good-banner
Լրահոս

Սերժ Սարգսյանին խաբել են Մոսկվայից

 

«Մինչև 2016թ-ը մեր գործընկերները մեզ վստահեցնում էին, որ պատերազմական քարոզչությամբ ու հակահայկական հիստերիայով Բաքուն իր ներքին քաղաքական խնդիրներն է լուծում: 2016թ-ի ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված քառօրյա ռազմական արկածախնդրությունը Բաքվի հենց այդ բազմամյա միլիտարիստական քարոզչության մարմնավորումը դարձավ` հակադրվելով սեփական հողի վրա սեփական ճակատագիրն ազատ տնօրինելու՝ Արցախի ժողովրդի ցանկությանը», Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում հայտարարել է Սերժ Սարգսյանը, որին շնորհել են այդ ինստիտուտի պատվավոր դոկտորի կոչում:

Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունից հետո թերեւս պետք էր հետ վերցնել այդ կոչումը, եթե շնորհվել էր դրանից առաջ, իսկ եթե շնորհվել էր հետո, ապա պետք էր հրաժարվել այդ մտքից:Թեեւ, ՄԳԻՄՕ պատվավոր դոկտորի կոչումը Սերժ Սարգսյանն ըստ երեւույթին ստանում է հենց դրա համար՝ որ պարտաճանաչ հավատացել է «մեր գործընկերների» հավաստիացումներին, թե Ադրբեջանի ռազմատենչությունը ներքին սպառման համար է:Իհարկե հարց է առաջանում, թե ովքեր են «մեր գործընկերները», որ Սերժ Սարգսյանին արել են այդ հավաստիացումները:

Մեղմ ասած բավական ծանրակշիռ հիմք կա ենթադրելու, որ խոսքը Ռուսաստանի մասին է, պարզապես Սերժ Սարգսյանը չի համարձակվում իրերը կոչել իրենց անունով:Այն, որ խոսքը Ռուսաստանի հավաստիացման մասին է, վկայում է առնվազն երկու հանգամանք: Նախ, Ռուսաստանն էր, որ վերջին տարիներին եղել է Ադրբեջանի ռազմական դիվանագիտության ռազմա-տեխնիկական գործընկերը, մատակարարելով միլիարդավոր դոլարների սպառազինություն: Ըստ այդմ, Ռուսաստանի ռազմավարական դաշնակից համարվող Հայաստանը հենց Մոսկվային պետք է որ հայտներ իր անհանգստությունը, թե ինչու են այդպես զինում Ալիեւին, առավել եւս, որ ըստ Ստոկհոլմի խաղաղության եւ պատերազմի ինստիտուտի տվյալի, վերջին ութ տարիներին Ադրբեջանը ձեռք է բերել Հայաստանից մի քանի տասնյակ անգամ ավելի մեծ ծավալի սպառազինություն, որի 80 տոկոսը հենց Ռուսաստանից: Հետեւաբար, Ռուսաստանը պետք է հավաստիացրած լիներ Սերժ Սարգսյանին, թե Բաքուն ներքին խնդիրներ է լուծում եւ պետք չէ անհանգստանալ:Ի վերջո, մինչ այժմ էլ Ռուսաստանը հենց այդ տրամաբանությամբ է բացատրում հայերին, թե ինչու է զենք վաճառում Բաքվին:

Բառացիորեն մի քանի օր առաջ այդ մասին Երեւանում քարոզում էին Կիսելյովն ու Սոլովյովը՝ թե վաճառում են, որ վերահսկեն Բաքվին:Եվ ուրեմն, ամենայն հավանականությամբ հենց Ռուսաստանին նկատի ունի Սարգսյանը, որը հավաստիացրել է, թե Բաքուն վերահսկվում է, ագրեսիայի չի գնա, ներքին խնդիրներ է լուծում:Մյուս վկայությունը, որ խոսքը հենց Մոսկվայի հավաստիացումների մասին է, ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի հայտարարությունն էր ապրիլի 22-ին Երեւան ժամանած ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպմանը:

Սարգսյանը դիմեց Լավրովին, որպեսզի նա ասի, թե ինչու՞ պատահեց այդ ամենը:Սարգսյանի տողատակում հստակ էր ակնարկը, թե չէ՞ որ ասում էիք, թե Բաքուն վերահսկվում է:Այդպիսով, Սերժ Սարգսյանը ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթում փաստորեն ավելի բաց տեքստով է խոստովանում, թե իրեն հավաստիացրել են, որ Բաքուն չի գնա լայնամասշտաբ գրոհի:Պարզվում է, որ Սերժ Սարգսյանը կամա թե ակամա խոստովանում է, որ իրեն խաբել են:Համենայն դեպս դժվար է պատկերացնել, որ խաբվել է նաեւ Ռուսաստանը՝ համոզված լինելով, թե կզսպի Բաքվին: Ավելին, մեծ հարց է նույնիսկ, թե արդյո՞ք ապրիլից առաջ Մոսկվան ուներ Բաքվին զսպելու անհրաժեշտություն, ոչ թե հակառակը:Երբ խոսվում էր այն մասին, թե զենք են վաճառում, որպեսզի կառավարեն, իրականում խոսքը ոչ թե ագրեսիան զսպելու, այլ ագրեսիան կառավարելու մասին էր: Ագրեսիա, որով պետք է իրագործվեր Կազանի պլանը, որն էլ Սերժ Սարգսյանը բացահայտել էր ապրիլի 23-ին Բլումբերգին տված հարցազրուցում:

Այդ պլանի մասին գրում էին հայաստանցի եզակի փորձագետներ ու լրատվամիջոցներ, ահազանգելով, որ մեծ է պլանը ռազմական ճանապարհով իրագործելու փորձի տարբերակի հավանականությունը: Հայաստանում այդ ամենն արժանանում էր ռուսական եւ ոչիշխանական պրոպագանդայի սուր հարվածներին, որոնց ներքո իրականում նախապատրաստվում էր քաղաքական եւ ռազմական հարվածը Հայաստանի ու Արցախի նկատմամբ:

Թեեւ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ հավանություն էր տվել Կազանի պլանին եւ այն տապալվել է միայն Ադրբեջանի պատճառով, այդուհանդերձ ակնհայտ է, որ այդ պլանը Հայաստանում քաղաքական ճանապարհով իրագործելը գրեթե ինքնասպանություն կլիներ ցանկացած իշխանության համար: Պլանը, ինչպես խոստովանել էր Սարգսյանն արդեն ապրիլի պատերազմից հետո՝ երբ հայկական զինուժը եւ հանրությունն ուղղակի հերոսաբար տապալեցին այն, ենթադրում էր Բաքվին 5 շրջանի վերադարձ առանց Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման, նաեւ խաղաղապահների տեղակայում: Աներկբա է, որ խոսքը վերաբերելու էր ՀԱՊԿ կամ ռուս խաղաղապահներին:

Որեւէ քաղաքական իշխանություն Հայաստանում հազիվ թե կարողանար իրագործել այդ պլանը, անգամ Լեւոն Տեր-Պետրոսյանի համոզված աջակցությամբ:Ըստ այդմ, ամենահավանական տարբերակը մնում էր ռազմական ճանապարհը: Դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի Բաքուն հասներ Հայաստանի եւ Արցախի նկատմամբ ռազմա-տեխնիկական ճնշող առավելության: Դա տեղի ունեցավ Ռուսաստանի օգնությամբ:Մյուս կողմից, միջազգային դիվանագիտական-քաղաքական ճակատում Մոսկվայի օգնությամբ Հայաստանն ուղղակի ամոթալի կերպով տապալեց Եվրասոցացման գործընթացը:

Այստեղ էականը հենց այն էր, որ գործընթացը պետք էր տապալել հենց այդ կերպ, ցույց տալու համար, որ Հայաստանը չունի ինքնիշխանություն եւ մեկ գիշերում Ռուսաստանը կարող է ստանալ ցանկացած որոշում: Դա անհրաժեշտ էր Հայաստանի անվտանգության խնդիրները միջազգային լեգիտիմությունից զրկելու համար:Դրան զուգահեռ, Հայաստանի ռազմավարական դաշնակցի եւ դաշնակցային բլոկ համարվող ՀԱՊԿ լռության պայմաններում Ադրբեջանը քայլ առ քայլ մեծացնում էր հրադադարի խախտման ինտենսիվությունն ու ծավալները, այդ թվում Հայաստանի սահմանների ուղղությամբ: 2014 թվականի օգոստոսին Տավուշում Ադրբեջանը գնաց գործնականում դիվերսիոն պատերազմի, իսկ 2015 թվականի սեպտեմբերին էլ Լավրովի Բաքու կատարած այցից մեկ օր անց սկսվեց Տավուշի անգամ խաղաղ բնակավայրերի եւ նույնիսկ սահմանից հեռու գտնվող գյուղերի ու քաղաքների հրետանակոծումը, որի հետեւանքով զոհ եղավ խաղաղ բնակիչների շրջանում: Հենց այդ ընթացքում էլ ՀԱՊԿ Վեհաժողովի օրակարգում հայտնվեց խաղաղապահ ուժերի հարցը:

Ի վերջո հասունացավ ապրիլի ագրեսիան, որի նպատակը պետք է լիներ անսպասելի գրոհը հայկական ուժերի հանդեպ՝ այդպիսի գրոհ չլինելու հավաստիացումների պայմաններում, որի շնորհիվ Ադրբեջանը պետք է հասներ շոշափելի դիրքային առավելության եւ Հայաստանը պետք է ստիպված լիներ մի քանի անգամ գերազանցող հակառակորդին կասեցնելու համար դիմել Մոսկվայի կամ ՀԱՊԿ աջակցությանը, որն էլ կլիներ արդեն ստատուս-քվոյի որոշակի փոփոխությունից հետո: Ինչպես ասում են, թե գայլերը կուշտ կլինեին, թե ոչխարներն անվնաս, համաձայն Կազանի պլանի:Բոլորովին պատահական չէ, որ ադրբեջանական ագրեսիայի առաջին օրերին Մոսկվան գործնականում քայլեր չէր ձեռնարկում կասեցնելու ուղղությամբ եւ հայտարարում էր, թե հետեւում է իրադարձությունների զարգացմանը: Քայլերը հաջորդեցին, երբ արդեն ակնհայտ դարձավ, որ Բաքուն ոչ միայն չի կարողանում իրացնել իր առավելությունը, այլ նաեւ ստիպված է զիջել առաջին օրերին ձեռք բերած դիրքերը:

Ի վերջո, Բաքվին լիովին ձեռնունայն չթողնելու համար կասեցվեց պատերազմը: Միաժամանակ հստակ է, որ Կազանի պլանի ռազմական իրագործումը պետք է տեղի ունենար կարճ ժամանակում, բլից-կրիգով, քանի որ երկարատեւ ռազմական գործողությունը Ռուսաստանի համար խնդիր է:Իրականում Կազանի պլանը տապալվել է ոչ թե Ադրբեջանի մերժման պատճառով, այլ հայկական զինված ուժերի դիմադրության: Եվ այստեղ է, գործնականում, որ ապրիլի պատերազմը եղել է Հայաստանի զինված ուժերի եւ հասարակության հաղթանակը, չնայած տարածքային որոշակի կորստի:

Որովհետեւ գլոբալ առումով սեղանին եղել է շատ ավելի լայն նպատակ, որը կասեցվել է եւ ստեղծվել լիովին նոր ռազմա-քաղաքական իրավիճակ:Այդ իրավիճակում արդեն որոշակի նոր մարտավարության է պարտադրված նաեւ Ռուսաստանը, որը այժմ ստիպված է մերժել նորից կրկնելու Բաքվի հորդորները կամ խնդրանքները:Եթե իհարկե մի գեղեցիկ օր Սերժ Սարգսյանը կրկին չհավատա նոր հավաստիացումների, թե Բաքուն չի հարձակվի երբեք:Թեեւ, մյուս կողմից, Սերժ Սարգսյանը գուցե չի էլ հավատացել, եւ ապրիլի պատերազմին եղել է որոշակի անպատրաստություն կամ ոչ բավարար ու լիարժեք պատրաստություն, ապա դա պարզապես եղել է Հայաստանի 25-ամյա անարդյունավետ քաղաքական մտքի եւ կառավարման խիստ անհամարժեքության հետեւանքըԲոլոր դեպքերում, ներկայում խնդիրը ապրիլից հետո հաստատված նոր ռազմա-քաղաքական իրավիճակը պահելն է, նոր պլանների ձեւավորում թույլ չտալը կամ որեւէ նոր պլան միայն ու միայն սեփական շահի ու անվտանգության ելակետով ձեւավորելը: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի կանխարգելել ռուս-ադրբեջանական նոր պլանների կազմավորումը եւ պահել Ռուսաստանը Հայաստանի շահի ու անվտանգության համար գոնե նվազագույն բավարար քայլերի ուղեծրում:

Загрузка...
Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing