Սերժ Սարգսյանի զոհաբերությունների ցուցակը

0

Սերժ Սարգսյանի նախագահության ավարտն ու վարչապետության «սահուն» անցումը ուղեկցվում է միջազգային բուռն ճգնաժամով, որը արդեն հասցրել են որակել «Կարիբյան ճգնաժամ-2»: Սիրիական Դումա քաղաքի վրա իբրեւ թե քիմիական զենքի կիրառման առիթով ԱՄՆ ու Ռուսաստանը Սիրիայի հարցում հասել են հռետորաբանության մի սահմանագծի, երբ արդեն հնչում են բացահայտ սպառնալիքներ: Իհարկե, այս դեպքում ավելի թեժ է ամերիկյան կողմի հռետորաբանությունը: Ռուսաստանը Լիբանանում դեսպանի մակարդակով հայտարարել էր, թե կհարվածի ամերիկյան հրթիռներին, եթե ԱՄՆ հրթիռակոծի Սիրիայի կառավարական ավիաբազաները:

Դեսպանի հայտարարությանն ԱՄՆ պատասխանել էր նախագահի մակարդակով: Թրամփն իր թվիթերյան գրառման մեջ հայտարարել էր, թե Ռուսաստանը խոստացել է խփել ամերիկյան հրթիռները՝ Ռուսաստան, պատրաստվիր, դրանք գալիս են:Թրամփը կարճ ժամանակ անց Թվիթերյան գրառումով մեղմել էր նաեւ իր տոնը, ասելով, թե Ռուսաստանն ունի ԱՄՆ օգնության կարիքն ու առաջարկելով դադարեցնել սպառազինության մրցավազքը: Մոսկվան դարձյալ արձագանքել էր ԱԳՆ խոսնակի մակարդակով, որն ասել էր, թե որպես առաջին քայլ առաջարկում են սկսել ԱՄՆ քիմիական զենքից:Միեւնույն ժամանակ, տեղեկություն տարածվեց, որ ԱՄՆ օդ է բարձրացրել այսպես կոչված Դատաստանի օրվա օդանավը՝ Բոինգ E-4 օդանավը, որը ռազմավարական կառավարման թռչող օբյեկտ է, որից հնարավոր է ընդհուպ պատերազմ մղել եւ որը առանց վայրէջքի կարող է օդում մնալ մեկ շաբաթ:Ռուսաստանն առայժմ ձեռնպահ է մնում կտրուկ հայտարարություններից:

Միաժամանակ ռուսական կապիտալի շուկան տենդի մեջ է, որն առաջացել է մի շարք օլիգարխների եւ տնտեսական հսկաների հանդեպ ԱՄՆ օրերս հայտարարած պատժամիջոցներից հետո: Ռուբլին անկում է արձանագրում թե դոլարի, թե եվրոյի նկատմամբ: Առանցքային նշանակություն է ունեցել պատժամիջոցը Ռուսաստանի ալյումինի հսկայի՝ Ռուսալի եւ նրա սեփականատեր Դերիպասկայի նկատմամբ:Իրադարձությունների զարգացումը կարող է կտրուկ փոխվել ժամերի ընթացքում, ինչպես ավելի թեժացման եւ ընդհուպ բախման, այդպես էլ լարվածության որոշակի լիցքաթափման ուղղությամբ, ինչպես փոխվում էին Թրամփի թվիթերյան գրառումները:Իրավիճակը Հայաստանի համար ակնհայտորեն ռիսկային է եւ պարունակում է բազմաթիվ մարտահրավերներ, այդ թվում ոչ միայն անվտանգային-քաղաքական, այլ նաեւ տնտեսական:

Եթե նույնիսկ հաջողվի խուսափել ռազմական էսկալացիայից, եւ դրա հնարավոր մետաստազներից այլ, այդ թվում հարավկովկասյան ռեգիոնում, ապա Ռուսաստանի տնտեսության տենդը կարծես թե կունենա առնվազն միջնաժամկետ միտում եւ մինչեւ հերթական «կայունացումը» կարող է բավական խնդիրներ առաջ բերել Հայաստանի համար:Փաստացի, Սերժ Սարգսյանի իշխանության ցիկլերը ուղեկցվում են խոշոր միջազգային ճգնաժամերով, որոնք համառորեն հետապնդում են նրան: 2008-ին նրա նախագահամուտից կարճ ժամանակ անց բռնկվեց ոչ միայն ռուս-վրացական հնգօրյա պատերազմը, այլ նաեւ համաշխարհային տնտեսական ճգնաժամը, որին հաջորդեց 2009 թվականին Հայաստանի տնտեսության 14 տոկոս անկումը:Իրավիճակը արտերկրում քիչ թե շատ կայունանում էր, այդ թվում Ռուսաստանում, երբ Սերժ Սարգսյանի նախագահական պաշտոնամուտի երկրորդ ժամկետից կարճ ժամանակ անց թեժացավ ուկրաինական ճգնաժամն ու սկսվեց Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների արեւմտյան քաղաքականությունը, հարվածելով Ռուսաստանի տնտեսությանը, նավթի գնանկման հետ մեկտեղ, ինչն էլ բնականաբար հարված էր Հայաստանի տնտեսությանը, որը գրեթե ամբողջությամբ կախված լինելով Ռուսաստանից, նաեւ դարձել էր ԵՏՄ տարածության մաս:

Հետո եղավ կայունացման որոշակի շրջան Ռուսաստանում, ճգնաժամը հասավ հատակին, ինչպես հավաստիացնում էին ռուսները, բայց ահա այժմ, երբ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնամուտի շեմին է, հատակը դարձյալ բացվում է, եւ պարզվում է, որ գահավիժումը շարունակվում է:Սերժ Սարգսյանը տվյալ պարագայում հենց արտաքին ուժգին մարտահրավերներով է «հիմնավորել» իր վարչապետությունը, բայց դրանից հետո նա պետք է արդեն հենց ճգնաժամի դեմ պայքարի «արդյունքով» հիմնավորի պաշտոնավարումը:Ի՞նչ է պատրաստել Սերժ Սարգսյանը արդեն հետագայի այդ հիմնավորման համար, եւ պատրա՞ստ է իրական արդյունք ապահովելու ունակ հաջորդական քայլերի, որոնք կօգնեն ապահովել տնտեսության զարգացում եւ պետության որակական վերափոխում, արտաքին քաղաքականության եւ տնտեսության արդյունավետ դիվերսիֆիկացիա եւ այլընտրանքների ձեւավորում, թե՞ Սարգսյանը պատրաստել է «քաղաքական զոհաբերությունների ցուցակ»՝ մինչեւ հաջորդ արտաքին կայունացում եւ ճգնաժամ: Ու այդպես ինչքա՞ն:



Загрузка...