Լրահոս

Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ

 

news.am – Հանրապետության նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ:

Սարգսյանի օգտին է քվեարկել 77, դեմ է քվեարկել 17 պատգամավոր: Նշենք, որ նիստի մեկնարկին գրանցվել էր 91 պատգամավոր:

Նշենք, որ Սերժ Սարգսյանին առաջադրել էին ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխություններով պայմանավորված առաջին անգամ է, որ վարչապետին խորհրդարանն է ընտրում:

Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների եւ նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին եւ նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում եւ որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:

Նշենք, որ նոր օրենսդրական կարգավորումներով կառավարությունը բաղկացած կլինի վարչապետից, առաջին փոխվարչապետից, երկու փոխվարչապետին եւ 17 նախարարներից։ Ներկայումս նախարարների թիվը 18 է, կրճատվելու է Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարությունը։

Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են Կառավարության անդամների առնվազն երկու երրորդը։ Լիազորությունները ստանձնած կառավարության անդամները երդվելու են ՀՀ նախագահի ներկայությամբ՝ նրա նստավայրում։

Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ավարտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը եւ նույն օրը ԱԺ հատուկ նիստում Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանն ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները: Նույն օրը կառավարությունը հրաժարական է տվել:



Загрузка...

Հեղինակի մասին

hing.am

hing.am