good-banner
Լրահոս

Սերժ Սարգսյանին առաջարկում են մինչև այսօր երեկոյան ժամը 20:00-ը լուծել ապստամբ «Սասնա ծռերի» սննդի, ջրի, դեղորայքի ու բուժօգնության հարցերը

 

serj-2

168.am — Քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքների նախաձեռնող խմբի անդամները՝ Ալեք Ենիգոմշյանը, Ալբերտ Բաղդասարյանը ընթերցեցին համակարգող խմբի հայտարարությունը, որում մասնավորապես ասվում էր.

«Արդեն ութերորդ օրն է, ինչ հայոց պետության ու հայ ժողովրդի մի խումբ նվիրյալներ` «Սասնա ծռեր» խմբի անդամները, ինչպես Հայաստանի ողջ բնակչությունը, զրկված լինելով իր սահմանադրական իրավունքների իրացման որևէ քաղաքակիրթ, օրինական հնարավորությունից, ստիպված եղան դիմելու Մարդու իրավունքների հռչակագրով նախատեսված՝ ժողովրդի ապստամբության իրավունքից բխող գործողությունների:

«Սասնա ծռերի» առաջ քաշած պահանջները բացառապես քաղաքական են և բխում են Հայաստանի հերթական օտարածին, ապօրինի վարչախմբի կողմից բռնի ուժով իշխանությունը զավթած լինելու, Հայաստանի քաղաքացիների իրավունքների մշտապես ոտնահարման, Հայաստանը օտար պետության շահերին ծառայեցնելու իրողությունից:
Դրսևորելով բացառիկ քաղաքական, հումանիստական վարք, որպես բարի կամքի դրսևորում, իշխանությունների հետ տարվող բանակցությունների շրջանակում «Սասնա ծռերն» ազատ արձակեցին իրենց մոտ գտնվող ոստիկանության բոլոր աշխատակիցներին:

Սակայն, խախտելով բոլոր կարգի պայմանավորվածությունները, վարչախումբը դիմեց հերթական, տմարդի, ստոր քայլերին:

Արդեն երրորդ օրն է, ինչ անջատել են ջրամատակարարումը, էլեկտրամատակարարումը, չեն տրամադրում սնունդ, դեղորայք: Չեն տրամադրում բուժօգնություն վիրավոր ապստամբին, խախտելով միջազգային ու մարդկային բոլոր նորմերը, փորձելով ապստամբներին մատնելու սովամահության:

Սերժ Սարգսյանի վարչախումբը, որն ապրիլին թշնամուն հանձնեց ավելի քան 800 հա տարածք, տալով 100-ից ավել զոհ ու բազմաթիվ վիրավորներ, հայտարարում էր, որ չի ցանկանում հետ բերել տարածքները, խուսափելու համար զոհեր տալուց:

Ստացվում է, որ Հայրենիքի տարածքները կարելի է հանձնել թշնամուն, իսկ հանուն այդ նույն Հայրենիքին արյուն տված, ու երկրի ու ժողովրդի ապագային նվիրված, համաժողովրդական սեր և վստահություն վայելող Սասնա ծռերի կյանքը որևէ արժեք չի ներկայացնում:

Այդ ապստամբությունը ճնշելու համար, Սերժ Սարգսյանը պատրաստ է զոհաբերել ինչպես «Սասնա ծռերի» նվիրյալների, այնպես էլ բազմաթիվ հայ երիտասարդ ոստիկանների ու խաղաղ բնակիչների կյանքեր:

Կողմ լինելով բոլոր հարցերի՝ այդ թվում նաև այս հարցի բացառապես քաղաքական ճանապարհով, խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու սկզբունքին,
դեմ լինելով ամեն կարգի բախումներին խաղաղ ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև:

Համոզված լինելով, որ այս անգամ գոնե իշխանությունը իր մեջ ուժ կգտնի ու կցուցաբերի զսպվածություն ու ձեռնպահ կմնա ուժային գործողությունների դիմելուց, որն հղի է անկանխատեսելի հետևանքներով,

Համակարգող խորհրդի նախաձեռնող խումբը հայտարարում է.

-Թափված յուրաքանչյուր կաթիլ արյան, խեղված յուրաքանչյուր ճակատագրի համար պատասխանատու է Սերժ Սարգսյանն անձամբ: Անկախ այն բանից, թե դա ոստիկանության ծառայողներինն է, թե «Սասնա ծռերի» տղաներինը:

Բազմահազար ցուցարարների անունից.

-առաջարկում ենք Սերժ Սարգսյանին, որպեսզի այսօր` մինչև երեկոյան ժամը 20:00-ն, լուծվեն ապստամբ «Սասնա ծռերի» սննդի, ջրի, դեղորայքի ու բուժօգնության հարցերը:
Հայ ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին կոչ ենք անում, երեկոյան ժամը 20:00-ին հավաքվել Խորենացի փողոցում, քննարկելու համար մեր հետագա քայլերը:

Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին, միջազգային կազմակերպություններին, կարմիր խաչին, որպեսզի ակտիվ միջամտություն ցուցաբերեն, օգնելու, խնդիրը բանակցային ճանապարհով, խաղաղ լուծելու համար:

Մենք համոզված ենք, որ ստեղծված իրավիճակում, միայն յուրաքանչյուրիս ակտիվ մասնակցությունից, միասնականությունից ու վճռականությունից է կախված խաղաղ, անարյուն հանգուցալուծումը:

Загрузка...

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing