Լրահոս

Սերժ Սարգսյանն ազդարարեց, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ, բայց և խնդրի լուծում չունի. քաղաքական խանդի հետևանքները

 

ay-sa-2-600x400

armlur.am  — ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գրավված գնդի շուրջ իրադարձությունները վերջին օրերին այնքան արագ են փոփոխվում, որ հանրությունը չի հասցնում պարզել, թե ով է հերոսը, ով` հակահերոսը: Մյուս կողմից այս խմորումներն ու վայրիվերումները բազմաթիվ հարցերի պատասխաններ միանգամից տալիս են, որոնք ընդամենը երեք օր, մեկ օր կամ մեկ ժամ առաջ օդում կախված էին: Հուլիսի 20-ի երեկոյան Խորենացի փողոցում կրքերը բորբոքվեցին, եւ ցուցարարների ու ոստիկանների միջեւ բախում սկսվեց: ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին մեծ դժվարությամբ հաջողվեց կրքերը հանդարտեցնել` կանխելով բախումների հետագա շարունակությունը: Հաջորդ օրը պարզվեց, որ բախումները հրահրողների մի մասի գործողությունները «արտոնել էին» «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից եւ վերջիններս էին Նիկոլ Փաշինյանից պահանջել հավաքի կառավարումը հանձնել նրանց: Հուլիսի 21-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց գործընթացին չմիջամտելու իր որոշման մասին` ուժերի ներածին չափով փորձելով կանխել հետագա արյունահեղությունը: Հուլիսի 21-ի երեկոյան Խորենացի փողոցում ընթացող բողոքի ակցիան վերածվեց անհասկանալի մի գործընթացի, եւ ամեն կողմից սկսեցին լսվել կոչեր, որոնք հասցեագրված էին Նիկոլ Փաշինյանին, եւ հեղինակները նրան խնդրում էին վերադառնալ Խորենացի փողոցի հարթակ: Հուլիսի 22-ին Սերժ Սարգսյանն առաջին անգամ անդրադարձավ Երեւանում ստեղծված իրավիճակին: Նա փաստացի ազդարարեց, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ, բայց եւ խնդրի լուծում չունի: Այնուհետեւ խոսեց ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս «Սասնա ծռեր»-ի տղաներին կոչ արեց վայր դնել զենքերը: Իշխանական կոալիցիայի մաս կազմող ՀՅԴ-ն եւս հայտարարությամբ հանդես եկավ՝ կրկին զինյալներին կոչ անելով զենքերը վայր դնել: Հատկանշական է, որ վերը նշված երեք իրադարձությունները լրահոսում հայտնվեցին մեկը մյուսի ետեւից՝ րոպեների տարբերությամբ: Հուլիսի 22-ի երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժամը 20.00-ին կլինի Խորենացի փողոցում եւ ելույթ կունենա: Այդ օրը երեկոյան Խորենացի փողոցն անհամեմատ մարդաշատ էր: Փաշինյանը հայտարարեց Սերժ Սարգսյանի պահանջով քաղաքական գործընթաց սկսելու եւ ցույցերի համակարգման օղակներ ստեղծելու մասին: Մի խոսքով, գործընթացին հստակ քաղաքական իմաստ հաղորդվեց, որի ընթացքում ամենակարեւոր առանցքն այն էր, որ Սերժ Սարգսյանի հրաժարականին պետք է հասնեին բացառապես խաղաղ ճանապարհով, առանց բռնության՝ բաց ձեռքերով: Հուլիսի 23-ի օրվա սկզբից համացանցը սկսեցին ողողել Նիկոլ Փաշինյանին մեղադրող ինչ-որ գրառումներ: Ակնհայտ էր, որ ինչ-որ մարդկանց կամ ուժերի նյարդայնացնում էր բռնությունները բացառելով քաղաքական գործընթաց շարունակելու գաղափարը: «Սասնա ծռերը» եւս հռչակված մարտավարությանը դեմ արտահայտվեցին: Տպավորություն էր, թե իշխանափոխությունն արդեն եղել է, եւ դափնիները «կվայելեր» Նիկոլ Փաշինյանը: Թերեւս դրա համար էլ, ի վերջո, Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ եւ Խորենացու հարթակը տվեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին եւ մի կողմ քաշվեց: Այլ կերպ ասած՝ հարթակը սկսեցին տնօրինել այն մարդիկ, որոնք առանց բռնության քաղաքական գործընթաց հարուցելու գաղափարի հետ ինչ-որ անհաշտություններ ունեն: Նրանք հաճախ այնպիսի ելույթներ են ունենում, որոնք հիմնված են բացառապես չճշտված տեղեկությունների վրա: «Սասնա ծռերի» եւ ՀՀ իշխանությունների միջեւ միջնորդի պարտականություն ստանձնած Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հուլիսի 24-ին լրագրողներին տեղեկացրեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ, կալանքի տակ գտնվող Ժիրայր Սէֆիլյանն ասել է, որ եթե Սերժ Սարգսյանը համաձայնի իր հետ հանդիպել եւ բանակցել, ապա ինքը նրա հետ զրույցում հրաժարականի հարցը չի բարձրացնի: Այս հայտարարությունից հետո այս անգամ էլ Վիտալի Բալասանյանի դեմ քարոզչական գրոհ սկսվեց: Արցախի հերոսի գլխին լուտանքների մի տարափ թափվեց: Այնինչ երեկ պարզվեց, որ Վիտալի Բալասանյանը ճիշտ էր ներկայացրել Սէֆիլյանի ասածները, պարզապես որպես զինվորական, ավելի ուղիղ էր ներկայացրել, քան դա կանեին քաղաքական գործիչները: Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ Խորենացի փողոցում ընթացող գործընթացն այդպես էլ չի վերածվում քաղաքական պրոցեսի: Տպավորություն է, որ հարթակում գտնվողները փաստացի միայն մեկ գործառույթ են ստանձնել` նրանք փորձում են լուծել «Սասնա ծռեր» խմբին հացով, ջրով էլէներգիայով ապահովելու խնդիրը միայն: Նրանք կարծես թե մոռացել են քաղաքական պահանջները, որոնց համար «Սասնա ծռերը» զենք են վերցրել եւ իրենց կյանքը վտանգելով՝ պայքարի այդ ճանապարհով են փորձում անցնել: Նկատենք, որ շուրջ 8 օր հրապարակային խնդրանք-հորդորները որեւէ կերպ տեղ չեն հասնում, եւ Խորենացի փողոցում ցանկալի հոծ բազմություն այդպես էլ չի հավաքվում: Ու եթե վաղը կամ մյուս օրը ՀՀ իշխանությունները որոշեն զենքի ուժով խնդիրը լուծել, ապա դրանում ոչ մի անսպասելի բան չի լինի: Իշխանությունն իր ձեռագիրը չի փոխել, բարեփոխումների մասին էլ միայն գեղեցիկ խոսում են: Իրականում նրանք կացնային քաղաքականությունն են առաջ տանում՝ ձերբակալություններով եւ բերման ենթարկելով՝ դրա համար որպես իրավական հիմնավորում ներկայացնելով զանգվածային անկարգություն հրահրելը: Այսպիսով՝ հերթական անգամ մենք ականատես ենք լինում մի երեւույթի, երբ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ինչ-որ անձինք իրենց խրոխտ եւ ագրեսիվ տոնայնությամբ ամեն ինչ անում են՝ քաղաքական գործընթացները տապալելու եւ ներկա իշխանությունների գոյությունը այդպիսով եկարաձգելու համար, չնայած որ նրանց խոսքն ամբողջությամբ իշխանությունների դեմ է, բայց գործողությունները՝ անհասկանալի ու չծրագրված: Դրա համար էլ 8 օր է՝ մենք չունենք հանգուցալուծում երկկողմանի. ո՛չ իշխանությունը գիտի՝ ինչ անել, ո՛չ ընդդիմությունը: ՓԱԿՈՒՂԻ Է:

 

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

loading...

Հրապարակող՝

newhing

newhing