Լրահոս

Սերժ Սարգսյանին կարծես թե հաջողվեց

 

arm147288204530

lragir.am – Հայաստանի նոր Սահմանադրության կենսագործման վերաբերյալ փետրվարի 12-ի իր ելույթում Սերժ Սարգսյանը մասնավորապես անդրադարձել էր ներքաղաքական գործընթացներին կուսակցությունների մասնակցության ու պատասխանատվության խնդրին:
«Ինչպես շատ ժողովրդավարական պետություններում, քաղաքական պայքարի առաջնորդողները կլինեն կուսակցությունները: Կուսակցությունները և նրանց կոալիցիաները կկազմեն գործադիր մարմիններ, կառաջարկեն թեկնածություններ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների պաշտոնների համար:
… Քաղաքական համակարգը կբարեփոխվի և կբարելավվի քաղաքական միավորումների մրցակցության շնորհիվ՝ պայմանով, որ լինի միջկուսակցական կոնսենսուս արտաքին քաղաքականության ռազմավարական սկզբունքների, սոցիալական կայունության, ազգային անվտանգության, սահմանադրական համակարգի հիմնարար դրույթների և ինքնիշխանության պահպանման, քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության, ինքնակազմակերպման և ինքնակառավարման բոլոր ձևերի գոյության շուրջ», ասել էր Սերժ Սարգսյանը:
Քաղաքական համակարգը ներկայում թեւակոխել է ՏԻՄ ընտրության փուլը, նոր Սահմանադրությունը թույլ է տվել բացել նոր կուսակցություններ արդեն ռեգիոնալ մակարդակով, եւ ընդհանապես կարծես թե քաղաքական մրցակցության առումով նոր հնարավորություններ է տվել:
Ինչն է հետաքրքիր՝ ՏԻՄ ընտրափուլին ակտիվ ներգրավվել են բազմաթիվ քաղաքական ուժեր, որոնք խիստ քննադատության էին ենթարկում նոր Սահմանադրությունը, ասելով, թե այն միակուսակցական համակարգի ամրապնդման ու «լեգիտիմացման» միջոց է: Այս եւ նման կարգի հայտարարություններից հետո այդ ուժերը փաստացի ձեռնամուխ են եղել նոր Սահմանադրության «կենսագործմանը»:
Ընդ որում, նկատելի է, որ այս կուսակցությունները, հռետորաբանությունը մի կողմ դրած, հանգել են կամ աստիճանաբար հանգում են Սերժ Սարգսյանի թվարկած կոնսենսուսին: Արդեն իսկ ընտրական գործընթացին նրանց մասնակցությունը համաձայնություն է այդ կոնսենսուսին եւ հայտ՝ այն կայացնելու:
Սերժ Սարգսյանը կարծես թե երկու «ճակատ» է բացել, իհարկե պայմանական: Մեկը իշխող համակարգն է իր բազմաթիվ շահերով ու խմբավորումներով, մյուսում ընդդիմությունը՝ մի կողմում Սասնա ծռեր շարժումն իր առայժմ անորոշ ծրագրերով ու պահանջներով, մյուս կողմում՝ քաղաքական կուսակցությունները:
Այս կառուցվածքը ունիվերսալ է եւ խաղի բազմաթիվ հնարավորություններ է տալիս, այդ թվում՝ «խաչաձեւ»: Պայքարն ընթանալու է հիմնականում այս ճակատների ներսում, այսինքն՝ մի կողմից՝ իշխող համակարգի խմբավորումների միջեւ, մյուս կողմից՝ ընդդիմադիր ուժերի միջեւ: Ժամանակին մենք ենթադրել էինք, որ նոր կառուցվածքում ընդդիմությանը թողնվելու է միայն միմյանց դեմ պայքարելու եւ «միակ ընդդիմություն» հռչակվելու ասպարեզը: Այս միտումներն արդեն նկատելի են եւ ունենում են հետաքրքիր դրսեւորումներ:
Ընդ որում, Սասնա ծռեր շարժումն այս պարագայում ունի յուրահատուկ դեր՝ այն սահմանում է «բարոյական» ու «քաղաքական» արմատական որոշակի նշաձողեր, որոնք ավելի շատ ուղղված են ընդդիմությանը, ինչն էլ այս միջավայրում ունենալու է այսպես ասած քայքայիչ դեր այն առումով, որ ընդդիմությունը ձայներ ստանալու համար ստիպված է լինելու «հարմարվել» այդ նշաձողերին՝ դրանից բխող հետեւանքներով:
ՏԻՄ առաջիկա ընտրություններն արդարացիորեն գնահատվում են որպես ներքաղաքական ինչ որ մոդելի փորձարկում: Սերժ Սարգսյանին կարծես թե հաջողվում է նոր Սահմանադրությունը դարձնել «ազգային համաձայնության փաստաթուղթ», ինչի վերաբերյալ վստահություն էր հայտնել փետրվարի 12-ի իր ելույթում: Եվ միակ բանը, որ առայժմ չի ստացվում՝ ինքնիշխանության պայմանն է:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing