Լրահոս

Սերժ Սարգսյանն ազատվեց Խաչատուրովից

 

Եվ այսպես, Հայաստանի ներկայացուցիչը ստանձնեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: Այդ մարդը Յուրի Խաչատուրովն է, որը Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, իսկ հոկտեմբերին ազատվելով այդ պաշտոնից` նշանակվել է ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար: Փաստորեն, այդ պաշտոնում Խաչատուրովը մնաց ընդամենը կես տարի եւ այժմ կգլխավորի ՀԱՊԿ քարտուղարությունը:

Այդ պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի հարցը քննարկվում է դեռեւս 2015 թվականից, բայց հետաձգվում պարբերաբար: Դրա պատճառների վերաբերյալ տեղեկություններն իրարամերժ էին: Կար տեսակետ, թե ՀԱՊԿ անդամները չունեն այդ հարցում կոնսենսուս, կար տեսակետ, թե կոնսենսուս չկա ոչ թե ընդհանրապես Հայաստանի ներկայացուցչի, այլ պարզապես կոնկրետ թեկնածուի հարցում:Թե ում էր Հայաստանը ներկայացրել որպես թեկնածու, պարզ չէր, այդ մասին չէր ասվում հրապարակավ: Մամուլում տեղեկություն եղավ՝ 2016-ի սեպտեմբերին, որ Սերժ Սարգսյանը կառավարության փոփոխությունից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրվելու առաջարկ է արել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Օհանյանը չմանրամասնեց, ստացել է առաջարկ, թե ոչ, սակայն սեպտեմբերի 21-ի շքերթի փորձի ընթացքում ճեպազրույցում հայտարարեց, թե չի գլխավորի որեւէ միջազգային կառույց, եթե անգամ ստանա այդպիսի առաջարկ: Ստացել է, թե ոչ, այդպես էլ մնաց անորոշ:Սեյրան Օհանյանն ու Խաչատուրովը բանակից հեռացան միաժամանակ: Կա տեսակետ, որ Սերժ Սարգսյանն այդպիսով հանգուցալուծեց այն թնջուկը, որ կար նրանց՝ նախարարի եւ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի դիմակայության տեսքով: Չի բացառվում նաեւ, որ խնդիրը դիմակայությունը չէր, այլ ապրիլի պատերազմը: Պատերազմից հետո Սերժ Սարգսյանը պաշտոնանակ արեց ԶՈՒ մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների, եւ ի վերջո կառավարության փոփոխության համատեքստում պաշտոնանկ եղան բանակի երկու առանցքային եւ առաջին պաշտոնյաները՝ նախարարն ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:

Խորհրդարանի ընտրության նախընտրական շրջանում Սեյրան Օհանյանը հայտարարեց, թե ինքը համաձայն չի եղել այդ պաշտոնյաների պաշտոնանկություններին եւ համաձայն չի եղել, որ ապրիլի պատերազմի պատասխանատվությունը պետք է լիներ միայն բանակի վրա:Այդուհադերձ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման առումով ապրիլի պատերազմն ուղղակի թե անուղղակի ունի բավական ընդգծված «ներկայացվածություն»:

Այն էլ թերեւս երկու դրվագով, իհարկե Խաչատուրովի հետ առնչվող: Նախ, պատերազմից կարճ ժամանակ անց համացանցում տեղեկություն հայտնվեց, որ երբ ապրիլի 2-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետին զեկուցել են, որ հակառակորդը գրոհ է պատրաստում եւ կա աննախադեպ շարժ, նա չի ընդհատել իր բիլիարդանոցում բիլիարդ խաղալը եւ ասել է, թե ադրբեջանցիների սովորական գործողություն է:Իրական էր այդ տեղեկությունը, թե ոչ, դժվար է ասել, սակայն դա առավել հետաքրքիր դարձավ ապրիլի պատերազմի մեկ այլ, արդեն պաշտոնական տեղեկության ֆոնին, կրկին կապված Խաչատուրովի հետ:Պատերազմը պաշտոնապես դադարեց Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությամբ: Ընդ որում ուշագրավ էր, որ նախապես որեւէ տեղեկություն չեղավ, թե Խաչատուրովը մեկնում է Մոսկվա հրադադարի հարց քննարկելու: Այդ հանդիպումը, ավելի շուտ հանդիպման մասին տեղեկությունն ընդհանրապես խորհրդավոր էր մի շարք առումներով:

Հատկապես այն, որ հրադադարի կնքման մասին հայտարարվեց այն ժամանակ, երբ պատերազմի «սլաքը» փոխվել էր եւ հայկական զինուժը անցել էր հակահարվածի, մեծ կորուստ պատճառելով հակառակորդին եւ հետ վերցնելով կորցրած դիրքերը: Ալիեւը անգամ հայտարարություն արեց, թե պատրաստ է չկրակել, եթե հայկական ուժերը խոստանան, որ չեն շարժվի առաջ:Մոսկովյան հրադադարի գործոնը բավական բազմիմաստ ընկալում էր ունեցել զինված ուժերի սպայակազմում եւ շատերին էր զարմացրել, թե ինչու՞ կասեցվեց հայկական հակահարվածը: Ավելին, այդ մասին տեսակետը բարձրաձայն արտահայտել է նույնիսկ ռուսաստանցի ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը, որը հայտարարել էր, որ կասեցվեց հայկական զինուժի հակահարվածը:Այն, որ կատարվել էր բավական խորհրդավոր մի բան, մի քանի ամիս անց հաստատվեց Սերժ Սարգսյանի հարցազրույցում: Խոսելով ապրիլի, հրադադարի եւ մոսկովյան համաձայնության մասին, Սերժ Սարգսյանն արել էր տարօրինակ մի հայտարարություն: Նա ասել էր, թե «ես չգիտեմ իհարկե, թե մանրամասն ինչ են խոսել այնտեղ…»:

Եթե Գերագույն գլխավոր հրամանատարը չգիտե, թե պատերազմի թեժ փուլում ինչ է մանրամասն խոսում իր ԶՈՒ ԳՇ պետը Մոսկվայում հակառակորդի ԶՈՒ ԳՇ պետի հետ, ապա ո՞վ պետք է իմանա այդ մասին:Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն այդ հայտարարությամբ որոշակիորեն ակնարկում էր Խաչատուրովի հանդեպ իր մոտ ձեւավորված անվստահությունը:

 

Բացառված չէ, որ այդ անվստահությունն առաջացել է ապրիլի պատերազմից, որովհետեւ մինչ այդ Յուրի Խաչատուրովը Սարգսյանի հենց վստահելիների ցանկում էր:Մեծ հաշվով, կառավարության փոփոխությամբ նրա հեռացումը բանակից եւս այդ անվստահության դրսեւորումն էր, նկատի ունենալով այն, որ 2016-ի աշնանը կառավարության փոփոխությունը լոկ կադրային գործողություն չէր, այլ Սերժ Սարգսյանի համար իշխանության մեջ մի քանի առանցքային եւ անվստահելի ֆիգուրների հեռացում, ստատուս-քվոյի փոփոխություն:Խաչատուրովը դրա արդյունքում հայտնվեց ԱԱԽ քարտուղարի պաշտոնում, ինչը գուցե Սարգսյանի միջանկյալ քայլն էր, մինչ նրան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում տեղավորվելն ու այդպիսով նրանից ազատվելը:Այդ պաշտոնում Հայաստանի ներկայացուցիչն է, բայց այդ պաշտոնը Հայաստանինը չէ: Այդ մասին մի քանի ամիս առաջ ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Շարմազանովն է հայտարարել: Խաչատուրովը ըստ երեւույթին ֆիզիկապես գնաց այնտեղ, որտեղ միշտ եղել է մտովի:

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

lragir.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing