Լրահոս

Սերժ Սարգսյանի զարմանալի առաջարկը

 

arm148093433460

lragir.am — Մասնակցելով ՀԲԸՄ 110-ամյակին նվիրված հանդիսավոր ընթրիքին եւ ելույթ ունենալով, Սերժ Սարգսյանը հայտնել է նաեւ մի ցանկություն, որը սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հայտնի ցանկության առավել լայն կրկնությունն է:
«ՀՀ Նախագահը ցանկություն է հայտնել նաև, որպեսզի Միությունն իր միջոցների մի հիմնական մասը պահի կայուն ֆինանսական համակարգ ունեցող Հայաստանում` դրանով ավելի շատ շահ ստանալով և այդպիսով ավելացնելով բարեգործության ծավալները», ասված է նախագահի նստավայրից տարածված հաղորդագրության մեջ:
Հրանուշ Հակոբյանն էլ ցանկություն էր հայտնում, որ յուրաքանչյուր հայ գոնե 1000 դոլար փող դնի Հայաստանի բանկային համակարգում: Սերժ Սարգսյանն էլ այդ ոգով ցանկանում է, որ ՀԲԸՄ-ն իր փողը պահի Հայաստանում:
Սարգսյանն անկեղծ է, Հայաստանին փող է պետք, շատ փող: Հայաստանի իշխանությունը գտնվում է դրա ինտենսիվ որոնման մեջ: Այնպես չէ, որ Հայաստանը փող չունի: Փող շատ կա, պարզապես Հայաստանի եղած փողը մի քանի մարդու եւ ընտանիքի սեփականություն է, որն արտահայտվում է կամ Հայաստանում կառուցված շքեղություններով, ձեռք բերված շարժական ու անշարժ թանկարժեք գույքի տեսքով, կամ արտահանվող կապիտալով, որ տարեկան կազմում է մի քանի հարյուր միլիոն դոլար եւ որը արտերկրում վերածվում է օֆշորային հաշիվների կամ այլ բիզնեսների:
Այդ փողը Հայաստան չի գալիս, կամ գալիս է խիստ սահմանափակ ծավալներով եւ շատ կոնկրետ ներդրումային նպատակով, եթե կա որեւէ կոնկրետ ոլորտում չգրված արտոնությամբ բիզնես ծավալելու պայմանավորվածություն ու երաշխիք: Այդ պայմանավորվածությունը սովորաբար ձեռք է բերվում իշխանության շուրջ պայմանավորվածության փաթեթի շրջանակում:
Այսինքն, Հայաստանի եղած փողը` լինի դա Հայաստանում հենց մնացող, թե Հայաստանից դուրս տարված, Հայաստանում վերածվում է կապիտալի այն ժամանակ, երբ ձեռք է բերվում դրա քաղաքական գինը կամ արժեքը հավաստող ներիշխանական պայմանավորվածություն:
Իսկ քանի որ այժմ իշխանության խնդիրն առավել քան բարդացել է, արտաքին տնտեսա-քաղաքական աննպաստ կոնյունկտուրայի հետեւանքով, չափազանց բարդ եւ գրեթե անհնար են ստացվում պայմանավորվածությունները ներդրումների շուրջ: Բանը կարող է հասնել այնտեղ, երբ ամենահարուստ հայն ըստ Ֆորբսի` Սամվել Կարապետյանը, կարող է հայտարարել, որ ներդրումներն ավելացնելու տեղեկությունը չի համապատասխանում իրականությանն ու ակնարկել, թե ինչ որ շրջանակ ուզում է «առաջացնել արհեստական սպասում»:
Այդպիսի իրավիճակում Սերժ Սարգսյանին այլ բան չի մնում, քան փողի հարցը փորձել լուծել հնարավոր ու անհնար բոլոր աղբյուրների միջոցով: Զարմանալի չէ, որ այդպիսի աղբյուր է դիտվում նաեւ ՀԲԸՄ-ն, որին առաջարկվում է փողը պահել Հայաստանում:
Կվստահի՞ կառույցը Սերժ Սարգսյանին, երբ նրան փաստացի չի վստահում թե արտասահմանյան, թե ներիշխանական կապիտալը: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանը բավական անարդյունավետ ներդրումային համաժողով ունեցավ Նյու Յորքում` հոկտեմբերին, գործնականում ցամաք են ներդրումային այլ աղբյուրները` Ռուսաստան, Չինաստան, Իրան: Սարգսյանի Հայաստանին ոչ ոք կապիտալ չի վստահում, լավագույն դեպքում տալիս են պարտքով, այն էլ քիչ` ընդամենը կայունություն պահելու համար:
Իսկ պատճառն այն է, որ Սարգսյանը նախագահության մեկնարկից ի վեր հետեւողական չի եղել փոփոխության մասին իր որեւէ խոսքում: Ընդ որում, հետեւողականությունն ու արդյունավետությունը հոմանիշներ չեն: Խոսքը արդյունավետության ցածր ցուցանիշի մասին չէ, այլ հետեւողականության ցուցիչի բացակայության: Բոլորի համար է պարզ, որ Սերժ Սարգսյանը լուծում է բացառապես իր իշխանության խնդիրները, ոչ թե Հայաստանի: Այլապես, նրան արվել են շահեկան մի շարք առաջարկներ, որոնք ընդամենն ունեցել են պայմաններ, որ բխում էին Հայաստանի շահից: Սերժ Սարգսյանը մերժել է դրանք, երբ նկատել է փոքր ինչ ռիսկ սեփական իշխանության համար:
ՀԲԸՄ-ին արվող առաջարկը սեփական իշխանությունը ֆինանսավորելու առաջարկ է` հերթական առաջարկը: Կդնի՞ կառույցը պայմաններ, որոնք ռիսկ կպարունակեն Սերժ Սարգսյանի իշխանության համար եւ նրանից կպահանջեն հետեւողականություն, թե՞ դա չի էլ քննարկվի:
Սարգսյանն այս դեպքում փորձել է իր դիրքերը կառուցել հայրենասիրության խաղարկման վրա` ցանկություն հայտնելով, որ ՀԲԸՄ-ն լինի հայաստանակենտրոն:

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

hing.am

hing.am