Լրահոս

Սերժ Սարգսյանն ասել է, որ հավաքած փողը բավական է

 

arm147810094016

lragir.am-Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2-ին խորհրդակցություն է անցկացրել ճանապարհային երթեւեկության կարգավորման եւ վճարովի ավտոկայանատեղիների թեմայով, կամ այլ կերպ ասած` հասարակությանը բավական տեւական ժամանակահատված հուզող արագաչափերի, տեսախցիկների եւ կարմիր գծերի թեմայով:
Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե այդ ամենի ներդրումը չի ունեցել քաղաքացիներից փող հավաքելու նպատակ, այլ թելադրված է եղել ճանապարհային երթեւեկության խախտումները կանխարգելելու մղումով:
Ինչ խոսք, Հայաստանի իշխանությունը լավ է կանխարգելել խախտումները: Դրանց թիվն առանձնապես չի նվազել, տեղ-տեղ ավելացել է անգամ վթարների, ճանապարհային պատահարների եւ դրանց հետեւանքով զոհերի ու վիրավորների թիվը, բայց դրա փոխարեն տասնյակ միլիարդ դրամների եկամուտ է ստացել արագաչափերի եւ տեսախցիկների բիզնես իրականացնող Սեքյուրիթի դրիմ ընկերությունը: Ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների, այդ ընկերությունը պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը` Սաշիկ Սարգսյանին: Իհարկե, ընկերությունը հերքել է այդ պատկանելությունը կամ հովանավորչությունը:
Բոլոր դեպքերում, ճանապարհային պատահարների, զոհերի եւ վիրավորների վիճակագրությունն առանձնապես որեւէ փոփոխության չի ենթարկվել, բայց փոխարենը ինչ որ մեկը ստացել է աշխարհում թերեւս ամենաշահութաբեր բիզնեսներից մեկի հնարավորությունը:
Երբ դրանք սկսեցին կիրառվել, տուգանքների 70 տոկոսը գնում էր այդ ընկերությանը եւ միայն 30 տոկոսը՝ ոստիկանությանը: Հետո իհարկե համամասնությունը փոխվեց` 50/50: Մի փոքր էլ փոխվեցին նաեւ տուգանքի չափերը, բայց միեւնույն է, միլիարդների շահութաբերությունը մնաց, քանի որ վարորդի ամենաաննշան եւ անմեղ խախտումն անգամ «չէր վրիպում» տեսախցիկի կամ արագաչափի աչքից եւ անմիջապես վերածվում վարչական ակտի: Դրան էլ գումարվում էր ԴԱՀԿ «մամլիչը»` քաղաքացիների հաշիվների վրա դրվող արգելանքներով:
Միով բանիվ, Հայաստանի իշխանությունը փաստորեն իրականացնում էր քաղաքացիների հաշվին շատ թանկ վճարվող կանխարգելիչ օպերացիա:
Մեկ այլ գերշահութաբեր բիզնես է այսպես կոչված կարմիր գծերի կամ վճարովի ավտոկայանատեղիների բիզնեսը, որն իրականացնում է Փարքինգ Սիթի Սերվիս ընկերությունը: Ըստ մամուլի հրապարակումների, այն պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջը` Գրիշա Հարությունյանի որդիներին: Գրիշա Հարությունյանն էլ ԴԱՀԿ նախկին պետ, Պանամայում մի քանի հարյուր միլիոն դոլարով օֆշորային սկանդալի մեջ հայտնված Միհրան Հարությունյանի քեռին է:
Այդ ընկերությունն էլ ստանում է կարմիր գծերի համար վճարումների 70 տոկոսը, քաղաքապետարանին փոխանցելով ընդամենը 30-ը: Ինչ է անում ընկերությունը: Գործնականում ոչինչ` քաշում է կարմիր գծերն ու պարտադրում վճարել: Ովքեր չեն վճարում 100 դրամ՝ տուգանվում են 5000 դրամով: Իսկ եթե ոչ, ապա գործը հասնում է ԴԱՀԿ-ին: Չափազանց գրավիչ ներդրումային միջավայր:

Այժմ Սերժ Սարգսյանը փաստորեն ասում է, թե այդ ամենը բավական է:
«Այս խորհրդակցությունը երկու նպատակ ունի: Նախ՝ հասկանալ, թե նախորդ խորհրդակցության արդյունքում ի՞նչ է կատարվել և երկրորդ՝ հայտարարել, որ մեր կարծիքով, մենք եկել, հասել ենք այն փուլին, երբ այդ համակարգերը շահագործող ընկերությունները, կատարելով մեծ ներդրումներ, որոշակի ֆինանսական խնդիրներ են լուծել, և ժամանակն է, որպեսզի ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողմից: Ուրեմն, հանձնարարական կառավարությանը՝ լուծել այս հարցը` բնականաբար, հաշվի առնելով սեփականության անձեռնմխելիությունը ու նաև պետության ու համայնքի շահերը: Ես կարծում եմ, որ լուծումները կան և այդ լուծումները նաև պիտի բերեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Նույն հանձնարարությունը Ոստիկանապետին, Երևանի քաղաքապետին: Եվ ժամկետների առումով, կարծում եմ, որ մեկ շաբաթը կամ տասը օրը բավարար է, որպեսզի համապատասխան բանակցություններ վարվեն և որոշումներ կայացվեն», հայտարարում է Սարգսյանը:
Ինչ որոշումներ են դրվելու Սերժ Սարգսյանի սեղանին, հատկապես սեփականության անձեռնմխելիության սկզբունքի պահպանման պարագայում: Առավելագույնը, ինչի մասին կարող է գնալ խոսքը, հավանաբար կվերաբերի վճարումների համամասնությանը: Ըստ ամենայնի, որոշումները կենթադրեն, որ ֆինանսական հոսքերը կտնօրինեն համայնքները, որոնք ծառայության համար կվճարեն մասնավոր այդ ընկերություններին, եւ հավանաբար կվճարեն հակառակ համամասնությամբ: Օրինակ, եթե նախկինում 70-30 էր, հօգուտ մասնավոր ընկերությունների, ապա նոր որոշումներով հավանաբար կլինի 70-30 հօգուտ համայնքների, կամ 60-40, կամ 80-20: Դա կախված կլինի երեւի թե այն բանից, թե իշխանությունը ինչ եզրահանգման կգա նախընտրական սոցիալական էֆեկտի եւ նախընտրական ֆինանսական անհրաժեշտությունների միջեւ:
Մինչդեռ, հարցը պահանջում է արմատական լուծումներ: Մասնավորապես, Ճանապարհային երթեւեկության մասով իրավիճակը պահանջում է ՃՈ հիմնարար ռեֆորմ եւ պարեկային ծառայության ներդրում: Դա այն ոլորտն է, որտեղ տեխնոլոգիաները պետք է գան մարդկային գործոնը լրացնելու եւ դրա էֆեկտիվությունը բարձրացնելու, ոչ թե այն փոխարինելու` ինչպես Հայաստանում:
Ինչ վերաբերում է կարմիր գծերի բիզնեսին, ապա այստեղ պահանջվում են մի շարք սկզբունքային փոփոխություններ: Այն, որ քաղաքի մի շարք փողոցներում կայանումը կարող է եւ պետք է լինի վճարովի, աներկբա է: Բայց, ամբողջ հարցն այն է, թե ինչ սկզբունքով է այն իրականացվում, ինչպես են որոշվում փողոցները եւ տարածությունները` երբ ներկայում կարմիր գծեր են անգամ այնտեղ, որտեղ դրանք հակասում են ճանապարհային երթեւեկության կանոններին, ինչու՞ է վճարովի կայանատեղիի կազմակերպման իրավունքը տրվում մեկ ընկերության, ինչու՞ է քաղաքացին 100 դրամ չվճարելու համար տուգանվում 5000 դրամով, ինչու է մատուցվում ցածրորակ եւ անպատասխանատու ծառայություն:
Կլուծվե՞ն հարցերը հիմնարար կերպով, թե՞ պարզապես իշխանության համար խնդիրը նախընտրական քարոզչական էֆեկտն է, որն այդքան էլ թանկ հաճույք չէ իշխանության ու մասնավոր որոշ ընկերությունների համար, քանի որ նրանք անցնող մի քանի տարիների ընթացքում բավականաչափ փող հավաքել են հասարակությունից` այդպիսի նախընտրական հաճույք իրենց թույլ տալու համար:

Չմոռանաք միանալ մեր ֆեյսբուքյան էջին 😉


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
loading...

Հրապարակող՝

armhing