Լրահոս

Սերժ Սարգսյանի վերջնագիրը. կյանք, թե քսակ

 

Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Լոռիում Ղարաքիլիսայի ճակատամարտի 99-ամյակի միջոցառման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե հայ մեծահարուստները պետք է քսակը դատարկեն հանուն Հայաստանի, եւ եթե գնանք այդ ճանապարհով, ապա կունենանք հզոր Հայաստան:
Նշանակու՞մ է այդ հայտարարությունը, որ մեծահարուստները չեն դատարկում իրենց քսակը հանուն Հայաստանի: Շարմազանովի հայտարարությունն առաջացնում է այդ հռետորական հարցը, թեեւ Հայաստանի հանրության մեծամասնության համոզմամբ հարցն այստեղ ամենեւին հռետորական չէ, այլ քրեա-իրավական:
Բանն այն է, որ Հայաստանում ձեւավորվել է մեծահարուստների մի խավ, որի կապիտալի կուտակումը իրականացվել է մեղմ ասած հարցեր առաջացնող ճանապարհով, եւ այդպես էլ շարունակվում է: Հարցեր, որ իրավապահները առնվազն պետք է տված լինեին այդ մեծահարուստներին:
Բայց իրավապահները այդպիսի հարցեր տալիս են նրանց այն ժամանակ, երբ դա բխում է իշխանության քաղաքական անհրաժեշտությունից, երբ որեւէ մեծահարուստ խախտում է իշխանական համակարգի պայմանավորվածությունը կամ խաղի կանոնը: Եթե չկա խաղի կանոնի խախտում, չկան նաեւ հարցեր:
Այդ դեպքում խաղի կանոնի խախտում է ստացվում ԱԺ երիտասարդ փոխնախագահի հայտարարությունը, որովհետեւ այն փաստացի առաջացնում է կամ խրախուսում է «մեծահարուստների» խավին ուղղված՝ նրանց քսակին եւ հանրային ու պետական շահի հետ դրանց կապին առնչվող հռետորական հարցը:
Tert.am-ի հետ զրույցում Շարմազանովի հայտարարությանն արձագանքել է մի քանի մեծահարուստ, այդ թվում Սամվել Ալեքսանյանը: Նա հայտարարել է, որ իրենց քսակը միշտ էլ բաց է եւ Շարմազանովի հայտարարությանը չէ, որ սպասում են: Իսկ գարեջրագործ Հակոբ Հակոբյանն էլ հայտարարել է, թե Շարմազանովը չի անի պատահական հայտարարություն, եւ եթե ասել է, ուրեմն կամ ինքն ունի բացելու քսակ, կամ գիտե, թե ում քսակը պետք է բացել:
Հակոբ Հակոբյանն էլ նշանային ֆիգուր է, հատկապես ամիսներ առաջ եղած միջադեպից հետո: Նախորդ խորհրդարանի պատգամավորին պատկանող ընկերությանը տուգանել էր Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ավելի քան 100 միլիոն դրամով: Դրան արձագանքել էր նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, կառավարության նիստում ՏՄՊՊՀ նախագահ Շաբոյանին հորդորելով հանգիստ թողնել գարեջրի շուկան, որտեղ կա մրցակցություն, եւ զբաղվել առաջնային սպառման ապրանքատեսակներով:
Իսկ Հակոբ Հակոբյանն անգամ հայտարարել էր, թե այնպես են անում, որ մտածում է նույնիսկ արտագաղթի մասին: Հակոբ Հակոբյանը չհայտնվեց նոր խորհրդարանում, իսկ այժմ էլ ակնարկում է, որ Շարմազանովը չէր անի պատահական հայտարարություն:
Այլ կերպ ասած, Հակոբ Հակոբյանը տողատակում նշում է, որ ԱԺ փոխնախագահի շուրթերով իշխանությունն է խոսում: Այսինքն, ձեւակերպվում է խնդիրը՝ մեծահարուստները պետք է բացեն քսակները:
Առաջին հայացքից դա իսկապես բավական գայթակղիչ հայտարարություն է հանրային սոցիալ-հոգեբանական վիճակից ելնելով, «արդար» հայտարարություն: Մյուս կողմից, եթե չլինեին հարուստների քսակները, ապա թե Էդուարդ Շարմազանովը, թե ՀՀԿ այլ երիտասարդ դեմքեր ոչ միայն ԱԺ փոխնախագահ, հանձնաժողովի նախագահ, այլ պարզապես շարքային պատգամավոր էլ չէին լինի:
Ստացվում է, որ ԱԺ փոխնախագահը, որը եւ որի ներկայացրած ՀՀԿ երիտթեւը հայտնվել է խորհրդարանում հենց հարուստների քսակի գործադրման շնորհիվ, փորձում է նրանց հաշվին հանդես գալ ժողովրդահաճո հայտարարությամբ:
Իրավիճակն իսկապես հակասական է: Այն, որ Հայաստանում կա «մեծահարուստների» կամ պարզապես քրեա-օլիգարխիկ համակարգի եւ հանրային ու պետական շահի լրջագույն հակասություն, աներկբա է, որը տվյալ համատեքստում ունի ստվերային տնտեսություն եւ կոռուպցիա անվանումը: Այստեղ Շարմազանովի հայտարարությունն անհերքելի է եւ կարեւոր:
Մյուս կողմից, ակնհայտ է հանգամանքը, որ ստվերային տնտեսությունն ու կոռուպցիան են իշխանության «անաղմուկ վերարտադրության» հուսալի գրավականը:
Միաժամանակ հստակ է, որ ԱԺ փոխնախագահը չէր անի ժողովրդահաճո հայտարարություն, որն ակնհայտորեն տհաճ էր լինելու «մեծահարուստների» խավին, եթե վստահ չլիներ, որ իր հայտարարությունը հաճո կլինի բարձրագույն իշխանությանը կամ պարզապես ղեկավար Սերժ Սարգսյանին:
Այդպիսով, հնարավոր է ամփոփել, որ Շարմազանովի շուրթերով «բարբառել» է Սերժ Սարգսյանը, եւ բարձրաձայնվել է ոչ թե պետության, այլ իշխանության համար առանցքային խնդիրը:
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի քաղաքական ծրագրերի սպասարկումը ունի ֆինանսավորման անհրաժեշտություն: Վարչապետ Կարեն Կարապետյանը իր ֆինանսական բազան ձեւավորել է եւ հայտարարել դրա մասին՝ Հայաստանի ներդրողների ակումբ:
Սերժ Սարգսյանի ֆինանսական բազան հայտնի չէ: Եթե նա չձեւավորի այդ բազան, ապա առնվազն ստիպված կլինի Կարեն Կարապետյանին թողնել վարչապետի պաշտոնին 2018-ից հետո: Եթե 2018-ից հետո Կարապետյանը մնաց, ապա անգամ ՀՀԿ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի համար չափազանց դժվար կլինի պահել իշխանությունը դե ֆակտո:
Սերժ Սարգսյանը փաստացի դիմում է երկսայր շանտաժի: Կամ «մեծահարուստները» կբացեն իրենց քսակը նրա ծրագրերի համար, այդպիսով փաստացի համաձայնելով քաղաքական ասպարեզն աստիճանաբար զիջել ՀՀԿ երիտասարդ դեմքերին եւ ֆինանսավորել նրանց քաղաքական իշխանությունը՝ սեփական անվտանգության դիմաց, կամ նրանք առաջիկա տարում կհայտնվեն «քսակաթափության» ռիսկի առաջ:
«Մեծահարուստները» կարող են ընտրել Կարեն Կարապետյանին, որը ցույց է տվել ֆինանսական հստակ բազան: Բայց նրանց վիճակն իհարկե բարդ է, քանի որ իշխանությունն առայժմ Սերժ Սարգսյանի ձեռքին է, եւ սխալ կողմնորոշումը կրկին կարող է «քսակ» արժենալ

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing