Без рубрики

Սերժ Սարգսյանի վերջին նախազգուշացումը Ալիևին, Պուտինին ու բոլորին

 

Աշխատանքային այցով Արցախ մեկնած ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների առջև ելույթ է ունեցել: Դա, անշուշտ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի նախընտրական ելույթ կարելի է որակել, թեև ի ցույց է դրվել նաև այն բարդ իրավիճակը, որում հայտնվել է Ղարաբաղյան կարգավորման գործընթացը և այն վտանգը, որն այսօր կախված է Արցախի վրա:

Սերժ Սարգսյանն արձանագրում է. «…այս օրերին, երբ քննարկվում է, թե ում պետք է վստահել Հայաստանի զարգացման ղեկը գալիք հինգ տարիների համար, յուրաքանչյուր ոք պարտավոր է իրեն հարց տալ, իսկ ո՞վ կարող է կազմակերպել պաշտպանությունը, որ հնարավորություն ունենա զարգացում ապահովել»։ Ապա` նա հիշեցնում է, որ նախանցած ապրիլին մենք սրբադասեցինք 1.5 միլիոն մեր նահատակներին, անցած ապրիլին մի բռունցք դարձանք ու հետ շպրտեցինք բանականությունը կորցրած հարևանի լայնամասշտաբ հարձակումը. «Ով չի հասկացել, որ այստեղ՝ այս սահմանին մենք ցեղասպանություն ենք կանխում, ուրեմն չի հասկացել, թե որտեղ է ապրում։ Ով չի ընկալել սեփական հողի վրա մեր ժողովրդին բնաջնջելու հռետորության վտանգները, կարող է շարունակել չեղած գումարներով թոշակ ու աշխատավարձ բարձրացնելու կամ բնակչությանը գրեթե անվճար հոսանք ու գազ մատակարարելու գլուխգովանությունը, դրանից միևնույնն է վտանգը չի նվազելու»։

Ս.Սարգսյանի խոսքում խիստ ուշագրավ է այս հատվածը` «Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»։

Սա հստակ նախազգուշացնող հայտարարություն է և թվում է, թե ուղղված է բացառապես Ալիևին: Բայց ոչ, ոչ միայն: Նաև Ռուսաստանին, որը վստահաբար չէր ցանկանա, որպեսզի Հայաստանն օգտագործեր «Իսկանդերն»` ընդդեմ Ադրբեջանի:

Բայց Սերժ Սարգսյանը ցույց է տալիս, որ հայկական կողմին որևէ այլ ելք չեն թողել ու չեն թողել Ադրբեջանն ու Ռուսաստանը: Այնպես որ, այս բաց ակնարկի հասցեատերը Ադրբեջանից բացի ու գուցե առավելապես` Մոսկվան է:

«Մենք այլևս երբեք միլիոնավոր նահատակների սրբադասում չենք անելու։ Հաստա՛տ չենք անելու… Մենք պետք է ունենանք անվտանգության ուժեղ ձեռք։ Պոպուլիզմը կամ թուլությունը անվտանգության բուրգի գագաթում կկործանի մի ողջ ժողովուրդ։ Քառօրյա պատերազմի ավարտին համաձայնվելիս մենք, անշուշտ, գիտեինք, որ դեռ մեկ-երկու բլուր հետ չենք վերցրել։ Ներքին քաղաքական դաշտից վախեցող կամ պոպուլիստ մեկը էլի մի 100 զոհի գնով հետ կբերեր այդ հողակտորը, որ հետո հերոս խաղար ամբիոններում։ Միայն ուժեղը կարող էր կանգնելու հրաման տալ, խնայել կյանքեր ու իր վրա վերցնելով ապագա դատարկ պոպուլիզմի հարվածները՝ քաջ գիտակցելով ինչքան տարածք է մինչ այդ լուռ վերցրել և ինչքան կվերցնի հաջորդ անգամ։ Մարդկային կյանքը կարող են գնահատել միայն ուժեղները։ Մեր անվտանգությանը ուժեղ առաջնորդություն է պետք»։

Սա, իհարկե, այլ քաղաքական ուժերի նկատմամբ առավելություն ցույց տալու, Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու համար ՀՀԿ-ի առաջատար ներկայացնելու քաղաքականություն է:

Ուշագրավ էր իհարկե, 2018-ից հետո Սերժ Սարգսյանի քաղաքական ապագայի վերաբերյալ ակնարկը: Նա նշեց, որ չի պլանավորում, թե հաջորդ հանգրվանին որտեղ է լինելու, բայցև արձանագրեց, որ` «միշտ հայտնվել է այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի է եղել»։ Նա ասում է. «Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ»։

Այսինքն, անհրաժեշտության դեպքում` Սերժ Սարգսյանը 2018-ից հետո ևս լինելու իշխանություն: Իսկ մինչ այդ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղում ու հորդորում կենտրոնանալ ավելի կարևոր հարցի վրա. «Մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ը խաղ չէ, սուտ շուտասելուկների մրցույթ չէ, մենք պիտի հասկանանք, որ ապրիլի 2-ին մենք տանիքների վրա լավ ցատկողներ չենք ընտրում, մենք մեր ժողովրդի գոյության իրավունքը պաշտպանողներ ենք ընտրում, մենք համազարկի, հարձակման և հարկ եղած դեպքում հետ քաշվելու հրաման տվողներ ենք ընտրում, դա անելու համար բավարար ներքին ուժ ունեցողներ ենք ընտրում։ Ընտրում ենք, թե ում հրամանատարության ներքո են այս տղաներն ավարտելու իրենց ծառայությունը, հաջորդները ծառայելու, ովքեր են պաշտպանելու մեր մանուկների անհոգ ուսման իրավունքն ու մեր մեծերի մայրամուտը։ Հասկանու՞մ ենք արդյոք մենք սա, թե՞ ոչ, բայց քվեատուփին մոտենալիս ուղղակի պարտավոր ենք հասկանալ»։

Այսպիսով, Ս.Սարգսյանը, կարծես, Լ.Տեր-Պետրոսյանի հետ գծեց ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների սահմանագիծը. այդ օրը որոշելու ենք` Հայաստանի և Արցախի անվտանգությունը թիվ մեկ խնդիրն ո՞ւմ ենք վստահում…

Ս.Սարգսյանի խոսքը նաև միջազգային հանրությանն է ուղղված, երբ նա ակնարկում է, որ անցյալ ապրիլին հետ ենք շպրտել միջազգային պայմանավորվածությունները դրժած հակառակորդին բոլոր ուղղություններով, մեկ տարվա ընթացքում ամրացրել ենք սահմանն ու առաջնագիծն ուղղակի անճանաչելի է դարձել։ «Այսօր մեր տղաները հետևում են հակառակորդի տեղաշարժին նրա տարածքի խորքում արդեն», նա կրկին զգուշացնում է։

Թեև Սերժ Սարգսյանն արձանագրում է, որ միջազգային միջնորդների հետ միասին շարունակելու ենք ջանքերը՝ հասնելու արցախյան հիմնախնդրի խաղաղ ու արժանապատիվ կարգավորմանը, սակայն նա չի թաքցնում, որ հարկ եղած դեպքում Հայաստանն արդեն պատասխանելու է սանձարձակ հակառակորդին, իսկ Ռուսաստանն այլևս չի կարող կանգնեցնել, զինադադար պահանջել հայկական կողմից:

Թամար Բագրատունի

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing