Լրահոս

Սերժ Սարգսյանն անհանգստացել է. նա կհետեւի Կարեն Կարապետյանին

 

«Իմ մասնագիտական զարգացման, ինձ վստահելու և այդ վստահության շնորհիվ իմ եռանդն անընդհատ բազմապատկելու հարցերում, իհարկե, իմ կյանքում եղել է ու կա մեկ գլխավոր դերակատար՝ Նախագահ Սերժ Սարգսյանը, ումից ես միշտ սովորել եմ և ում հրահանգները ցանկացած հարցում կատարել եմ անվերապահորեն», tert.am-ի հետ զրույցում հայտարարել է նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնին վերստին նշանակված Հովհաննես Հովսեփյանը:
Հովսեփյանը այդ պաշտոնից ազատվեց ՊԵԿ ղեկավարի պաշտոնին տեղափոխվելու համար, երբ Սերժ Սարգսյանը առանձնացրեց ՊԵԿ-ը ֆիննախից, քանի որ Հովիկ Աբրահամյանն այլեւս բավականաչափ թուլացած էր եւ չկար Գագիկ Խաչատրյան սուպերնախարարի անհրաժեշտություն:
Սակայն կառավարության փոփոխությունից հետո Կարեն Կարապետյանն ըստ ամենայնի պնդել է, որ վարչապետի պաշտոնին համաձայնելու պայմանը ՊԵԿ ղեկավարի պաշտոնին իր համար վստահելի մարդու նշանակումն է: Նշանակվեց Վարդան Հարությունյանը, որը Հայռուսգազարդում Կարեն Կարապետյանի տեղակալն էր, իսկ նրանից հետո՝ ընկերության ղեկավարը:
Որոշ ժամանակ անգործ մնալուց հետո Հովհաննես Հովսեփյանը խորհրդարանի ընտրությունից մի քանի շաբաթ անց վերանշանակվեց նախագահի վերահսկողական ծառայության պետի պաշտոնում:
Նա հայտարարել է, որ իրենց առաքելությունն է լինել այնտեղ, որտեղ կա թերացում ընդունված որոշումների կատարման հարցում:
Դա իսկապես ուշագրավ հայտարարություն է, հատկապես Հայաստանի ներկայիս իրավիճակում, երբ տեղի է ունենում անցում լիարժեք խորհրդարանական մոդելի եւ վճռվում է իշխանության հետագա ստատուս-քվոն:
Փաստացի, Հովհաննես Հովսեփյանը լինելու է Սերժ Սարգսյանի որոշումների կատարման ընթացքը վերահսկողը, եւ հենց այդ պատճառով Սարգսյանը Հովսեփյանին վերադարձրել է վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնին: Այդ պաշտոնն իհարկե այլ առաքելություն չի էլ ունեցել, բայց խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը հեռացող նախագահ է, եւ տրամաբանությունը հուշում է, որ նախագահական աշխատակազմի այսպես ասած ուժեղ լիազորություններն աստիճանաբար պետք է փոխանցվեն խորհրդարան կամ կառավարություն: Բայց «ռեվիզորի» լիազորությունը Սերժ Սարգսյանը ոչ միայն պահում է, այլ այդ պաշտոնին վերադարձնում է փորձառու Հովսեփյանին, ինչը նշանակում է, որ նրա միջոցով պատրաստվում է վերահսկել բոլոր այն տիրույթները, որոնք 2016 թվականի աշնանային պայմանավորվածության արդյունքում հանձնել է Կարեն Կարապետյանին:
Մասնավորապես, խոսքը նաեւ ՊԵԿ-ի մասին է: Առավել եւս, որ Հովսեփյանն առիթ ունեցավ, մի քանի ամիս շարունակ գլխավորելով այդ կառույցը՝ մոտիկից տիրապետել բոլոր նրբություններին եւ մանրամասներին: Հաշվի առնելով, որ Սերժ Սարգսյանը խաղում է մի քանի քայլ առաջ հաշվելով, բացառված չէ անգամ, որ հենց դրա համար էլ Հովսեփյանը գործուղվեց ՊԵԿ, դրսից անտեսանելի հանգամանքներին ներսից լավ ծանոթանալու համար, որպեսզի հետագայում արդեն «ռեվիզորի» վերականգնված կարգավիճակում կարողանա Սերժ Սարգսյանի համար մաթեմատիկական ճշգրտությամբ ներկայացնել առանցքային ոլորտում Կարեն Կարապետյանի գործողությունները: Ի վերջո, զգալիորեն դրանցից է նաեւ կախված, թե որքանով կկարողանա իշխանության համակարգում ազդեցությունն ավելացնել Կարապետյանը:
Ի դեպ, այդ առումով ուշագրավ են ՊԵԿ համակարգի շուրջ վերջին զարգացումները՝ Բագրատաշենի մաքսակետի ղեկավարի ազատումը սեփական դիմումի համաձայն, Բավրայի մաքսակետի ղեկավարի ձերբակալությունը, նաեւ ադրբեջանական խնձորի «մաքսանենգության» աղմուկը:
Ուշագրավ է, որ այդ ամենն էլ ուղեկցվեց ՊԵԿ նախագահի հայտարարությամբ, թե իրենց մեթոդաբանությամբ առկա 48 տոկոս ստվերը անցնող ամիսներին կրճատել են մոտ 15 տոկոսով: Փաստացի, դա հայտարարություն է այն մասին, թե քանի տոկոսով է իշխանությունում ազդեցություն ձեռք բերել Կարեն Կարապետյանը:
Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը վտանգավոր է համարել դինամիկան, հաշվելով, որ մինչեւ 2018 թվական Կարեն Կարապետյանը կարող է վերցնել 50+1 տոկոս:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

armhing

armhing