Լրահոս

Սերժ Սարգսյանն ինքն իրեն չի կարող վարչապետ նշանակել

 

Րաֆֆի Հովհաննիսյանը օրերս կոչ արեց «կանխել կուսակցապետության ստեղծումը» եւ պայքարել, որ Սերժ Սարգսյանը 2018-ից հետո վարչապետ չդառնա:

«Վտանգը կանխելու համար» «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն ընդդիմադիրներին կոչ արեց համախմբվել։ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագրի խափանման հայտարարություն է արել նաեւ Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սսարգսյանը:

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը ողջունում է այս գաղափարը, սակայն կարծում է, որ այն իրական արդյունքի չի հանգեցնի:

Պարոն Արշակյան, ինչպես եք արձագանքում նման կոչերին, կմիանաք Սերժ Սարգսյանի վարչապետության ծրագիրը խափանող ակցիաներին:

-Մեկ անգամ եւս պետք է կրկնեմ, որ Սերժ Սարգսյանը ինքն իրեն չի նշանակել նախագահ, եւ ինքն իրեն չի կարող նշանակել կամ չնշանակել վարչապետ, իրեն կնշանակեն, կլինի վարչապետ, չեն նշանակի, չի լինի: Իր բոլոր հայտարարությունների իմաստը դա է, որ ես չեմ որոշողը:

-Ո՞վ պետք է նշանակի:

-Ցարը: Պուտինը կհրամայի, Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ, կհրամայի դառնալ պաշտպանության նախարար, կդառնա պաշտպանության նախարար:

Գործընթացները հուշում են, որ նա էլ դառնալու է, կարող է ժողովուրդը ազդեցություն ունենալ այդ որոշման վրա եւ խափանի այն:

-Ժողովուրդը ընդամենը կարող է կամքը հայտարարել, որ չենք ուզում, բայց շատ կարեւոր է, որ ժողովուրդը հայտարարի: Մի հայ վարորդ վթարի ենթարկեց եւ մահացան 18 մարդ, մի 18 հոգու էլ դարձրեց հաշմանդամ, խոսքս Հրաչյա Հարությունյանի մասին է: Սա դժբախտ պատահար էր եւ պետք էր, որ սուսուփուս անցներ, որովհետեւ բազմաթիվ այդպիսի պատահարներ են լինում: Բայց Հրաչի նկատմամբ վերաբերմունքը, այդ խալաթը առիթ դարձան, որպեսզի համազգային ընդվզման ակցիա կազմակերպվի: Մենք բոլորս հասկանում ենք, որ այն վարորդը, որը 18 հոգու է սպանել, այդքանի էլ դարձրել հաշմանդամ, չի կարող հերոս լինել, նրա նկատմամբ ընդամենը դասական մարդասիրական վերաբերմունք պետք է լիներ, մինչդեռ այստեղ նա հերոս է դարձել:

Ուրեմն պատկերացրեք, թե հասարակությունը ինչքան հակառուսական տրամադրություն ունի, որ էդ մարդուն աջակցություն է ցույց տալիս, նա էկրաններից ու մամուլից չի իջնում: Կամ Ավետիսյանների դաժան սպանությունը դարձավ միջազգային հարաբերությունների խզման պահանջի առիթ: Ուրեմն սրանից էլ կարելի է ենթադրել, թե ինչ վերաբերմունք պետք է ցույց տալ ռուսական դրածո պաշտոնյայի դեմ: Թեպետ մենք ճար չունենք, տեսանք՝ ինչպես վերցրեցին ու տարան Պերմյակովին:

-Այսինքն ընդամենը բարոյական տեսանկյունից բողոքի ձայն պետք է բարձրացնել, որը արդյունք չի տալու:

-Չէ, իհարկե, այդ ակցիաները արդյունք տալիս են, Պերմյակովից հետո Հրաչին հերսի պես դիմավորեցին, հիմա էլ ուզում են շուտ ազատ արձակեն, իսկ եթե այդ պատահարը նա Հայաստանում արած լիներ, կպահանջեին ցմահ բանտարկություն: Այդ զոհերի հարազատները ցույցեր կանեին: Բայց քանի որ Ռուսաստանում է եղել, ասում են ազատեք, հերոս տղա է, խալաթ են հագցրել:

Հետեւաբար թե Րաֆֆի Հովհաննիսյանը, թե Ելք-ը այսպես կոչված բաց դարպասներից ներս են մտնում, սա հարմար պրոպագանդիստական ակցիա է կուսակցությունների համար: Այդուհանդերձ, ես պատրաստ եմ նրանց աջակցել, բայց դա պրակտիկ արդյունք կունենա, թե չի ունենա…

Չնայած ասացի, որ հետեւանքներ անպայման ունենում է, ով չի հավատում, թող նայի Հրաչյա Հարությունյանի դեպքը, ոչ մի հայրենասիրական ակցիա հենց այնպես չի անցնում:

Անի Սահակյան

Մանրամասն սկզբնաղբյուրում՝

hayeli.am

Միացեք մեր ֆեյսբուքյան էջին և հետևեք ամենաուշագրավ նյութերին


Կիսվիր ընկերներիդ հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և ոչ միշտ են համընկնում ՀԻՆԳ.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Загрузка...

Հրապարակող՝

armhing

armhing