Լրահոս

Սերժ Սարգսյանին մերժե՞լ են

 

Հայաստանում անցկացված ԵՏՄ վարչապետների հավաքի ընթացքում հպանցիկ անդրադարձեր եղան Իրանի հետ հարաբերությանը, եւ առավելապես Մեդվեդեւի պաշտոնական այցի շրջանակում ՌԴ վարչապետը մի քանի բառով հետաքրքրություն հայտնեց Իրանի հետ ազատ տնտեսական գոտի ձեւավորելու Հայաստանի նախաձեռնության առիթով, ասելով, թե կփորձի այդ ուղղությամբ հրավիրել ռուսական բիզնեսի ուշադրությունը:Առայժմ հայտնի է, որ Հայաստան այցից հետո Մեդվեդեւը մի քանի լուսանկար է հրապարակել Ինստագրամում:

Թե էլ ինչ է արել կամ անելու, պարզ չէ, առավել եւս իրանական ուղղությամբ:Դեռեւս մի քանի շաբաթ առաջ Սոչիում ԵՏՄ Վեհաժողովում Սերժ Սարգսյանի ելույթից ակնհայտ դարձավ, որ Երեւանը դժգոհ է Իրանի ուղղությամբ ԵՏՄ հետաքրքրությունից: «Կցանկանայի նաև հաստատել Իրանի հետ առաջիկայում համաձայնագրի ստորագրման տրամադրվածությունը, և ես վստահ եմ, որ դա մեր ընդհանուր մոտեցումն է: Հայաստանի վարչապետի կողմից՝ երեկ Իրան կատարած այցի ընթացքում, այս հարցին անդրադարձ է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության հետ: Ես կարծում եմ, որ նրանք պատրաստ են շարունակել և ավարտել բանակցությունները առաջիկայում», հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

«Վստահ եմ, որ դա մեր ընդհանուր մոտեցումն» է արտահայտությամբ Սերժ Սարգսյանը գործնականում ակնարկում էր, որ չկա ընդհանուր մոտեցում: Նա փաստացի հայտարարում էր, որ Երեւանը փորձում է Իրանին տրամադրել ԵՏՄ հետ ազատ հարաբերության շուրջ համաձայնության, բայց չկա ԵՏՄ համարժեք շահագրգռությունը:Մինչդեռ Հայաստան-Իրան հարաբերության հետագա սերտացումը կախված է դրանից, քանի որ Հայաստանը երրորդ երկրների հետ տնտեսական հարաբերության, մասնավորապես ազատ առեւտրի մասով զգալի կաշկանդված է ԵՏՄ որոշումով:Իսկ այստեղ, բացի ԵՏՄ մյուս անդամների հետաքրքրության պակասից, կա նաեւ Ռուսաստանի խնդիրը, որը պայմանավորված է մի կողմից Հայաստանի վրա քաղաքական ազդեցության պահպանման, մյուս կողմից Կովկասում Իրանին խաղի լայն հնարավորություն չտալու հանգամանքով:

Այդ տեսանկյունից, Կարեն Կարապետյանի Իրան կատարած այցից հետո Մեդվեդեւի Հայաստան կատարած այցը թերեւս պետք է ենթադրեր Կարապետյանի իրանական այցի ռեվիզիա, եւ Մեդվեդեւն իր այցի ընթացքում պետք է վերաբերմունք արտահայտեր Իրանում Կարապետյանի ունեցած քննարկումների հանդեպ:Խնդիրը առավել բազմաշերտ է դառնում ելնելով այն հանգամանքից, որ Մեդվեդեւը կարող է նաեւ շահագրգռված կողմ լինել Հայաստանի իշխանությունում Կարապետյանի դերակատարության աճով, իսկ դա առավել նվազեցնում է Իրանի հետ հարաբերության խորացման հարցում շահագրգռությունը, քանի դեռ այդ խորացման այսպես ասած քաղաքական շահառուն առաջին դեմք Սերժ Սարգսյանն է:Առաջիկայում կլինի՞ հայ-վրացական որեւէ բարձր մակարդակի շփում: Բանն այն է, որ Վրաստանն այդ իմաստով Հայաստան-Իրան հարաբերության յուրօրինակ ինդիկատոր է, քանի որ հայ-իրանական հարաբերության որակապես նոր մակարդակը անխուսափելիորեն ենթադրելու է այնպիսի մասշտաբ, որ ներառում է նաեւ Վրաստանը: Հետեւաբար, եթե կան հայ-իրանական շփումներից հետո տեսանելի ժամանակահատվածում հայ-վրացական շփումներ, ապա դա կարող է հիմք տալ եզրակացության, որ կա առարկայական օրակարգ:Միեւնույն ժամանակ ուշագրավ էր չինական «ինդիկատորի» որոշակի ազդանշան, որ արտահայտվեց ԵՏՄ վարչապետների հավաքին զուգահեռ Սերժ Սարգսյանի Չինաստանի նախագահին հղած շնորհավորական ուղերձով:

«Պատրաստ ենք նաև հնարավորինս նպաստելու Ձեր կողմից առաջ քաշված «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի իրականացմանը՝ դիտելով այն որպես բազմագործառույթ նախագիծ, որը կոչված է ապահովելու դրանում ընդգրկված երկրների և ժողովուրդների անվտանգությունը, խաղաղությունը և բարօրությունը», ուղերձում նշել էր Սարգսյանը:Չինաստանի Մեկ գոտի մեկ ճանապարհ ծրագրին Հայաստանը կարող է ներգրավվել միայն Իրանի միջոցով, եթե Իրանի հանդեպ «ընդհանուր մոտեցման» բացակայությամբ չարգելակի ԵՏՄ-ն:



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing