ Հայաստանի իշխող համակարգի պահպանման պարագայում իր աշխատանքի արդյունավետությունն ունենալու է խիստ սահմանափակ հեռանկար: Հետեւաբար, նրա կառավարության արդյունքը ցանկացած պահի կարող է դառնալ հանրային լեգիտիմությամբ անբավարար գնահատականի արժանացած արդյունք:
Հետեւաբար վարկանիշը միշտ լինելու է հարաբերական գործիք, հատկապես պատերազմական իրադրության մեջ գտնվող երկրում, որտեղ կա անվտանգության խաղաքարտը: Իսկ այդ խաղաքարտը գոնե առայժմ ավելի լավ խաղարկում է Սերժ Սարգսյանը:
Կարեն Կարապետյանի խաղաքարտը ներդրումներն են, որ նա պետք է ապահովի Հայաստանի ներդրողների ակումբով, բայց որը կանի միայն ստացած կամ ստացվող իշխանության հետ համամասնեցված:
Կարապետյանի համար առանցքային է մեկ այլ վարկանիշ՝ դրսում, աշխարհքաղաքական համաշխարհային կամ տարածաշրջանային կենտրոններում: Այստեղ հատկանշական է, որ Կարապետյանը Ռուսաստան կատարած այցից, կամ ԵՏՄ շրջանակում գործուղումներից բացի, չի կատարել որեւէ այլ նշանակալի այց, ընդգծված տնտեսա-քաղաքական խորապատկերով: Ընդ որում, խոսքը Եվրոպայի մասին չէ միայն, այլ նաեւ հարեւան Իրանի ու Միացյալ Նահանգների, նաեւ Չինաստանի:
Ընդհանրապես, Կարեն Կարապետյանը առայժմ ոչ «արտագնա» վարչապետ է եւ պարզ չէ, դա Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության մա՞ս է, թե որեւէ մեկը դեռ չգիտե, թե ինչի համար է պետք հրավիրել Կարեն Կարապետյանին եւ կարո՞ղ է նա խոսել այդ կենտրոնների հետ տնտեսա-քաղաքական եւ անվտանգության մասշտաբային հարցերի շուրջ:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing