Սերժ Սարգսյանի ուշագրավ փոփոխությունը. Հանգուցալուծում

0

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ռուբեն Սադոյանին Վրաստանում Հայաստանի դեսպան նշանակելու մասին: Հայտնի ծանրամարտիկ Յուրի Վարդանյանին այդ պաշտոնում կփոխարինի Ռուբեն Սադոյանը: Նա ծանրամարտիկ չէ, դա թերեւս արդեն լավ է, բայց դիվանագետ էլ չէ: Մասնագիտությամբ Սադոյանը տնտեսագետ-ֆինանսիստ է, իսկ աշխատանքային կարիերայով՝ չինովնիկ: Սադոյանն ավելի հայտնի է Գագիկ Բեգլարյանի շնորհիվ, ըստ մամուլի հրապարակումների՝ հանդիսանում է նրա շրջանակի ներկայացուցիչ:

Մամուլում արդեն եղել են հրապարակումներ, որ հենց այդ հանգամանքն է նաեւ դեր խաղացել Սադոյանի դեսպան նշանակվելու հարցում: Մեծ է հավանականությունը, որ այստեղ նշանակություն են ունեցել Գագիկ Բեգլարյանի հեղինակությունն ու կապերը Վրաստանի իշխանությունում, եւ մեծ հաշվով, Ռուբեն Սադոյանի նշանակումով Վրաստանի ուղղությամբ աշխատելու է Գագիկ Բեգլարյանը:Ինչպիսի՞ ազդեցություն կունենա այդ հանգամանքը հայ-վրացական հարաբերության հեռանկարի, դինամիկայի վրա: Այդ հարցը գուցե հռետորական է, գուցե՝ ոչ: Համենայն դեպս, թվում է, որ նախկին, թեկուզ լեգենդար ծանրամարտիկի փոխարեն թեկուզ դարձյալ ոչ դիվանագետ, բայց ֆունկցիոներ դեսպանի նշանակումը առաջընթաց է:

Կարո՞ղ է Սադոյանը համապատասխանել հայ-վրացական հարաբերության, ընդհանրապես տարածաշրջանի համար կարեւոր ընդհուպ ռազմա-քաղաքական նշանակություն ունեցող հայ-վրացական «կոոպերացիային», թե՞ ընդամենը տնտեսական խնդիրների լուծմանը:Մյուս կողմից, բացառված չէ, որ Սերժ Սարգսյանին այդ առումով Վրաստանում Հայաստանի դեսպանից ավելին պետք էլ չէ, քանի որ այլ՝ քաղաքական, ռազմա-քաղաքական հարթությանն առնչվող հարցերը քննարկվում է առանց «դեսպանատնային» միջնորդության, հնարավորինս ուղիղ հաղորդակցման ձեւաչափում, մի շարք պատճառներից ելնելով:

Այդ համատեքստում, հավանական է անգամ այն, որ Վրաստանում դեսպանի նշանակումը կատարվում է ընդհուպ «չխանգարելու» տրամաբանությամբ:

Մյուս կողմից, կա քաղաքագետ Սերգեյ Մինասյանի թեկնածության առաջադրման պատմությունը: Թբիլիսին մերժեց նրա ագրեմանը, ինչպես հրապարակվեց հայկական մամուլում: Նրա թեկնածության եւ մերժման վերաբերյալ եղան իրարամերժ տեղեկություններ, մինչեւ անգամ այն, որ Մինասյանի թեկնածությանը աշխույժ խոչընդոտել են հենց Հայաստանի իշխանության որոշ շրջանակներ: Գրվել է Հերմինե Նաղդալյանի անունը, որն ըստ մամուլի հրապարակումների ինքն էր հավակնում լինել Վրաստանում ՀՀ դեսպան:Դրական է այն, որ դեսպանի հարցում հայ-վրացական թնջուկը այլեւս չկա, ինչի առկայությունը գործունեության բավական հարմար միջավայր էր ստեղծել Վրաստանում առանց այդ էլ ամենեւին անհարմար չզգացող ադրբեջանական լոբբիի համար:

Ընդհանուր առմամբ, հայ-վրացական հարաբերության առումով հեռանկարն ըստ երեւույթին գտնվում է ձեւավորման փուլում եւ զգալիորեն կախված է նաեւ թե Հայաստանի, թե Վրաստանի ներքին գործընթացներից: Դրանց վեկտորն ու բովանդակությունը ձեւավորվելուն զուգահեռ պետք է «ողնաշար» ստանան հայ-վրացական հարաբերությունն ու հեռանկարները:Ներկայում դրանք կառուցված են նվազագույն անհրաժեշտ եւ կարեւոր մի սկզբունքի վրա՝ թույլ չտալ փոխադարձ լարվածություն: Մյուս կողմից, սակայն, ակնհայտ է, որ այդ տրամաբանությունը խիստ անբավարար է երկու պետության համար էլ, եւ անհրաժեշտ է գտնել հարաբերության այսպես ասած պրոգրեսիվ մոդել, ինչը բխում է թե երկկողմ, թե տարածաշրջանային, թե ընդհուպ միջազգային անվտանգության համակարգի, զարգացման եւ կայունության տրամաբանությունից:

Դա կախված է հարցից, թե արդյոք Հայաստանն էլ, Վրաստանն էլ պատկերացնում են ռազմավարական իմաստով, թե ինչ են ուզում որպես պետություն, ինչպես են պատկերացնում իրենց տեղն ու դերը աշխարհում: Այդ կապակցությամբ համարժեք պատկերացումների պարագայում աներկբա է, որ թե Երեւանը, թե Թբիլիսին հստակ արձանագրելու են, իրենց համար, որ աշխարհում այդ տեղն ու դերը լիարժեք կարող է լինել միայն տարածաշրջանում համահունչ դերակատարման պարագայում: Ընդ որում, այստեղ սկզբունքային արգելք չէ անգամ այն, որ ներկայում Հայաստանն ու Վրաստանը ունեն տարբեր ինտեգրացիոն ուղղություններ:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache