Լրահոս

Սերժ Սարգսյանի «վերջին պահը»

 

arm147825559564

lragir.am — Մամուլն օրերս տեղեկություն էր հրապարակել, որ քաղաքականություն վերադարձի շեմին կանգնած Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի ընտրությանն ընդառաջ կձեւավորի լայն դաշինք, որի մեջ կտմնեն տարբեր քաղաքական ուժեր ու կազմակերպություններ:
Գագիկ Ծառուկյանը օրեր առաջ խոսելով իր վերադարձի հնարավորության մասին, բավական պարզորոշ ակնարկեց, որ եթե վերադառնա, ապա ոչ հեղափոխության համար: Գագիկ Ծառուկյանի վերադարձը լինելու է իշխող համակարգի «էվոլյուցիոն տրանսֆորմացիայի» շրջանակում, ինչի մասին վկայեց նոր վարչապետ Կարապետյանի հասցեին Գագիկ Ծառուկյանի գնահատականը:
Ծառուկյանի վերադարձը այդ տրանսֆորմացիայի համար ռեսուրս է մի քանի տեսանկյունից` թե հասարակության վերաբերմունքի, թե իշխող համակարգի ներքին տրամադրությունների: Այդ իմաստով, Ծառուկյանը Սերժ Սարգսյանի համար առավել վստահելի ռեսուրս է, առավել նախընտրելի գործընկեր, քան Հանրապետական կուսակցությունը:
Ծառուկյանի քաղաքական կարգավիճակը Սերժ Սարգսյանի համար նպաստավոր է լինելու նաեւ Հանրապետականի հետ հարաբերությունը պարզելու, ՀՀԿ ներկայիս ստատուս-քվոն փոխելու համար:
Ծառուկյանի գլխավորությամբ նախընտրական հավաքական որեւէ սուբյեկտի ձեւավորման տրամաբանությունը իրատեսական է: Այսպես թե այնպես, Ծառուկյանն իր ռեսուրսով ծածկելու է ամբողջ ընդդիմադիր դաշտը: Առավել եւս, որ ներկայում այնտեղ փաստացի ծածկելու բան էլ չկա:
Կարծես թե բավական ուրվագծվում է իշխանության հիմնական պատկերացումը խորհրդարանի առաջիկա ընտրության արդյունքի վերաբերյալ: ՀՀԿ-ն առաջինը լինելու համար, երկրորդը պետք է լինի Ծառուկյանը` ԲՀԿ-ով, կամ դաշինքով: Երրորդն ամենայն հավանականությամբ կլինի ՀՅԴ-ն, որը կօգնի ՀՀԿ-ին ձեւավորել մեծամասնություն եւ խուսափել երկրորդ փուլից:
Երկրորդ փուլի ժամանակ եւ ֆինանսական ռեսուրս իշխանությունը չունի: Ավելին, Սերժ Սարգսյանը կարծես թե սկզբունքորեն դեմ է համապետական ընտրության երկրորդ փուլին, ինչի վկայությունն է այն, որ նույնիսկ նախագահի ընտրությանը` թե 2008-ին, թե 2013-ին, կանգնելով բավական բարդ իրավիճակի առաջ, նա չգնաց լարվածությունը երկրորդ փուլով հանգուցալուծելու տարբերակին: Նույնն անկասկած կկիրառվի խորհրդարանի ընտրությանը, թեեւ Սահմանադրությամբ թողնված է դրա հնարավորությունը, երեւի ծայրահեղ դեպքի համար:
Խորհրդարանի ընտրության մեկ փուլը նշանակելու է պատգամավորների թվի նվազում: Դա էլ նշանակում է, որ բավական սուր է դառնում երեք ուժերից հետո չորրորդի խնդիրը` տեղի խնդիրը: Հինգերորդի համար ընդհանրապես կարող է չմնալ ոչ մի տեղ:
Ինչ պետք է անեն այն ուժերը, որոնք հավակնում են լինել խորհրդարանում: Պետք է միավորվեն: ՀՀԿ հետ միավորումն իհարկե բացառվում է, մնում է միավորվել միմյանց հետ ու հավակնել գոնե չորրորդը լինելուն, կամ միավորվել Գագիկ Ծառուկյանի շուրջ: Չի բացառվում, որ կլինեն երկու միավորումներ` մեկը Ծառուկյանի շուրջ, որի դաշինքով ԲՀԿ-ից բացի մի քանի այլ քաղաքական ուժ կմտնեն խորհրդարան, մյուսն այսպես ասած ընդդիմադիր միավորում, որի մեջ մտնող ուժերը կփորձեն ապահովել գոնե հավաքական չորրորդ տեղ:
Բացառված չէ իհարկե, որ նոր խորհրդարանում հայտնվի նաեւ հինգերորդ ուժ, վերջին պահին: Հայաստանի խորհրդարանի ընտրությանն իշխանությունը սովորաբար թողնում է «վերջին պահի» տեղը: Հարցն ընդամենը այն է, թե ում համար է այդ տեղը իշխանությունը պահելու այս անգամ` չորրորդ, թե հինգերորդ ուժի համար:
2012-ին այդ տեղը պահել էին վեցերորդի համար, եւ վերջին պահին խորհրդարան անցկացվեց ՀԱԿ-ը:
Ում վրա է սպառվելու զգալիորեն նվազած ռեսուրսն այս անգամ:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing