Լրահոս

Սերժ Սարգսյանն այլեւս նախագա՞հ չէ

 

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն Արմենպրեսի հարցմանն ի պատասխան փոխանցել է Սարգսյանի վերաբերմունքը Դավթաշենում ծառահատման աղմուկ հանած դեպքի կապակցությամբ:

«Նախագահը վստահ է, որ բոլոր պատկան մարմիններն իրենց պարտականությունները կատարելու են պատշաճ կերպով և այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն», հայտարարե է Վլադիմիր Հակոբյանը:

2014 թվականին հայտարարելով սահմանադրական բարեփոխումների մտադրության մասին, Սերժ Սարգսյանը նաեւ ասաց, թե ոչ մի օր պակաս չի զբաղեցնի նախագահի պաշտոնը, քան սահմանված է Սահմանադրությամբ: Բայց, Դավիթաշենի ծառահատմանը Սերժ Սարգսյանի արձագանքը կասկած է առաջացնում, որովհետեւ առնվազն հարց է առաջանում, թե արդյոք նախագահի մեկնաբանության հարց է Դավիթաշենում կամ որեւէ այլ հատվածում որեւէ ծառահատման հարցը:Այն, որ ծառահատումը հանցագործություն է, ակնհայտ է:

Բայց եթե ծառահատման դեպքին պետք է անդրադարձ ու մեկնաբանություն կատարվի նախագահի նստավայրից, ապա շատ մոտ ապագայում գուցե նախագահի նստավայրից մեկնաբանության արժանանան նաեւ տարբեր բնակարանային գողությունները, փողոցային խուլիգանությունները, ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները:Թե՞ Սերժ Սարգսյանն այլեւս նախագահ չէ եւ փաստացի թողել է պաշտոնը:Ինչ խոսք, որեւէ խնդիր չկա, երբ անգամ ամենաբարձր մակարդակով արտահայտվում է վերաբերմունք վատ երեւույթների հանդեպ:

Տարօրինակն այն է, որ առավել մաստշտաբային խնդիրների վերաբերյալ Սերժ Սարգսյանն իր արձագանքում եւ մեկնաբանություններում այդքան էլ օպերատիվ չէ:Օրինակ, երբ ապրիլի պատերազմից հետո՝ Վիեննայից վերադառնալիս օդանավում նրան հարց ուղղվեց, թե ինչու՞ այդպես էլ չդիմեց հանրությանը, Սերժ Սարգսյանը պատասխանեց, թե ինքը լավ է ճանաչում հանրությանը եւ գիտե, թե հանրությունը երբ ունի իր խոսքի կարիքը:Փաստորեն, Սերժ Սարգսյանը կարծել է, կամ վստահ է, որ Դավթաշենի ծառահատման դեպքում հանրությունն ուներ իր մեկնաբանության կարիքը, այլապես առանց դրա խնդիրը կարող էր վերածվել մի այնպիսի զարգացման, որը կփչացներ խորհրդարանի «անաղմուկ» ընտրության ամբողջ պատկերը:

Մյուս կողմից, Հայաստանում գործնականում դա է նշանակում նախագահական կառավարում, եւ Սերժ Սարգսյանն այդ իմաստով ոչ թե այլեւս նախագահ չէ, այլ լիակատար ամպլուայի մեջ է: Բանն այն է, որ կառավարման սահմանադրական կարգի բացակայության պայմաններում Առաջին դեմքից պահանջվում է տեղյակ լինել ամեն մի ծառից ու թփից:Թող տարօրինակ չթվա, սակայն, եթե օրինակ որեւէ մեկը մի ծառ հատի նախագահի աչքից թաքուն, ապա դա կարող է իր հոգեբանական ազդեցությունը թողնել ամբողջ համակարգի վրա, որտեղ կարող են մտածել, թե արդեն փաստորեն հնարավոր է Սերժ Սարգսյանից «թաքուն» ծառ կտրել:

Իսկ ծառ կտրողը վաղն ավելի լուրջ բաներ կկտրի, կամ կկտրի իշխանության ծառը, կամ այն ճյուղը, որի վրա է նստած Սերժ Սարգսյանը:Հատկապես այժմ իրավիճակը շատ նուրբ է, նկատի ունենալով այն, որ իշխանության ձեւավորման գործընթացը, այսպես ասած 2018-ի ապրիլի խնդիրը մտել է եզրափակիչ փուլ, վճռորոշ տարի, եւ հոգեբանական մանրուքներն անգամ կարող են ունենալ ճակատագրական նշանակություն: Ի վերջո, Սերժ Սարգսյանն անցկացնում է նախագահի ընտրության վերջին տարին, եւ «դե յուրե» նա հեռացող է, այսպես ասած «կաղ բադիկ»՝ ինչպես բնորոշում են հեռացող նախագահներին Արեւմուտքում:

Առանց այդ էլ այդ մթնոլորտում, եթե անպատիժ ծառեր հատվեն, օրինակ, ապա համակարգում կարող են մտածել, որ Սարգսյանը ոչ թե հեռացող է, այլ փաստացի արդեն հեռացել է:Սերժ Սարգսյանի արձագանքը հենց այդ մտորումները ցրելու համար է, հիշեցնելու համար, որ տեղում է, որպեսզի ինչպես հայտարարել է՝ ոչ մի օր պակաս չմնա նախագահի պաշտոնում:

lragir.am



Загрузка...

Հեղինակի մասին

armhing

armhing