Լրահոս

Սերժ Սարգսյանին փոխարինողը

 

Հայաստանում առկա «2018-ի» խնդրի համատեքստում, երբ Սերժ Սարգսյանը հրաժեշտ է տալու նախագահի պաշտոնին, իսկ դրանից հետո այլեւս չի լինելու նախագահի ընտրովի պաշտոն՝ նախագահին փաստացի նշանակելու է ԱԺ-ն, հաճախակի հնչող հարցերից է դառնում այն, թե ո՞վ է բանակցելու Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում:

Նախ, ինքնին երեւի թե տեղին կարող է լինել հարցը, թե արդյո՞ք լինելու է այդպիսի բանակցություն: Որովհետեւ, եթե Ադրբեջանը շարունակի մերժել հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրումը, ապա Հայաստանի համար բացարձակապես անիմաստ է գնալ Բաքվի հետ բանակցության՝ պետք է բոլոր ռեսուրսներն ու ժամանակը հատկացնել առաջնագծի մարտավարական եւ ռազմավարական ամրապնդմանը:Բանն այն է, որ միայն դա է կանխելու Բաքվի ռազմական որեւէ արկածախնդրություն կամ ագրեսիա, ոչ թե բանակցային գործընթացը:

Բանն այն է, որ բանակցային գործընթացը իրականում վերածվել էր հենց Բաքվի համար քողի, որով նա լեգիտիմացնում էր իր ռազմական ագրեսիան, ռազմական շանտաժի դիվանագիտությունը:Երեւանը ուշ, բայց ապրիլի պատերազմից հետո արդեն անխուսափելիորեն հասկացավ խնդիրը գոնե այդ իմաստով եւ փաստացի զրկեց Ադրբեջանին այդ լեգիտիմությունից, հայտարարելով, որ եթե Բաքուն մի ձեռքով իբր բանակցելու է, իսկ մյուսով կրակելու՝ ապա Հայաստանն ավելի լավ է երկու ձեռքով մտածի պաշտպանության ու զսպման մասին:Երեւանիչ այդ դիրքորոշումը գործնականում ստեղծել է որոշակիորեն նոր նախադրյալ, որում Բաքուն հայտնվել է բավական բարդ իրավիճակում:

Ընդ որում հատկանշական է, որ միջնորդ համանախագահները կարծես թե ընդունում են Հայաստանի դիրքորոշումը, քանի որ այն փաստարկված է թե ապրիլի պատերազմով, թե դրան հաջորդած իրականությամբ:Այնպես որ, հարց է ընդհանրապես բանակցության լինել-չլինելը, մինչ բանակցողի ով լինելուն հասնելը:Այդուհանդերձ, համանախագահները փորձում են հասնել նոր իրավիճակի եւ գործընթացի որոշակի տրանսֆորմացման, եւ այդ դեպքում իհարկե հնարավոր է հանդիպումների գործընթացի վերականգնում, որի շնորհիվ փորձ կարվի թեկուզ կարճաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում ապահովել կայունության որոշակի նոր փուլ, թեկուզ ռազմավարական հեռանկարների մշակումների համար:

Ընդհանուր առմամբ իհարկե հարցը կարեւոր է, թե ով է լինելու Հայաստանից բանակցողը, երբ Սերժ Սարգսյանը վայր դնի նախագահի լիազորությունը:Կան կարծիքներ, թե հաջորդ բանակցողի հարցը պահանջելու է հատուկ որոշում: Այստեղ սակայն կարեւոր հարցը թերեւս ինչ որ իմաստով արհեստական է, նկատի ունենալով այն, որ կա պարզ պատասխան: Հաջորդ բանակցողը լինելու է նա, ով կլինի Հայաստանի հաջորդ Առաջին դեմքը: Իսկ Հայաստանի հաջորդ Առաջին դեմքը լինելու է վարչապետը:Արցախի խնդրում բանակցային գործընթացը չունի հատուկ ձեւաչափ:

Կա միջնորդական ձեւաչափ, որի շրջանակում բանակցային գործընթացը ընթանում է կամ արտաքին գործերի նախարարների, կամ պետությունների առաջին դեմքերի մակարդակով:Որեւէ մեկը հատուկ չի որոշել, որ պետք է բանակցեն նախագահները կամ արտգործնախարարները: Հետեւաբար, եթե չկա երկու կողմերի եւ միջնորդների համաձայնությամբ բանակցության հատուկ ֆորմատ որեւէ մակարդակի արձանագրումով, ապա բանակցողի հարցը պարզ է՝ հանդիպման կգնան կամ արտգործնախարարը կամ վարչապետը:Ադրբեջանի նախագահը հազիվ թե համաձայնի որեւէ հանդիպման գնալ մեկի հետ, ով Հայաստանի Առաջին դեմքը չէ:

Նույնն իհարկե Հայաստանի առաջին դեմքի պարագայում: Տրամաբանական չէ, որ Հայաստանի առաջին դեմքը կամ Ադրբեջանի առաջին դեմքը բանակցեն իրենցից ցածր կարգավիճակ եւ հետեւաբար որոշումների կայացման հարցում ցածր դեր ունեցող պաշտոնյայի հետ:Այդպիսով, Արցախի խնդրում Հայաստանի հաջորդ բանակցողի առումով հարցը թերեւս շատ ավելի պարզ է, քան կարող է թվալ առաջին հայացքից:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing