Լրահոս

Սերժ Սարգսյանի յուղոտ պատառը Հովիկ Աբրահամյանին

 

RA Government's session took place

Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Դուբայում Հայաստանի Գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ: Մի քանի օր առաջ այդ մասին որոշումը արժանացել էր Հայաստանի կառավարության հավանությանը: Իսկ գաղափարը հրապարակ եկավ Սերժ Սարգսյանի շաբաթներ առաջ ԱՄԷ կատարած այցից, որի շրջանակում Սարգսյանը եղել էր նաեւ Դուբայի էմիրությունում:Ակնհայտ է, որ Հայաստանի իշխանական համակարգում ստեղծվում է բավական յուղոտ մի պատառ, Գլխավոր հյուպատոսի պաշտոնի տեսքով:

Անկասկած է, որ շատերը կցանկանան լինել Դուբայում Հայաստանի Գլխավոր հյուպատոս, ինչը թե կոմֆորտ է, թե տնտեսական մեծ հնարավորություններ, թե նաեւ որոշակի քաղաքական դերակատարում, քանի որ հյուպատոսությունը Հայաստանի իշխանության համար թե տնտեսական խնդիրներ կլուծի, թե քաղաքական` հետեւելով հայաստանցի այն պաշտոնյաներին եւ օլիգարխներին, որոնք ժամանակ առ ժամանակ մեկնում են Դուբայ, այնտեղ ունեն անձնական բիզնեսներ, նաեւ անցկացնում են հավաքներ եւ քննարկում Հայաստանի տնտեսությանն ու քաղաքականությանն առնչվող բազմաթիվ հարցեր:

Ըստ ամենայնի, ոչ միայն տնտեսական կապի խորացման, այլ նաեւ հենց այդ հանգամանքն է Սերժ Սարգսյանին բերել Դուբայում Գլխավոր հյուպատոսություն ունենալու մտքին, այնտեղ մշտական աչք ու ականջ ունենալու ակնկալիքով:

Դա ենթադրում է, որ Սերժ Սարգսյանը նոր բացվող կամ կտրվող յուղոտ պատառը պետք է տա իր համար առավելագույնս վստահելի մարդու: Կամ գուցե առավելագույնս կառավարելի, իրենից կախված մարդու:Այդ տեսանկյունից, ի դեպ, Դուբայում Հայաստանի Գլխավոր հյուպատոսի պաշտոնի լավագույն հավակնորդներից մեկը կարող է լինել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Հատկապես նկատի ունենալով երկու հանգամանք: Նախ այն, որ Հայաստանում փաստորեն նախկին վարչապետները հետո մեկնում են արտերկիր դիվանագիտական առաքելության, ինչպես Տիգրան Սարգսյանը մեկնեց ԱՄՆ: Եվ բացի այդ էլ, վարչապետի պաշտոնը թողնելուց հետո Հովիկ Աբրահամյանը մխիթարական ճամփորդության էր մեկնել հենց Դուբայ, որտեղ անցկացրեց մի քանի շաբաթ:
Իսկ վստահելիության կամ կախվածության առումով Հովիկ Աբրահամյանը թերեւս լավագույն թեկնածուներից մեկն է, քանի որ նրա հետագա կարգավիճակը եւ ընդհանրապես վիճակը զգալի կախված է Սերժ Սարգսյանից, չնայած մամուլում օրերս տեղեկություն եղավ, թե Հովիկ Աբրահամյանը սպասում է Գագիկ Ծառուկյանի վերադարձին, դրանում տեսնելով իր հետագա քաղաքական ակտիվության եւ կենսունակության հնարավորությունը:

 

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing