Սերժ Սարգսյանին կողմ քվեարկած ԲՀԿ-ականները ևս միացել են Փաշինյանի ղեկավարած շարժմանը

0

azatutyun.am — «Իշխանությունը պետք է հեռանա»,- հայտարարում է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Արձագանքելով վարչապետի պաշտոնակատար, հանրապետական Կարեն Կարատետյանի տեսակետին, թե հանգուցալուծման ուղիներ պետք է փնտրել խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի համատեղ քննարկումների արդյունքում, Զոհրաբյանն ասաց՝ ցանկացած քննարկում-բանակցություն կարող է լինել միայն մեկ՝ իշխանությունն անցնցում հանձնելու հարցի շուրջ, այլ օրակարգ լինել չի կարող։

«Ազատության» հարցին՝ «եթե հրապարակը որոշի՝ վարչապետի պաշտոնում առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, դուք կպաշտպանե՞ք այդ առաջարկը, թե՞ ունենալու եք սեփական թեկնասծուն», Զոհրաբյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ մենք կքննարկենք միասնական թեկնածու ունենալու հարցը: Փաշինյանի թեկնածությունն ինձ համար անձնապես ընդունելի է, և ես չեմ կարծում, որ մեր կուսակցությունում այդ թեկնածությանը դեմ լինեն: Բայս ես կրկնում եմ՝ դա քննարկման խնդիր է»:

Զոհրաբյանը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց լուրը, թե համաժողովրդական շարժումն առաջնորդող Նիկոլ Փաշինյանի ու Գագիկ Ծառուկյանի միջև հանդիպում է կայացել: Ասաց՝ ԲՀԿ-ն և «Քաղաքացիական պայմանագիրը» քննարկումներ անցկացնում են, թե ինչ օրակարգով, Զոհրաբյանը չբացահայտեց։

Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանն» ու Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից րոպեներ առաջ հայտարարեցին «համաժողովրդական շարժմանը միանալու» մասին: Այսօր արդեն կուսակցությունը հանդես եկավ «փողոց դուրս գալու, ժողովրդի կողքին» լինելու կոչով։

Հիշեցմանը, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ «Ծառուկյան» խմբակցությունում միայն անդամների մեկ երրորդը դեմ քվեարկեց Սերժ Սարգսյանի թեկնածությանը, Նաիրա Զոհրաբյանն ասաց․ «Այո, մեր քաղաքացիները, իմ գործընկեր լրագրողներն իրավունք ունեն ինձ տալու այդ հարցը: Ես և իմ բազմաթիվ գործընկերներ՝ Վահե Էնֆիաջյան, Միքայել Մելքումյան, Իվետա Տոնոյան, Շաքե Իսայան, Լուիզա Սիմոնյան, Գևորգ Պետրոսյան, Հակոբ Նազարյան, Նոնա Առուստամյան, քվեարկել ենք դեմ՝ Սերժ Սարգսյանի թեկնածությանը, և ես մնում եմ այն կարծիքին, որ իմ գործընկերները չպետք է կողմ քվեարկեին:

Ես իրավունք չունեմ՝ որևէ մեկին մեղադրել, քանի որ կայացվել էր ազատ քվեարկելու որոշում: Յուրաքանչյուրն ազատ է եղել իր խղճի առաջ, բայց իմ խիղճը, իմ արժանապատվությունն ինձ թելադրել է՝ քվեարկել դեմ, և ես քվեարկել եմ դեմ»:

Այսօր հայտնի դարձավ նաև, որ հրաժարական է տվել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչ Ռոստոմյանը: Նա հայտարարել է, թե որպես ԲՀԿ-ի համակիր, պաշտպանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ համազգային մոբիլիզացիայի մասին կոչին և անձամբ դուրս է գալիս փողոց։

ԱԺ-ի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն առավոտյան միացել էին Նիկոլ Փաշինյանի առաջնորդած երթին: Նրանց շարքերում էին նաև այն պատգամավորները, որոնք ընդամենը մի քանի օր առաջ կողմ էին արտահայտվել վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի թեկնածությանը: Այսօր արդեն նրանք հայտարարում էին, թե համաժողովրդական շարժման կողմնակից են: Վարդան Բոստանջյանն ասաց․ «Այն ժամանակ որ կողմ եմ քվեարկել, միգուցե համարեք, որ սխալ եմ արել»:



Загрузка...

Hing.am is Stephen Fry proof thanks to caching by WP Super Cache